• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ մասին ժողովրդական զրույցներ [Մի քանի վարկած անվան ծագման մասին]

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ մասին ժողովրդական զրույցներ [Մի քանի վարկած անվան ծագման մասին]

ԶԱՆԳԵԶՈՒՐ

 

Ա

 

     Երբ Լենկ-Թեմուրը գալիս է հասնում է Արաքսի ափը, դեռ գետը չանցած, նրան ներկայանում է Մեհրի անունով մի իշխան և ասում.

- Լենկ-Թեմուրն ապրած կենա, եկել եմ քեզ ծառայեմ:

Թեմուրի հարցին, թե` ինչո՞վ նա կարող է ծառայել իրեն, իշխանը պատասխանում է.

- Քանի Խոտ գյուղի գլխին գտնվող վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը, թշնամուն հեռվից տեսնելուն պես, տալիս են այդ զանգը և ժողովրդին հանում նրա դեմ:

Լենկ-Թեմուրը մի քիչ մտածելուց հետո, ասում է.

- Գնա՛ էդ զանգը վառի, փչացրու, ես քեզ շատ ոսկի ու իշխանություն կտամ:

Դավաճանը գնում է, իր նման մի քանի ուրիշների հետ` գիշերով զանգի տակ կրակ են վառում և կտրում նրա ձայնը: Լենկ-Թեմուրը զորքով անցնում է Արաքսը: Իմանալով այդ մասին, վանահայրը կանչում է զանգահարին և կարգադրում շտապ զանգը տալ: Զանգահարը ինչքան փորձում է` զանգը ձայն չի հանում: Վազում է վանահոր մոտ և ասում.

- Ամեն բան զուր է, զանգը ձայն չի տալիս…:

Լենկ-Թեմուրը գիշերով գալիս գրավում է ամբողջ երկիրը: Գյուղերում մարդիկ զարմանքով հարցնում են իրար.

- Բա ինչո՞ւ զանգը չտվին:

Ոմանք էլ պատասխանում են.

- Զանգը զո՜ւր է, զանգը զո՜ւր է…:

Դրանից հետո գավառի անունը մնում է Զանգեզուր:

 

Բ

 

      Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ մեկ-երկու եկեղեցի: Առավոտնեռը, որ զանգերը տվել են, ձորը լցվել է նրանց ձայնով: Լսողներն ասել են. Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է: Դրանից հետո գավառի անունը դրել են Զանգեձոր, որը բերանից-բերան դարձել է Զանգեզուր:

 

Գ

 

     Տաթևի վանքը կառուցելուց հետո, զանգակատանը մի մեծ զանգ են կախել: Սրա ձայնն այնքան ուժեղ է եղել, որ երբ ղողանջել է, լսվել է ամբողջ գավառի լեռներում ու ձորերում: Ժողովուրդն ասել է.

- Էս ի՜նչ զոռ զանգ է, զանգը զո՛ռ է, որից և առաջ է եկել Զանգըզոռ կամ Զանգեզուր անունը:

 

Դ

 

     Նոր Գորիսի մոտ գտնվող վանքում ժամանակին եղել է մի շատ մեծ զանգ: Երբ տվել են այդ զանգը, ձայնը լսվել է հեռուներում: Ժողովուրդն ասել է.

- Զանգը զորավո՛ր ա, զանգը զո՛ռ ա։

Դրանից էլ առաջ է եկել Զանգեզուր անունը:

 

Ե

 

    Սյունյաց երկրի քարանձավներին տեղացիներն առաջ ծակեր են ասել, իսկ ձորերին էլ` ծակերի ձոր: Այստեղից էլ գավառի անունը մնացել է Ծակերի ձոր, որը հետո դարձել է Ձագեձոր, Զանգեզուր:

 

Զ

 

    Զանգեզուրի ձորերում տեսակ-տեսակ, գույնզգույն և շատ ծաղիկներ են եղել: Դրա համար էլ գավառի անունը դրել են Ծաղիկների ձոր, Ծաղկաց ձոր, որը հետո դարձել է Զանգեզուր:

 

Աղբյուրը՝ Հայկական ավանդապատումներ, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն

Շուշան Մարուքի

06.02.2021

Հազարան Բլբուլ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.