• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Հրատարակչություն
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Հրատարակչություն
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հեռացումի խոսքեր... Եղիշե Չարենցի հինգ բանաստեղծություն անդառնալիության մասին

Հեռացումի խոսքեր... Եղիշե Չարենցի հինգ բանաստեղծություն անդառնալիության մասին

Այն, որ ե՛ս էի, որ ի՛մն էր առաջ,
Արդեն չի հառնի և ոչ մի գրքում
Եվ ո՛չ մի գրքում՝ աշխարհում գրած,
Եվ ո՛չ մի գրքում, և ո՛չ մի գրքում...
 
Եղիշե Չարենցի 1936 թվականին գրված «Անվերնագիր»  բանաստեղծության եզրափակիչ այս տողերում բանաստեղծը խոսում է ժամանակի անդառնալիության  և իր կյանքի անկրկնելիության մասին։ Այս թեման բանաստեղծի ստեղծագործության մեջ ի հայտ է գալիս ստեղծագործական առաջին տարիներից սկսյալ և իր նոր հանգրվանն է  գտնում կյանքի վերջին գրված այս գործում։ Ի տարբերության ավելի վաղ անդրադարձների, բանաստեղծն այստեղ չի խոսում միայն  անցնող ժամանակի, անցյալի ու ներկայի հարաբերության, սիրո կորստի կամ մահվան մասին․  նրա համար էական է ավելի մեծ խնդիր. մարդու ապրած կյանքը, նրա անցած ժամանակը, ապրումները, հանդիպումները, սիրո և երջանկության պահերն իրականում  չեն վերականգնվում ամբողջությամբ կամ նույնությամբ նույնիսկ հիշողության կամ գրականության միջոցով։ Այստեղ պարադոքս կա․ Եղիշե Չարենցը գրի միջոցով փորձում է պահպանել անցյալը, բայց միաժամանակ ընդունում է, որ գիրն անզոր է վերադարձնելու այն մարդուն, որը ստեղծել է այդ գիրը։ Ըստ այդմ էլ՝  գրականությունը կարող է պահպանել հիշողությունը, բայց չի կարող վերակենդանացնել մարդու ժամանակը։ Մարդն այլևս չի կարող վերադառնալ իր նախկին վիճակին, նույնիսկ եթե վերապրում է այն հիշողության մեջ։ Մարդը հեռանում է ոչ միայն իր անցյալից, այլև անցյալում եղած ինքն իրենից։ Նա այլևս այն մարդը չէ, որն ապրում էր այդ օրերը։
Այս բանաստեղծությունը կարելի է կարդալ նաև որպես մտորում գրականության հնարավորությունների և սահմանների մասին։ 
Կյանքի անդառնալիության բանաստեղծական մոտիվի այս  նրբերանգը  հատկապես ուշագրավ է նախորդ շրջանի բանաստեղծությունների համատեքստում, որտեղ կյանքի անցողիկության ու գրի մեջ հավերժացման գաղափարներին բանաստեղծն այլ կերպ է մոտենում։ Ներկայացնում ենք  Ե․ Չարենցի՝ այս մոտիվները պարունակող հինգ բանաստեղծություն, որտեղ  իրացվում են անցյալի անդառնալիության, անձնական կենսափորձի անկրկնելիության և հիշողության սահմանների մոտիվները։

 

Իմ անցած օրերի պես...

 

Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ,
Հնացել եմ ես.
Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Հեռացել ու անցել եմ —
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է
Կրակները հին: —
Ախ, գիտեմ, որ այդ դո՛ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր.
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:
Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսում է
Իմ հոգին հուզել —
Ես կարծես ծերացե՜լ եմ,
Ծերացել ու դարձե՜լ եմ
Ու նորի՜ց երազել եմ
Կարոտանք ու սեր…

1919-1920

 

Օրերը, որ գնացին, չե՜ն դառնա հիմա
 

Օրերը, որ գնացին, չե՜ն դառնա հիմա:
Օրերը մեզ բերեցին մենություն ու մահ:

Տխրություններ, որ կյանքում այս` անուն չունին.
— Մո՛ւթ էր տագնապը հոգուս, ու կարոտը՝ հին:

Դաշտերի մեջ երկրային, հեռավոր ու մոտ,
Մեզ չէր ժպտում ո՜չ մի լույս ու կրակ աղոտ:

Չգիտեիր, սի՜րտ իմ, որ` խավարում հեռվի
Պետք է երկրի՜ կրակով քո հեռուն վառվի:

Բռնկվել է, սի՜րտ իմ, տե՜ս, քո հեռուն հիմա —
Շուրջդ խավար է սակայն, ու մշուշ, ու մահ...

1919-1920

 

Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած...

 

Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած,
Լուսազարդ ու թևավոր օրերս հին ու անցած։

Եվ թվում է, թե նոքա կարկաչելով պիտի գան—
Մանուկների նման հուր — օրերս հին ու անցած։

Բայց գալիս են նոքա լո՜ւռ, ու հոգնաբեկ, ու տխուր,
Անցորդների պես մոլոր — օրերս հին ու անցած։

Պանդուխտների նման այն, որ հեռացել են վաղուց —
Տուն են դառնում նորից նոր — օրերս հին ու անցած։

Եվ նստում են, հոգնաբեկ, ահա սրտիս վրա ծեր
Ու հորանջում են տխուր — օրերս հին ու անցած։

Եվ չեն կանչում ոչ-ոքի. մտորում են ու լռում.—
Քո՜ւն են փնտրում ու անդորր — օրերս հին ու անցած։

 

Գիտեմ, որ մի օր կմեռնեմ ես էլ...

 

Գիտեմ, որ մի օր կմեռնեմ ես էլ
Ու կվերջանա իմ կյանքի ուղին:
Մոռացած բոլոր երգերս լուսե՝
Կհանձնեն ինձ էլ արգավանդ հողին:

Արևը նորից անհոգ կխնդա՝
Փռելով չորս դին լուսավոր գանձեր:
Եվ մայրս անգամ էլ չի՜ հավատա,
Որ եղել եմ ես, ապրել ու անցել:

Եվ գերեզմանս երբ փակվի ինձ հետ —
Մեղքս կմոռնան, սիրո խոսք կասեն, —
Եվ անցած կյանքս կդառնա լեգենդ՝
Օրերիս նման անդարձ ու վսեմ...
1916

 

Հեռացումի խոսքեր

 

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի – բայց երգս կա, կապրի դեռ:

Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս։
Երգերիս մեջ – դու գիտե՞ս – ինձ ոչ ոք չի ճանաչում,
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս։

Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:

Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում – ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան…

Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ։

Գուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան…
– Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…

1917

Hayk Hambardzumyan

27.11.2026

Հայկն ասաց

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Հրատարակչություն
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.