• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ծուռ Դավիթը պիտի բերի հաղթությունը․ էպոսի նոր մշակումն ու բալետ-օրատորիան

Ծուռ Դավիթը պիտի բերի հաղթությունը․ էպոսի նոր մշակումն ու բալետ-օրատորիան

Ազնիվ, արդար, ծուռ Դավիթը
Պիտի հաղթի,

Պիտի բերի հաղթությունը,

Պիտի բերի հաղթությունը Հայոց երկրի։

Այս ոգեշնչող խոսքերով է ավարտվում է հայկական ազգային դյուցազներգության նոր գրական մշակման հիման վրա ստեղծված Սասունցի Դավիթ բալետ-օրատորիան, որի առաջնախաղը տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։

«Սասնա ծռեր» ազգային դյուցազներգությունը կամ «Սասունցի Դավիթ» ժողովրդական հերոսական էպոսը ընթերցողներին  հայտնի է իր՝ 1939 թվականին ստեղծված համահավաք բնագրով, էպոսի գրական մի շարք մշակումներով, ի մասնավորի Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմով։ Էպոսը պահպանվել ու դարերի խորքից մեզ է փոխանցվել բազմաթիվ բանավոր տարբերակներով, որոնց հիման վրա էլ ստեղծվել են գրական մշակումները, երաժշտական, թատերական ու արվեստի այլ ճյուղերի այս թեմայով ստեղծագործությունները։

Երևանի քաղաքապետարանի  նախաձեռնությամբ «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խմբի կողմից ստեղծված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի հիմքում նույնպես էպոսի բանավոր տարբերակներն են ու դրանց բոլորովին նոր ու որոշակի սկզբունքներով ստեղծված գրական մշակումը, որը կատարել է էպոսագետ Հայկ Համբարձումյանը։ Մշակման հեղինակն առանձնացրել է մեր էպոսի առանցքային միջադեպերը, այն դրվագները, որոնք ոչ միայն պատկերացում են տալիս էպոսի սյուժեի ու բովանդակության վերաբերյալ, այլև գաղափարական կարևոր նշանակություն ունեն մեր ժամանակներում։ Այդ դրվագների հիման վրա ստեղծվել են երգչախմբի կատարման համար նախատեսված համապատասխան շուրջ 50 երգերի խոսքեր։ Այս բնագրերում էպոսը ներկայացվում է ինչպես հերոսների խոսքի ու երկխոսությունների միջոցով, այլև պատմող-վիպասացների, ինչը թույլ է տվել ավելի ամբողջական, գաղափարական տեսանկյունից կուռ պատում ստեղծել։

Ստեղծագործական խումբը նպատակ է ունեցել ստեղծելու մանկական երգչախմբերի կատարման համար երաժշտական-բեմական մի ստեղծագործություն, որը ժամանակակից շնչով ու երաժշտական միջոցներով հատկապես երիտասարդներին ու երեխաներին, նրանց հասկանալի լեզվով կներկայացնի մեր էպոսի հիմնական բովանդակությունը, գաղափարական կարևորագույն ու հավերժական ուղերձները․ ազնվություն,  արդարություն, խիզախություն, հայրենասիրություն, ուժ, նվիրում, հավատարմություն ազգային արժեքներին․ անանց գաղափարներ, որոնցով արդիական ու սիրելի է մեր հրաշալի դյուցազներգությունը նաև այսօր։

Միաժամանակ խնդիր է եղել էպոսը ներկայացնելու նորովի, նախկին մշակումներում բացակայող սյուժեներով ու մոտիվներով, որոնցով որոշակիորեն կհաղթահարվեն ազգային դյուցազներգության ընկալման նախկին կաղապարներն ու էպոսը մեր ժողովրդին կներկայացվի իր գաղափարական ու գեղարվեստական ամբողջ հարստությամբ ու հմայքով։ Այս տեսանկյունից մշակման հեղինակի՝ Հայկ Համբարձումյանի համար կարևոր են եղել էպոսի հոգևոր-քրիստոնեական ուղերձները, ինչի շնորհիվ ի տարբերություն էպոսի նախորդ մշակումների, այստեղ՝ բանավոր տարբերակներին հավատարիմ, մեծ տեղ են գրավում դյուցազներգությունը ստեղծած ժողովրդի հավատալիքները, աղոթքները, սրբազան վայրերն ու իրողությունները, որոնց ապավինելով էլ ու նրանց հավատարմությամբ հերոսները հաղթանակներ են տանում։

«Հող Արթուն» էթնո-էլեկտրո խմբին հաջողվել է բոլորովին նոր երաժշտական միջոցների օգտագործմամբ փոխանցել էպոսի ոգին ու հիմնական ասելիքը, ստանալ անչափ տպավորիչ ու ներշնչող երաժշտություն, որը համահունչ է գրական մշակմանը։

Ներկայացումը էլ առավել տպավորիչ է դառնում, քանի որ երգերը կատարվում են  Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների շուրջ 400 երեխաների կողմից։ Երգչախումբը ղեկավորում է ու երգչախմբային պարտիաները մշակել է Նարինե Ոսկանյանը։ Ներկայացման նկարիչ-դեկորատորը Արթուր Դուրգարյանն է։

Բալետային մասը հիանալիորեն ապահովել է Օպերարայի ու բալետի թատրոնի բալետային խումբը՝ բալետմեյստեր Մարիամ Ասլանյանի գլխավորությամբ։

Տպագրվել է նաև այս ստեղծագործության նոտաների ու խոսքերի գիրքը, որը կտրվի երաժշտական ու արվեստի դպրոցներին, որպեսզի բալետ-օրատորիայի երգերը շարունակեն կատարել։

Նոր գրական մշակումը, առինքնող երաժշտությունը, տպավորիչ պարն ու դեկորները ապահովել են մի հիանալի ու ներդաշնակ ամբողջություն, որով մեր հինավուրց ու զորավոր էպոսը նոր կյանք է ստացել ևս մեկ ու նոր փոխակերպմամբ վերադարձվել այն ստեղծող ժողովրդին՝ փոխանցելով նրան դժվար ժամանակներում արժեքները պահպանելու, դրանցով զորանալու, սրբազան ավանդույթների հետ կապը չկտրելու ուղերձներ, սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ հավատ։ 

 

Լուսանկարները՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի

և Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջերից

Art 365

22.12.2025

Հազարան Բլբուլ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.