• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Մոկաց Միրզա. «Սասունցի Դավթի լսած երգը...»

Մոկաց Միրզա. «Սասունցի Դավթի լսած երգը...»

     Կոմիտասի բանահյուսական նյութերի գրառումների մեջ, բացի քնարական ժողովրդական երգերը, կան նաև էպիական, հերոսական բնույթի երգեր: Դրանցից առավել հայտնի է «Մոկաց Միրզա»  երգը: Այն պատմում է մոկացի Միրզա անունով իշխանի մասին, որին   Կոլոտ փաշան  հրավիրում է հանդիպման ու հյուրասիրում թունավորված ձմերուկով: Վերադարձի ճանապարհին Միրզան մահանում է: Ըստ այդմ էլ` երգն ըստ էության  Միրզայի գովքն է ու նրա մահվան ողբը: Ողբի ու գովքի միահյուսմամբ էլ ավանդաբար ստեղծվել են էպիկական, հերոսական երգերը և էպոսները: Ըստ այդմ էլ այս երգը շատ ընդհանրություններ ունի «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության հետ: Ինչպես և մեր էպոսի գլխավոր հերոսը՝ Սասունցի Դավիթը, Մոկաց Միրզան քաջ է, օժտված ներքին ու արտաքին բարեմասնություններով: Ժողովուրդը սիրում և հպարտանում է նրանով, գովերգում նրան: Բովանդակային այս գիծը հերոսականություն ու առնականություն է հաղորդում երգին, հերոսի մահվան ողբից այն վերածելով դյուցազներգության: Երգի մեղեդին շատ ընդհանրություններ ունի «Սասնա ծռեր» էպոսի երգային հատվածների հետ: Կոմիտասը հիանում էր այս երգով, նրա առնական, դարերի խորքից եկող հեթանոսական շնչով և հաճախ կատարում այն.

 

«Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ՝ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացած էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:

– Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…»,-հիշում է Ավետիք Իսահակյանը:

 

Բարեբախտաբար պահպանվել է այս երգի Կոմիտասի հիանալի կատարման ձայնագրությունը: Վայելենք երգն ու ընթերցենք ամբողջական բնագիրը.

 

 

Օրն էր ուրբաթ,

Լուս ի շաբաթ,

Գյաշտ էրիր ենք Մալաքյավեն.

Թըղթիկ մ’էկավ Ջըզիրու քաղքեն,

Առին, բերին Մալաքյավեն,

Տվին ի ձեռ Մոկաց Միրզեն:

 Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն:

 

Առեց, կարդաց քաղցրիկ լեզվեն,

Էրավ մաղդեն,

Շըլեց աչքեր, կախեց չանեն,

Քաղվավ գույն կարմիր երեսեն:

 Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն:

 

Կանչեց, ասավ յուր մշակին,–

Դո՛ւս քաշի Բոզ-Բեդավին,

Վըրա դըրեք թամքը սադաֆին,

Սաֆար կերթամ չուր Ջըզիրեն:

 Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն:

 

Գնաց, հասավ չուր Չամբարեն,

Խաթուններ թափան փանջարեն.

Թափան Մոկաց Միրզի թամաշեն,

Չըկեր յուր նըման բոլոր դունիեն:

 Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն:

 

Գընաց, հասավ չուր Ջըզիրեն,

Եկան, ժողվան քաղաք զըմեն.

Մոկաց Միրզեն՝

Կարժեր քաղաք զըմեն:

 Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն:

 

Խեր չըտեսներ Կոլոտ Փաշեն.

Բաժն էր կոլոտ, բըրչամ երկեն.

Կանչեց Մոկաց Միրզեն,

Տարավ յուր օդեն:

 Բեմուրադ կեներ Կոլոտ Փաշեն:

 

Առեց փարեն, իջավ շուկեն,

Ետու, առեց մեկ բաշըլեն,

Առեց, բերավ, դանակ դեղեց մեկ երեսեն,

Կաժեց՝ կաժ մ’ինք կերավ,

Մեկ ետու՝ Մոկաց Միրզեն:

  Բեմուրադ կեներ Կոլոտ Փաշեն:

 

 Հեծավ զձին Մոկաց Միրզեն,

 Քամեց մաղդեն.

 Շըրջավ բալակ աչքեր, կախավ լամեն.

 Թափավ մըրուսեն,

 Թափավ մազեր կարմիր երեսեն,

 Թափավ բեղեր նազիկ պըռկեն,

 Թափավ դեղին ջուր սիպտակ լեշեն:

   Բեմուրադ կեներ Կոլոտ Փաշեն:

 

Եկանք, հասանք չուր Խընկու դարեն.–

Բարով հասանք չուր Խընկու դարեն.–

Տեսանք ժուռ ժուռ նաշը ներքուց բերեն:

 Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն,

 Բեմուրադ կեներ Կոլոտ Փաշեն:

 

Եկանք, հասանք չուր Բըռնաշեն.–

Բարով հասանք չուր Բըռնաշեն:–

Կուժն ու կըթխեն կապած նաշեն՝

Պուտ պուտ արյուն թափեր գետին:

 Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն,

 Բեմուրադ կեներ Կոլոտ Փաշեն:

 

Խաբար տարեք Մալաքյավեն.

Թող խաղա հանաղեն,

Թող խաղա ջանաղեն:

 Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն,

 Բեմուրադ կեներ Կոլոտ Փաշեն:

 

Խաբար տարեք Մալաքյավեն,

Խաբար տվեք Բերդի խաթունին.

Թող գա վար յուր թախթեն.

Հանե թազեն, հագնե զհին,

Ինչի՞ բերդի խաթուն է էն:

 Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն,

 Բեմուրադ կեներ Կոլոտ Փաշեն:

 

Եկանք, հասանք Մալաքյավեն.

Եկանք, մըտանք Միջաթաղ.

Մեկ հանաղեն, մեկ ջանաղեն,

Երկուս կըխաղան էն մեկ խաղ:

 Խաբար տարեք հերկան, մերկան,

 Թանգ Նազլուխան թող տան երկան:

 

Եկան, ժողվան Մոկացիք,

Եկան մոտ Մոկաց Միրզեն.

Տարան դըրին մեջ պողերուն,

Դուռն էլ բացին հարավ քամուն:

 Կացե՛ք բարով,

 հազա՜ր տարով:

 Թանգ Նազլուխան

  թող տա՛ն երկան:

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Աղբյուրներ՝ Կոմիտաս, Երկեր, հատոր Ա, 1960

Ժամանակակիցները Կոմիտասի մասին, 1960

Նկարը՝ Ե. Թադևոսյան, Երաժշտագետ Կոմիտասը, 1935, աղբյուրը՝ www.gallery.am

Art 365

08.07.2021

Հազարան Բլբուլ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.