• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչո՞ւ է բարկանում կինը ըստ հին առասպելների․ Դեմետեր և Պերսեփոնե

Ինչո՞ւ է բարկանում կինը ըստ հին առասպելների․ Դեմետեր և Պերսեփոնե

Անտեսված աստվածուհիներ, դավաճանված սիրահարներ, դժբախտ ու բարկացած մայրեր, վրեժխնդիր կանայք․ հին հունական առասպելաբանությունը, նաև այլ ժողովուրդների առասպելներ կնոջ զայրույթի տարբեր պատկերներ են ներկայացնում, փորձում հասկանալ և առասպելների գեղարվեստական ու խորհրդանշական լեզվով մեկնաբանել կնոջ հոգեբանության առանձնահատկությունները։ 

 

Թեև հունական ու համաշխարհային գրականության ամենից հայտնի բարկացածը՝ Աքիլեսն է, որ զայրույթի երգով էլ սկսվում է Հոմերոսի Իլիականը, սակայն առասպելներում զայրացկոտ հայտնի կանայք նույնպես կան։  Հերոսուհիները առասպելներում իրենց բարկությամբ, հաճախ վրեժխնդրությամբ արձագանքում են անարդարությանը, դավաճանությանը, կորստին,  խախտված հավասարակշռությանը։ Այս պատմություններում կնոջ զայրույթը կարող է կանգնեցնել բնության բնականոն ընթացքը, կործանել թագավորություններ, հաղթել ահաղթ հերոսներին, վերածվել վրեժի կամ ստիպել աստվածներին փոխել իրենց որոշումները։ Հունական առասպելաբանության մեջ այդպիսի զայրացած կանանց մի ամբողջ պատկերասրահ կա․ Դեմետեր, Հերա, Մեդեա, Կլիտեմնեստրա, Մելագրոս։ Կանայք հունական առասպելներում ավելի հաճախ բարկանում են սիրելիների դավաճանության, այլ հերոսուհիների մրցակցության ու նախանձի, նաև երեխաների կորստի պատճառով։ Հատկապես վերջին մոտիվի ամենից ակնառու օրինակը՝ Դեմետերի և Պերսեփոնեի առասպելն, որը կներկայացնենք  ըստ Ապոլլոդորսի Դիցաբանական գրադարան երկի։ 

Այստեղ Դեմետեր(Դեմետրա) աստվածուհին՝ երկրագործության և բերրիության հովանավորը, կորցնում է իր դստերը՝ Պերսեփոնեին։ Պլուտոնը կամ Հադեսը աղջկան տանում է անդրաշխարհ՝ նրան իր կինը դարձնելու համար։ Դեմետերը չի կարողանում հաշտվել կատարվածի հետ։ Նա հեռանում է աստվածներից, դադարեցնում իր սովորական գործունեությունը, և երկիրը զրկվում է բերք ու բարիքից։ Այսինքն՝ Դեմետերի զայրույթը չի սահմանափակվում անձնական վշտով։ Այն վերածվում է մի ուժի, որը խախտում է աշխարհի բնականոն կարգը։ Հետազոտող Սյուզան Լայը, ուսումնասիրելով կանանց զայրույթը հին հունական գրականության մեջ՝ Դեմետերի օրինակը դիտարկում է որպես բողոքի յուրահատուկ ձև․ աստվածուհին հեռանում է այն համակարգից, որը թույլ է տվել խախտել իր և դստեր կապը։ Նրա հրաժարումը համագործակցելուց ճնշում է գործադրում ամբողջ աստվածային ու մարդկային աշխարհի վրա։ Ի վերջո, Զևսը ստիպված  միջամտում է  և ձեռք է բերվում համաձայնություն, որի արդյունքում Պերսեփոնեն տարվա մի մասն անցկացնում է մոր հետ, մյուս մասը՝ անդրաշխարհում։ Այսպիսով, զայրույթն ավարտվում է ոչ թե պարզապես հաշտությամբ, այլ փոխզիջմամբ, որը փոխում է աշխարհի կարգը և որով մեկնաբանվում է տարվա եղանակների հերթագայությունը։

 

 Պերսեփոնեի առևանգումը

 

Իսկ Պլուտոնը, սիրահարվելով Պերսեփոնեին, Զևսի օգնությամբ ծածուկ առևանգեց նրան: Դեմետերը, գիշեր-ցերեկ ջահերով` Պերսեփոնեին փնտրելով, շրջում էր ամբողջ երկրով։ Երբ Հերմիոնացիներից իմացավ, որ Պլուտոնն է նրան փախցրել, զայրացավ աստվածների վրա, թողեց երկինքը, սովորական կնոջ կերպարանք ընդունեց ու եկավ Էլևսիս։ Նախ Կալլիքորոն կոչվող ջրհորի մոտ նստեց մի ժայռի, որն իր պատճառով կոչվեց Ագելաստոս։ Հետո գնաց այդ ժամանակ էլևսինցիների թագավոր Կելեոսի մոտ։ Պալատում կանայք կային, որոնք Դեմետերին առաջարկեցին իրենց կողքին նստել, իսկ Յամբե անունով մի պառավ կատակեց և աստվածուհուն ստիպեց ժպտալ։ Ասում են` այդ պատճառով են Թեսմոփորիայի ժամանակ կանայք կատակու:

 Կելեոսի կինը` Մետանիրան, փոքր երեխա ուներ, որին Դեմետերը վերցրել խնամում էր։ Ցանկանալով նրան անմահ դարձնել` գիշերները մանկանը կրակի մեջ էր դնում և այրում նրա մահկանացու մարմինը: Իսկ քանի որ Դեմոփոնը (այդպես էր տղայի անունը) զարմանահրաշ կերպով օրվա ընթացքում մեծանում էր, Մետանիրան  սկսեց հետևել և, նրան կրակի մեջ գտնելով, աղաղակեց: Արդյունքում մանուկը կուլ գնաց կրակին, իսկ աստվածուհին բացահայտեց իրեն:  Մետանիրայի ավագ որդի Տրիպտոլեմոսի համար Դեմետերը թևավոր վիշապներով մի կառք պատրաստեց ու նրան ցորեն տվեց: Երկնքի միջով ընթանալով` նա այն ցանեց աշխարհով մեկ։ Բայց Պանիասիսն ասում է, որ Տրիպտոլեմոսն Էլևսիսի որդին էր՝  և նշում, թե Դեմետերը նրա մոտ էր եկել, իսկ Փերեկիդեսն ասում է` Օվկիանոսի ու Գեայի։

Երբ Զևսը Պլուտոնին հրամայեց վերադարձնել Կորային(Պերսեփոնե), Պլուտոնը նռան հատիկ տվեց նրան ուտելու, որպեսզի մոր մոտ երկար չմնա: Իսկ նա, հետևանքը չկռահելով՝ հատիկը կուլ տվեց: Եվ որովհետև Աքերոնի ու Գորգիրայի որդի Ասկալափոսը մատնեց Կորային, Դեմետերը նրա(Ասկալոփոսի) վրա ծանր քար դրեց Հադեսում, իսկ Պերսեփոնեն ստիպված էր ամեն տարվա մեկ երրորդը մնալ Պլուտոնի մոտ և մնացած մասը` աստվածների։

Բնագրի աղբյուրը՝

Աղբյուրը՝ Ապոլլոդորոս, Դիցաբանական գրադարան, հին հունարենից թարգմանությունը,

առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, Սարգիս Խաչենց-Փրինթինֆո-Անտարես, 2017: 

 

Art 365

03.11.2026

Հազարան Բլբուլ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.