• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Մարիամ Աստվածածինը հմայական աղոթքներում

Մարիամ Աստվածածինը հմայական աղոթքներում

Սուրբ Տիրամոր կերպարը՝ որպես ամենզոր բարեխոս, ամենատարբեր ցավերն ու ախտերը բժշկող ու ամոքող, չարին հաղթող, հանդիպում է հայ ժողովրդական հմայական աղոթքներում։  Թեև ուսումնասիրողները, մասնավորապես բանագետ Սարգիս Հարությունյանը, համարում են, որ այս հատկանիշները Տիրամորը փոխանցվել են հեթանոսական Մայր աստվածություններից, մասնավորապես Անահիտից, սակայն նկատելի է նաև հենց քրիստոնեական, նորկտակարանյան ընկալումների մեծ ազդեցությունը։ Մարիամը հիշատակվում է հատկապես չար աչքի, կապքի դեմ ուղղված բանաձևերում և աղոթքներում, հաճախ համարվում ծննդկանների և  ընտանի կենդանիների հովանավոր։ Ներկայացնում ենք այդպիսի աղոթքների մի խումբ՝ Սարգիս Հարությունյանի Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ գրքից՝ համապատասխան մեկնաբանություններով։ 

 

Ողջուն քեզ Մարիամ, մեր Մարիամ.

Ելա ի լյառն Ալալիա,

Մտա ի դասն Ամասիա.

Ամասիա ծով մը կար,

Ծովուն մեջը ծառ մը կար,

Ծառանը վրա բուն մը կար,

Բնին մեջը օձ մը կար

Օսկուն թասը կթեցի,

Արծըթին թասը մակըրթեցի,

Պաճիկ մը պանիր զարկի,

Աշք ընողին կերուցի:

Չար աշքը ճաթի,

Չար սիրտը պառռի,

Փուշը, տատաշը մտնե չար աշքը,

Թո, թու, թու, թու, թու:

 

Չար աչքից պաշտպանության այս աղոթքի առաջին տողերում, ըստ Ս․ Հարությունյանի,   ներկայացվում Է հմայագործի ծիսահմայական արարողության նկարագրությունը, որը կապված է տիեզերքն ու մարդուն խորհրդանշող սրբազան ծառի, դրա վրա բնավորված ստորգետնյա օձի զոհաբերման  պատկերացումների հետ: Աղոթքն ասողն ու կախարդանք անողը  օձի կաթից պատրաստված պանիրը ճաշակեցնում է չար ակնահարողին, որին հաջորդում է արարողությունից ակնկալվող հետևանքը` արտահայտված աղոթքի վերջին  քառատող անեծքների բանաձևում: Մեկ այլ աղոթքում Տիրամայրը ներկայացվում է լալիս ու ողբալիս․

 

 Տիրամար Աստվածամար,

Նստեր ես ծովին քանեար,

Ի՞նչ կուլաս, ի՞նչ կողբաս:

Ի՞նչղ չլամ, ի՞նչղ չողբամ.

Տրաքեցավ չար նազարեն

Քառասուն ձիս,

քառասուն ջորիս:

Առ ֆրանկի դանակը,

Մտի Քրիստոսու պաղչան,

Կտռե իրեք մասրեն

Մեկը տու սև սատանին,

Մեկը տու գել գազանին,

Մեկը տու ամենայն չարը փախանին,

Չար մասուրեն՝ չար նիաթին,

Չար նիաթը՝ չար կրակին: 

 

Այստեղ  չար աչքից պատուհասված է  Տիրամայրը, որին  որևէ սուրբ անձ կամ  հենց Քրիստոս, խորհուրդ է տալիս կատարել հետևյալ հմայական արարքը․ մտնել դրախտը (Քրիստոսի բախչան), կտրել դրախտային փշոտ մասրենուց երեք ճյուղ և դրանցով հարվածել երեք կարգի չարքերին, այդ թվում նաև` չար նայվածքին (նիաթ), իսկ մասրենիները հարվածից հետո, իբրև չարից վարակված՝ գցել կրակն ու վառել:

 

Մարիա՛մ, Մարիա՛մ, ո՞ւր գերթաս

Կոռալեն, գոծգըրնալեն.

Ա՛ռ սևգոթ տանագը,

Մդիր Ադամա տրախտը,

Գդրե չար աչքը,

Գդրե չար նազարը,

Պժշկե՝ որին գաղոթիմ նը։

 

Կամ մեկ այլ տարբերակում․

 

Կուս Մայրամ կերթա դրախտը՝

Հետ գուլա, հետ կաղաղե:

Մեր Տեր Հիսուսն դեմ էլավ, ըսաց.

Մայր Մարիամ, է՞ր գուլաս, է՞ր կաղաղես:

Իմ տեր, է՞ր չլամ, է՞ր չաղաղեմ,

Ոչ գիտեմ չար նիաթ է,

Իրեք հարուր վաթսունըվեց պիղծ ցավ է:

Մայր Մարիամ, մուտ Սողոմոնի տաճարը,

Բռնե առաքելոց դանակը,

Կտռե չար աչքը, չար նիաթը,

չար խոխուրդը,

Իրեք հարուր վաթսունըվեց պիղծ ցավը,

Լից պղնձե կուժը,

Թապլե անհատակ ծովը:

Ի՞նչ ուտե:

Քար ուտե,

Քացախ ուտե,

Բռնչի տերև ուտե:

 

Աղոթքների մեկ այլ խումբ էլ հմայությունն անողը փորձում է Տիրամոր միջոցավ կապ գցել չար ուժերին ու հիվանդությունները․

 

Աստվածամար, ահ արա,

Անօրեն մարդուն մահ արա,

Լեզուն բերանը բուրդ արա,

Թաթը կրունգին տեղն արա:

 

***

 

Գիլ անեմ, գիլկապ անեմ,

Աջու բթովս, թուրքի մատովս,

Մարիամ Աստվածածնու մազովը,

Սուրբ Սարգսի գյամովը,

Լուսավորչու աջովը:

Hayk Hambardzumyan

08.09.2026

Հազարան Բլբուլ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.