• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ամեհի Սմբատ Բագրատունին ու երեք գազանները

Ամեհի Սմբատ Բագրատունին ու երեք գազանները

Հայ միջնադարյան պատմիչ Սեբեոսի (6-7-րդ դդ․) պատմության էջերում է պահպանվել հայ ազնվականության քաջության ու խիզախության մի ինքնատիպ էպիկական դրվագ։ Հայ իշխան, ռազմական գործիչ Սմբատ Բագրատունին  այլ իշխանների հետ ուզում են միաբանվել, ապստամբել և վերականգնել հայոց թագավորությունը։ Հունաց կայսրը իմանալով այդ մասին՝ ձերբակալում է Սմբատին ու այլ 7 իշխանների, գցում գազանամարտի մրցասպարեզ։ Այստեղ էլ Սմբատ Բագրատունին դրսևորում է իրեն որպես իսկական էպիկական հերոս` հաղթելով վայրի կենդանիներին և արժանանալով  բոլորի հիացմունքին։ Իր արտաքին նկարագրությամբ, խիզախությամբ, խելամտությամբ ու ուժով Սմբատը հիշեցնում է հայ էպիկական բանահյուսության մյուս հերոսներին՝ Հայկին, Տիգրանին, Սասունցի Դավթին կամ Մեծ Մհերին։ Հատկապես վերջինիս նմանվում է առյուծի դեմ կռվով։ Սակայն, Սմբատը ոչ թե առյուծին կիսում է, այլ խեղդում, ինչպես հին հունական նշանավոր հերոս Հերակլեսը։ Ներկայացնում ենք Սեբեոս պատմիչի գրքի այս ուշագրավ հատվածը։

 

Սա հաղթանդամ այր էր՝ գեղեցիկ տեսքով, բարձրահասակ ու լայնալանջ, ուժեղ ու ջղուտ մարմնով: Անձնյա էր ու պատերազմող և շատ պատերազմներում էր ցույց տվել իր քաջությունն ու զորությունը: Ահա նրա զորությունը, երբ սա ամեհի ու հզոր երիվարի վրա անցնում էր խիտ անտառով և զորավոր ծառերի տակով, ձգվելով բռնում էր ծառի ճյուղից և ազդրերով ու ոտքերով ամուր գրկելով երիվարի մեջքը՝ ազդրերով բարձրացնում էր գետնից, մինչև որ ամ-բողջ զորքը տեսնելով զարմանքից ահաբեկվում էր:

Եվ արդ` մերկացնելով նրան և վարտիք հագցնելով` գցեցին գազանամարտի, որ կեր դառնա գազաններին:

Եվ նրա վրա արձակեցին մի արջ: Եվ եղավ, երբ արջը հարձակվեց նրա վրա, նա բարձրագոչ աղաղակեց և ընթացավ արջի վրա ու իր բռունցքով խփեց ճակատին և տեղնուտեղը սպանեց նրան:

Երկրորդ անգամ նրա վրա արձակեցին ցուլ: Իսկ նա բռնեց ցլի եղջյուրներից... և հզորի աղաղակը....», երբ ցուլը մարտում հոգնեց, <Սմբատը> վիզը ոլորեց և ջարդեց գլխի երկու եղջյուրները. ցուլը թուլացավ և հետ-հետ գնալով` փախավ: Իսկ նա հետապնդելով` բռնեց նրա պոչն ու մի ոտքի կճղակը և պոկեց կճղակը, <որը> մնաց իր ձեռքին։ Եվ ցուլը նրանից փախավ գնաց՝ մի ոտքն անկճղակ:

Երրորդ անգամ նրա վրա առյուծ արձակեցին: Եվ եղավ` երբ առյուծը հարձակվեց նրա վրա, Տիրոջ կողմից նրան այնպես հաջողվեց, որ բռնելով առյուծի ականջից՝ հեծավ նրան: Եվ իսկույն բռնելով շնչափողից` խեղդեց առյուծին ու սպանեց: Աշխարհը լցվեց բազմամարդ ամբոխի աղաղակով, նրա համար ներում էին խնդրում թագավորից:

Մարտում հոգնած՝ նա նստեց սպանված առյուծի վրա, որ մի փոքր հանգստանա: Այդ ժամանակ նաև թագավորի կինը ընկավ նրա ոտքերը, խնդրեց ներում շնորհել նրան, քանի որ առաջ այդ մարդը սիրելի էր թագավորին ու նրա կնոջը, և <թագավորը> նրան <Սմբատին> իրեն որդեգիր էր համարել։ Նա, զարմացած այդ մարդու հզորության ու տոկունության վրա և լսելով կնոջ ու ողջ պալատականների պաղատանքները, հրամայեց ներում շնորհել նրան:

 

Աղբյուրը՝ Սեբեոս, Պատմություն/ թարգմ․ Գ․ Խաչատրյան, Վ․ Եղիազարյան/, Երևան, 2005։

Art 365

23.07.2025

Հազարան Բլբուլ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.