Բոլորս թերևս հիշում ենք, որ մեր ազգային էպոսի անհաղթ հերոս Սասունցի Դավթի մանկության սիրելի ուտելիքը մեղրն-կարագն է: Երբ ծնողների մահից հետո մանուկ Դավթին Մսըր են ուղարկում, նա հրաժարվում է կերակրողների կաթից և նրա համար Սասունից մեղր ու կարագ են ուղարկում: Այս մոտիվը կարելի է մեկնաբանել որպես հայ հերոսի ազգային նաև «սննդային ինքնությանը» հավատարիմ մնալու արտահայտություն.
Էսաց. − Մարե էդա ազգ
Էսաց, խաստակուղ ազգ ի,
Մի գլխուն բալա տ՛ըլնը, էսաց,
Էլ վըջ չկըտրը, ինկիր իր մեջ:
Իլի, ենու խոր մալ շատ ը,
Կինա, մեկ բեռ մեղր կը բիրիս,
Մեկ բեռ էլ կարագ կը բիրիս էստեղ,
Կը շինիս յեղր-մեղր, կը տաս՝ տղեն կու՛տը։
Բացի խորհրդանշական իմաստը, սակայն կան նաև ազգագրական վկայություններ սասունցիների կենցաղում մեղրի նշանակության վերաբերյալ։ Ընդհանրապես, մեղվաբուծությունը, նաև վայրի մեղրի հավաքումը Սասունում շատ տարածված էր: Սասունի մեղրը մեծ համբավ ուներ որպես բուժիչ, նույնիսկ անմահություն պարգևող միջոց: Մեղրը հիվանդներին նվեր էին տանում, իսկ մեղրամոմը նվիրում էին եկեղեցուն, մահացածների հոգիների լուսավորության համար: Այն վաճառվում էր Մուշում ու Հալեպում: Սասունի մեղրի ուժն ու բուժարար նշանակությունը արտացոլվել է մի ուշագրավ ավանդության մեջ, որը ներկայացնում է Վարդան Պետոյանը․
«Անմահական էր համարվում այն մեղրը, որը, ըստ ավանդության, ստացվում էր հուշափների (վիշապների) մարմնից՝ մեղվի միջոցով։ Այսպիսի մի ավանդություն կար, որ իբր Գելիեգուզան և Էղգարդ գյուղերի ճամփին՝ Գելիեսանի աջ ափից, անցնում էր մի վիշապ՝ սարի լանջին քսվելով, ժայռեր փշրելով և ձյան պես սպիտակ քարերից ճամփա բացելով, որը մինչև 1915 թվականը «Հուշըփի ճամփա» էր կոչվում։ Հուշափը, անցնելով այդ սարից, իջնում է մի ձոր, որ կոչվում է «Գելիե Հընգըֆ» (Մեղրածոր) և այնտեղ էլ շունչը փչում։ Մոտակա Էղգարդ գյուղի բոլոր մեղուները թափվում են վիշապի հսկա մարմնի վրա: Գյուղի բնակչությունը, հետևելով մեղուներին, տեսնում է մի հսկա վիշապի դիակ, որը ծածկված է լինում «մեղուների ամպով»: Հնար չգտնելով մեղուներին տուն վերադարձնել՝ գյուղացիները երեկոյան գնում են տուն: Մի քանի օր անց բոլոր մեղուները հետ են գալիս և այդուհետև միշտ թռչում են դեպի վիշապի դիակը, մինչև որ վերջինս սպառվում է: Այստեղից էլ ձորը «Գելիե Հընգըֆ» (Մեղրածոր) է կոչվում: Այդ տարի Էղգարդի մեղվի փեթակները խիստ առատորեն լցված են լինում մեղրաբերքով։ Էղգարդցիներն այդ մեղրը, վիշապի թույն կարծելով, վախենում են ուտելուց։ Այն տանում են Հալեպ՝ հեռու աշխարհ, վաճառում և շտապ վերադառնում Սասուն, որպեսզի հանցանքը թաքցնեն: Հակառակ դրան՝ Սասունի մեղր գնող հալեպցիներից ով ուտում է այդ մեղրը, «անմահանում» է. հիվանդները բուժվում են, կույրերը տեսողություն են ստանում: Երբ սպառվում է բուժիչ մեղրը, Հալեպի բնակիչները սկսում են ծախողներին փնտրել: Մեծ դժվարությամբ ու հարցուփորձով հասնում են Էղգարդ գյուղ և խնդրում, որ Հալեպում ծախած մեղրից նորից վաճառեն իրենց: Էղգարդցիները նախ սարսափում են, թե դրանք դիտմամբ են մեղրը գովում, որ ծախողներին գտնեն, իսկ երբ հավատում են նրանց անկեղծությանը, ցավում են, որ վիշապի մեղրը իրենք չեն կերել: Այդ ժամանակվանից մեղրը տիղ է (դեղ–դարման) է համարավել»։
Աղբյուրը՝ Վ․ Պետոյան, Սասուն, Երևան, 2016։