• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Կենսաբազմազանությունը հայկական ավանդություններում

Կենսաբազմազանությունը հայկական ավանդություններում

Հայկական ժողովրդական բանավոր մշակույթում, ի մասնավորի առասպելներում, ավանդություններում, զրույցներում պատմական թեմաների ու կերպարների կողքին ներկայացվում է նաև Հայաստանն իր բնությամբ, բուսական և կենդանական աշխարհով ու կենսաբազմազանությամբ։ Հայ ժողովուրդը բնության երևույթները, բույսերի ու կենդանիների առանձնահատկությունները և շրջակա աշխարհի հետ մարդու հարաբերությունները իմաստավորել է այդ ավանդությունների միջոցով։ Այս պատումներում բնությունը պարզապես գործողությունների միջավայր չէ․ այն հիշողության կրող է, մարդկային ճակատագրերի վկա, երբեմն՝ սիրո ու կորստի խորհրդանիշ, երբեմն էլ՝ մարդու տնտեսական գործունեության և հավատալիքների արտահայտություն։ Ծառի, ծաղկի, թռչնի կամ խաղողի որթի մասին պատմությամբ հաճախ ստուգաբանվում-բացատրում է որևէ վայրի անվանում, բնական երևույթի ծագում կամ ժողովրդական սովորույթ։ Կենսաբազմազանության պահպանության տեսանկյունից այս ավանդություններն առանձնահատուկ արժեք ունեն։ Դրանք ցույց են տալիս, որ մարդու և բնության կապը միայն նյութական չէ. բույսերն ու կենդանիները ներառված են համայնքի մշակութային հիշողության, մարդու աշխարհընկալման և ինքնության մեջ։ Երբ որևէ ծառ կապվում է մարդու ճակատագրի, որևէ թռչուն՝ սիրո պատմության, իսկ խաղողի որթը՝ ջրհեղեղից հետո կյանքի վերականգնման հետ, բնությունը ձեռք է բերում նաև մշակութային նշանակություն։ Ներկայացնում ենք Հայաստանի կենսաբազմազանությունն արտացոլող հինգ ավանդություն Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» ժողովածից։

 

Նոյ նահապետն ու խաղողի որթը

 

Ըստ Նոյի հետ կապված մի քանի ավանդությունների ջրհեղեղից հետո նահապետը, դուրս գալով տապանից՝ Մասիս լեռան ստորոտին գտնվող Ակոռի գյուղում և Երևանի մոտակայքում խաղողի որթ է տնկում, իսկ մի ուրիշ անգամ էլ նա բարձրանում է Մասսի գագաթը և այնտեղից, ի պատիվ խաղողի որթի ու գինու, երախտագիտության զոհ է մատուցում աստծուն։ 

 

Հոպոպ թռչունը

 

Հոպոպ թռչունը ժամանակին եղել է մի գեղեցիկ աղջիկ։ Նա սիրահարվել է մի կտրիճ երիտասարդի։ Ծնողները հակառակ իրենց աղջկա կամքին, նրան ամուսնացրել են մի ուրիշի հետ։ Հարսնաբաղնիքի ժամանակ աղջիկը հիշում է սիրած տղային և ինքն իրեն ասում է. «Ա՛խ, երանի քե թռչուն դառնայի, սար ու ձոր ընկնեի և գտնեի սիրածիս»։ Անմիջապես կատարվում է նրա ցանկությունը։ Աղջիկը սանրը գլխին թռչուն է դառնում և դուրս թռչում բաղնիքից։ Ասում են, թե նա մինչև հիմա էլ հառաչելով թափառում է սար ու ձոր և փնտրելով սիրած տղային՝ կանչում է. «Իպի՛պ… կուկո՛ւ…»։

 

Ձմերուկ

 

Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով, անհայտանում է: Գագիկի ցուցմունքով կորիզը տնկում են և հետևում նրան: Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի: Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում: Գագիկն իր պալատականների հետ՝ վայելում են պտղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում: Դրանից հետո այդ պտղի անունը դնում են չմեռուկ, որը բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ:

 

Քրիստոսի թաշինակը՝ կատու

 

Հիսուսը մի գյուղում մեծ մկներ է տեսնում, որոնք շատ վնաս էին տալիս բնակիչներին: Գյուղացիները խնդրում են նրան ազատել իրենց այդ չարիքից: Հիսուսը ծալծլելով թաշկինակը նետում է մկների վրա։ Թաշկինակն իսկույն կատու է դառնում և խեղդում է բոլոր մկներին։ Ասում են, թե կատուն Քրիստոսի թաշկինակն է, դրա համար էլ նրան չի կարելի սպանել։

 

Նունուֆար ծաղիկ

 

Սասունցի Դավիթը Մեղրագետում լողանալիս նետահար է լինում դարանակալ թշնամուց։ Դավթի թափած արյան կաթիլներից բուսնում է Նունուֆար ծաղիկը։

Hayk Hambardzumyan

17.10.2026

Հազարան Բլբուլ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.