«Քոչվորների երկիր»(«Nomadland») ֆիլմի 2020-2021 թթ․ հաղթարշավից հետո համաշխարհային կինոյի արդեն նշանավոր դեմքերից մեկը՝ Քլոե ժաոն (Chloé Zhao) ներկայացնում է «Համնետ»-ը («Hamnet»)։ Պրեմիերայից հետո այն արդեն հասցրել է մի շարք մրցանակների արժանանալ (Ոսկե Գլոբուս՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Ջեսի Բաքլիին, «Լավագույն բրիտանական ֆիլմ»՝ Բաֆտայում) ու առաջադրվել 2026 թվականի Օսկարի մի շարք անվանակարգերում։ Ֆիլմը կարելի է զավակ կորցրած կնոջ հոգեբանական դրամա համարել, կամ նշանավոր մարդու՝ Ուիլյամ Շեքսպիրի պարականոն կենսագրություն։ Կարող է թվալ, որ այն փորձում է լույս սփռել Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործության՝ «Համլետ» ողբերգության ստեղծման դրդապատճառների վրա կամ արձանագրել անձնական ողբերգությունների դերը մեծ արվեստի ստեղծման գործում։ Գուցե, ֆիլմի ընկալումները կարող են տարբեր լինել։ Այս ամենով հանդերձ, սակայն, ինչպես և «Քոչվորների երկիր»-ը, սա առաջին հերթին ֆիլմ է կնոջ ճակատագրի ու նվիրագործման մասին։

Վհուկը, անտառի աղջիկը, կինը և մայրը
«Համնետ»-ում գլխավոր հերոսուհին, ինչպես պարզվում է հետագայում՝ Շեքսպիրի կինը՝ Էնն Հեթուվեյը, ի սկզբանե պատկերվում է անտառում՝ հեքիաթների նախասիրած կախարդական միջավայրում, հմայական որոշակի գործողությունների մեջ։ Այստեղ էլ ծանոթանում է լատիներենի ուսուցիչ ապագա ամուսնու հետ։ Այտեղից էլ սկսվում է անտառի աղջկա զարգացում-անցումը՝ բնության չկանոնակարգված միջավայրից դեպի սոցիալական կարգ, «վհուկի» կիսամարգինալ դիրքից՝ դեպի ընտանիք ու մայրություն։Մայրությունը դառնում է ոչ միայն կենսաբանական, այլև խորհրդանշական հասունացում։ Հենց այդ կարգավիճակում էլ նա բախվում է մեծ կորստի, որը կտրուկ փոխում է նրա ինքնությունը։
Այս անցումն ակնհայտորորեն զուգահեռելի է աղջիկների անցումային կամ նվիրագործման ծեսերին, որոնց արձագանքները կարող ենք տեսնել բանահյուսական ու գրական շատ հեքիաթներում՝ սկսած «Կարմիր գլխարկից», մինչ «Ջրահարսը»։ Ու բոլոր հեքիաթներում էլ այս անցումը արտահայտվում է թվացյալ երջանկության փոխարեն ազատությունը զոհելով, դերերի ու էության փոփոխությամբ, ընտրություն ունենալու և իրավիճակը վերահսկելու կարողության պատրանքների փլուզմամբ։

Զոհաբերություններ
Տարբեր անցումները, դերափոխությունը ֆիլմի թեմատիկ ու խորհրդանշական առանցքն են կազմում։ Ինիցիացիոն-անցումային ծեսերի արձագանքները միահյուսվում են երկու հայտնի առասպելական սյուժեների հետ՝ երկվորյակների ու մահվանը խաբելու կամ զոհի փոխարինման։ Ինչպես շատ առասպելներում է, սրբազան երկվորյակները կապված են միմյանց անտեսանելի հոգեբանական կապերով։ Ֆիլմում երկվորյակ երեխաների՝ Համնետ-Ջուդիթ զույգը հենց այս առասպելական հինավուրց պատկերացումներ կրողն է։ Ըստ այդմ էլ՝ նրանց միասնությունը նույնիսկ մահվանը կարող է շփոթեցնել։ Սակայն, մահն այդուհանդերձ պետք է տանի իր զոհին և Համնետը գիտակցաբար իր կյանքը առաջարկում է քրոջ կյանքի փոխարեն։ Սա շարունակում է զոհաբերությունների թեման, որը սկսվել է մորից․ Ագնեսը իր ազատությունը զոհաբերում է հանուն ընտանեական երջանկության, Համնետը կյանքը՝ հանուն քրոջ։ Իսկ ի՞նչ է զոհաբերում հայրը՝ Շեքսպիրը։

Ամեն ինչ հանուն արվեստի
Ստացվում է այնպես, որ Շեքսպիրը ֆիլմում կարծես թե ոչինչ չի զոհաբերում, այլ ընդհակառակը, բոլոր զոհաբերությունները լինում են հանուն նրա մեծ ողբերգության՝ «Համլետի» ստեղծման։ Բայց սա դատավճիռ կամ քննադատական եզրակացություն չէ, քանի-որ մեծ արվեստը բժշկում է ու ամոքում թե՛ ստեղծողի, և թե՛ հանդիսատեսի վիշտն ու կորստի ցավը։ Ֆիլմի եզրափակիչ դրվագներում հերոսուհին սկզբում հիասթափվում է իր որդու պատմությունը բեմում չտեսնելով, սակայն հասկանում է, թե որդու կորստի տառապանքները ինչպիսի ստեղծագործության են ծնունդ տվել։ Այն գուցե ճշգրտորեն չի պատմում իր տղայի մասին, սակայն, նրա մասին հիշողությունը անձնականից դարձնում է տիեզերական ու հավերժորեն մնում մարդկության հիշողության մեջ։ Բեմի վրա հայրը արվեստի հրաշքով կենդանացնում է որդուն, իսկ ինքը թաքնվում Համլետի մահացած հոր ստվերի կերպարում, ըստ էության ցույց տալով իր հոգեվիճակն ու որդու կորստի ցավը։

Մահը հնարավոր չէ շրջանցել, բայց․․․
Եթե առասպելներում մահվանը փորձում են հաղթել խորամանկությամբ, ինչպես Սիզիփոսը, ապա «Համնետ»-ում այդ փորձառությունը վերաիմաստավորվում է արվեստի, ի մասնավորի թատրոնի համատեքստում։ «Համլետ» ողբերգությունը ֆիլմում ընկալվում է որպես հիշողության ձև, իսկ բեմը մի տարածք, որտեղ բացակա հերոսը նոր մարմնավորում է ստանում։ Այս մասին է վկայում նաև Համնետ ու Համլետ անունների նմանությունը։ Կորցրած կյանքը շարունակվում է կերպարի միջոցով։ Ֆիլմն իր երեք մակարդակներում ՝ առասպելական (երկվորյակներ ու մահվանը խաբելու փորձ), հոգեբանական (մայրական վիշտ) և մշակութային (արվեստը որպես հակազդեցություն մահվանը) ցույց է տալիս, որ մահը հնարավոր չէ շրջանցել, կամ հաղթել նրան հմայական զորություններով, բայց հնարավոր է նրան հակադրել հիշողությունը ու այն արտացոլող արվեստի մեծ ստեղծագործությունը։

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան