• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հրկիզելով Ագռավաքարը․  Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի նոր հրատարակությունը

Հրկիզելով Ագռավաքարը․ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի նոր հրատարակությունը

«Զանգակ» հրատարակչությունը վերահրատարակել է անկախության շրջանի հայ գրականության ամենից նշանակալից վեպերից մեկը՝ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»։ Վեպը հեղինակի երկարամյա ուսումնասիրության ու աշխատանքի արդյունք է և առաջին անգամ լույս է տեսել նրա մահից հետո՝ 2014 թվականին։

 

Երկար ճանապարհ դեպի էպոս

 

Գրողը էպոսին մոտենում էր աստիճանաբար, ինչը արտահայտվում էր նրա մինչ այդ գրված գործերում էպոսին ակնարկների ձևով։ «Սասնա ծռեր» էպոսին, այն կազմող վիպական մոտիվներին, կամ դրանց հիմքում տեսանելի առանձին առասպելներին  բազմաթիվ հղումներ, ուղղակի մեջբերումներ, հիշատակություններ կան Լևոն Խեչոյանի վեպերում, տարբեր պատմվածքներում, հարցազրույցներում։ Ի մասնավոր «Խնկի ծառեր» (1991 թ․) վիպակում և երկու  վեպերում՝ «Արշակ  արքա, Դրաստամատ ներքինի» (1994), «Սև գիրք, ծանր բզեզ» (1999 թ․) կարող ենք տեսնել ազգային դյուցազներգությունը նոր վիպական տարածք բերելու միտումները։ Մի առիթով խոսելով իր «Խնկի ծառեր» վիպակի ստեղծման հանգամանքների մասին՝ Լ․ Խեչոյանը նշում է․ 

«Չընկնելու համար իմ նախնիների հետ հանդիպեցի, նրանք բարեհաճ գտնվեցին, եկան, ձեռքիցս բռնած՝ անդունդի վրա բացված մազե կամուրջով անցկացրեցին: Արդյունքում «Խնկի ծառեր» վիպակը  գրվեց, այնտեղ մի ես՝ մի հերոս կա, որ բոլոր սերունդների հետ ապրում, ոչ մեռնում է, ոչ էլ ծերանում՝ ինչպես ժամանակը: Որ  դիտենք, էպոսի Մհերը կերևա, թե արևամուտի մեջ ինչպես էր  մենամարտում Աստծո հրեշտակի հետ, իսկ քիչ հեռվում՝ ծփացող Վանա լճի վրա, ձկնորսներն իրենց գործին, ծնկները նավակների կողերին հենած՝ ուռկաններին էին նետում ալիքազարկ ճերմակ ջրերը…Անգամ Աստծո հրեշտակի հետ պատերազմելուց հետո, չպարտված փակվել էր Ագռավաքարում, այնտեղ է ՆԱ՝ Հայոց Ավետարանը»։

Այս պատկերավոր ու գաղափարական մեծ ծանրաբեռնվածություն ունեցող խոսքում արդեն տեսանելի են հեղինակի մոտեցումներն ու էպոսին անդրադարձի սկզբունքները։ Ի մասնավորի Փոքր Մհերի ճյուղի՝ որպես Ավետարան, այսինքն՝ աստվածային խոսք ու պատգամ ընկալումը։ Բայց աստվածային լինելով հանդերձ, Մհերը նաև շատ մարդկային է․

«Մհերը դարեր շարունակ հավերժորեն աշխարհ վերադարձող, հոգնած, միայնակ մարդն է, ամեն գալուց իր փրկությունն է նորից որոնում: Նրա քարանձավ մտնելը կնոջ արգանդի մեջ սաղմի երբեմնի պաշտպանվածության հիշողությունն է, արդեն հողագունդը ոտքի տակ պատռվող, մշտնջենական խավարում խարխափող, միայնակ մարդու ուղեղում արթնացած, կնոջ արգանդը վերադառնալու կարոտը...», -կարդում ենք  «Սև գիրք, ծանր բզեզ» վեպում։

 

Անցյալն ու ներկան

 

Աստվածայինի ու մարդկայինի, առասպելի ու իրականության, հերոսական ոգու ու մանկական նեղացկոտության, հերոսական անցյալի ու ողբերգական ներկայի, ճգնաժամի ու վերածննդի ընկալումների մեջ էլ Լ․ Խեչոյանը ներկայացնում է ազգային էպոսի ամենից հակասական կերպարին։  «Մհերի դռան գիրքը»  թեև էպոսի գեղարվեստական մշակում չենք կարող համարել, սակայն այստեղ մեր ազգային դյուցազնավեպը ներկայացվում է  ոչ միայն հայտնի հիմնական գծերով, այլև ամբողջ հարստությամբ՝  բանավոր տարբերակներով, գրական մշակումներով և ուսումնասիրություններով։ Այստեղ հեղինակը,  ի տարբերություն իր նախորդ անդրադարձների,  ոչ թե էպոսն օգտագործում է որպես գեղարվեստական տիպականացման միջոց, հիշատակում է էպոսի առանձին հերոսների կամ մոտիվներ, այլ գրում է  ամբողջական վեպ էպոսի թեմայով: Ավելին, նա դա անում է ժամանակակից իրականությունը պատկերող դիպաշարին զուգահեռ՝ ստեղծելով  երկրորդ ինքնուրույն պատում, որը ներկայացնում է ենթադրաբար միջնադարյան Հայաստանի կյանքը, կամ ավեի ճիշտ էպոսի աշխարհը։ Սակայն, հեղինակը չի հակադրում էպիկական ու արդիական ժամանակները, այլ դրանք դիտում է  ժառանգորդական կապերի մեջ․  անցյալում է  գտնում  ներկայի ողբերգությունների սկիզբն ու ազգային մտածողության հակասությունների արմատը։ 

 

Առասպել, թե ավետարան

 

Ո՞վ է Մհերը, ի՞նչ է Ագռավաքարը, ինչո՞ւ և ինչպե՞ս է այն ազդել  ու այսօր էլ անդրադառնում  հայ ժողովրդի ազգային ճանապարհի և ինքնության վրա, արժե՞ սպասել Մհերի վերադարձին ու արդյոք նա կբերի՞ հայի փրկությունը։  Վեպի էպոսագետ հերոսը տարբեր տեքստերում ու երազներում փնտրում է Մհերին, փորձում հասկանալ նրա էությունը։ Նա փորձում է հիմնավորել, որ «Սասունցի Դավիթը» ոչ թե առասպել է կամ հեքիաթ, այլ՝  «հայր նախնիներից մեզ հասած սահմանադրության, հավատամքի սրբազան գիրք» , որին պետք է մոտենալ ակնածանքով ու  բացահայտել թաքնված ուղերձները։ Փոքր Մհերի հեռացումն ու դատապարտվածությունը հեղինակը  բացատրում է  ինչպես հոգեբանական, այնպես էլ որոշակի պատմական ու սոցիալական իրավիճակով:  Մհերի կերպարն ու Սասունի քաղաքական լարված իրավիճակը զուգահեռվում են 2000-ականների Հայաստանի քաղաքական իրականության նույն տիպի դրսևորումներին: Երկու դեպքում էլ ժողովրդի պահանջները սոցիալական ու քաղաքական են, երկու դեպքում էլ՝ իշխանություններն ասում են, որ իրենք այլընտրանք չունեն, իսկ Մհերն, գուցե նաև ազգային ոգին կամ գաղափարախոսությունը, ընդամենը մի հին առասպել են։  Վեպի ժամանակակից հերոսը ամբողջապես վերապրում է Փոքր Մհերի միայնությունն տառապանքներն, ի վերջո հայտնվում է Մհերի դռան առջև․ 

 «Մերկ, բենզինի մի շշով հայտնվել էի Ագռավաքարի դիմաց: Գիտեի՝ միայն նրա հետ հանդիպելով, միայն այդպես էր հնարավոր ազատագրվել տարիներ շարունակ հյուծող ու մաշող ստրկությունից. երկուսիցս մեկը՝ կամ ինքը, կամ ես պիտի կործանվեինք: Եթե չցանկանար երևալ, որոշել էի կռվել. հրդեհ էի գցելու Ագռավաքարի ներսը, հրկիզելու էի նրան, ինչ գնով էլ լիներ դուրս էի հանելու, որևէ հնարով հանդիպելու էի»։

Իսկ թե, ի վերջո, հերոսը դուրս կբերի քարայրից իր էպիկական կրկնօրինակ Մհերին, թե՞, այդուհանդերձ, կհրդեհի հայկական ազգային գաղափարախոսության հանգրվաններից ու խորհրդանշաններից մեկը՝ Ագռավաքարն ու ոչինչի չի գտնի, կարելի է իմանալ, եթե կարդալ այս անչափ հետաքրքիր ու տպավորիչ վեպը։  

Hayk Hambardzumyan

27.02.2026

Հայկն ասաց

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.