Հին առասպելներից, ավանդավեպերից ու էպոսից բացի հայ վիպական բանահյուսության մեջ կան նաև ոչ մեծ ծավալի երգվող ստեղծագործություներ, որոնք բանագիտական գրականության մեջ կոչվում են վիպական երգեր: Այս երգերն ունեն հերոսական, կրոնական, վարքաբանական ու պատմական բովանդակություն, որոշակի առասպելական ու պատմական մոտիվներ, ազգային-հայրենասիրական, կրոնական գաղափարաբանություն: Միջնադարում ստեղծված երգերից հիշատակելի են՝ «Լևոնի երգը», «Մոկաց Միրզա», «Կարոս խաչ», «Նարեկացի» և «Ասլան Աղա» երգերը:
Իր հոգևոր-կրոնական նաև ազգային բովանդակությամբ առանձնանում է «Կարոս խաչ» վիպերգը: Այն բաղկացած է տարբեր դարաշրջանների, թերևս նաև տարբեր պատմական իրադարձությունների ազդեցությամբ ստեղծված, սակայն նույն թեմային վերաբերող երկու մասերից: Ըստ վիպերգի դիպաշարի հոտաղները դաշտում բող նեխուրազգիների պատկանող բույսից մի խաչ են պատրաստում ու երկրպագում: Խաչը ստանում է գերբնական զորություն ու հրաշալի հատկանիշներ ու թռչում կանգնում է կարոսի (քարաուզ, նեխուր) մարգի մեջ: Այստեղից էլ թերևս ստանում իր անունը՝ Կարոս խաչ: Բացի թռչելու հատկությունից, Խաչը գիշերը լույս է տալիս: Այս մասին իմանում է գյուղի իշխանն ու քահանայի հետ միասին երկրպագության է գալիս հրաշալի խաչին: Խաչը թռչում է քահանայի գիրկը, որն էլ օրհներգությամբ ու թափորով խաչը տանում, դնում է եկեղեցում: Այստեղ այն նույնպես լույս է տալիս: Այս զորավոր խաչի մասին գյուղի մատնիչ գզիրը հայտնում է Քուրդ Պարոնին, որն էլ հայերին արժանի չհամարելով այդպիսի հրաշագործ խաչի, մարդ է ուղարկում, որ գողանան այն: Սակայն այդ մարդիկ ընկնում են կատաղության մեջ: Այդ ժամանակ քուրդն ուղարկում է իր զինվորներին, բայց զինվորներն էլ սկսում են իրար կոտորել: Ըստ վիպերգի մեկ այլ տարբերակի քրդին հաջողվում է տիրանալ խաչին, սակայն դրանից հետո խաչը բերողը, քուրդը, նրա մանկահասակ երեխան, կինը կրկին կատաղում են: Քուրդ Պարոնը մատաղներ է անում, ըստ վիպերգի որոշ տարբերակների խաչն ընդունում է այդ մատաղները, որոշներում ոչ և Պարոնն ու իր ընտանիքը մնում են պատուհասված:
Կարոս Խաչի դիպաշարին նմանվող ավանդություն ներկայացնում է միջնադարյան պատմիչ Ստեփան Օրբելյանի իր «Սյունաց պատմության» մեջ: Այս վիպերգը շատ ընդհանրություններ ունի նաև «Սասնա ծռեր» էպոսի հետ, այնտեղ նույնպես հերոսներին պահպանող ու ուժ տվող խաչը՝ Խաչ Պատերազմինը կամ Խաչ Պատարագինը թռչող է:
Գաղափարական առումով այս երգը ներկայացնում ազգային սրբությունների նկատմամբ մեր ժողովրդի հավատը, աստվածավախությունը, այդ սրբությունների պաշտպանիչ զորությունն իրեն հավատացողների նկատմամբ, նաև պատուհասող ուժը բռնավորների ու անհավատների նկատմամբ:
Վիպերգը գրառել են Կոմիտասն ու Սպիրիդոն Մելիքյանը: Ներկայացնում ենք այս ուշագրավ երգի բնագիրն ու Աննա Մայիլյանի կատարումը:
Մեզ ավետիք, ձեզ ավետիք,
Շմոն խեծե կապուտ քուռակ,
Մեջքն ա զարկե պողպատ ուրագ,
Բըրչամ թորգե բուրակ, բուրակ,
Սուրբ Կարապետ տա ուր մուրազ,
Մի ձու տըվեք, ալելուիա:
****
Մեկ շաբաթ օր, լուս կիրակին,
Քառսուն հոտաղ ժողովվեցին,
Գնացին, հասան մեջ կես դաշտին,
Իրենց միջին խորհուրդ արին,
Չոքան, լացին, Աստված կանչին,
Բողե ուրձեն խաչ շինեցին,
Չորս գըլուխներ խընձոր զարկին,
Թզենի թըփով փաթաթեցին,
Կայնան դիմաց, խաչ հանեցին,
Տվին իրար, համբուրեցին,
Տարան դըրին մեջ կանափոցին:
Ծառա կըլնիմ Կարոս խաչին։
Չոքմ 'էլ չոքան, մեկ մեկ բերան
«Տե՜ր, ողորմյա՛» կանչեցին,
Չոքան, լացին, աղաչեցին,
Աստուծմե շատ խընդըրեցին,
«Դո՛ւ շնորհք տաս Կարոս խաչին»։
Շընորհք եկավ Կարոս խաչին,
Բողե խաչ արծաթ դարձուցին,
Խընձորներ ոսկի դարձուցին,
Կայնան դիմաց, խաչ հանեցին,
Մեկ մեկ ծունըր աղոթք արին,
«Տե՜ր, ողորմյա՛» կանչեցին,
Մասունք հերկնուց մեջն իջուցին։
Թռավ, գընաց մեջ Կարոս ածվին.
Գիշեր լուս կաներ վեր Կարոս ածվին,
Ցերեկ հով կաներ վեր Կարոս ածվին,
Անուն Կարոս խաչ կոչեցին։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին:
Երազ գընաց Տեր Օհանին.
«Արի՛, տա՛ր ինձ եկեղեցին.
Գիշեր մեծ լույս տամ տաճարին,
Ցերեկ հով անեմ աշխարհին»։
Ելավ պատմեց մեծ իշխանին.
«Խաչմ' է եղեր հայոց ազգին,
Անուն դըրած Կարոս՝ խաչին.
Բերե՛նք, դընե՛նք մեր տաճարին»,
Ցերեկ հով կանի մեր աշխարհին,
Գիշեր լույս կըտա մեր տաճարին։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին
Աստված աղեկն անե իշխանին,
Ելավ կանչեց ժողովըրդին։
Ելան, եկան, ժողովվեցին.
Մեծ քահանան առավ սարկավագ,
Յոթ քահանա, յոթ վարդապետ,
Խաչ խաչվառով թափոր արին,
«Տե՜ր, ողորմյա՛» կանչեցին,
Եկան, կայնան դեմ Կարոս խաչին։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին:
Չոքան, լացին, Աստված կանչին,
Կարոս խաչ թռավ գիրկ Տեր Օհանին,
Ոսկի քարոզ վարդապետին,
Պագավ, դըրավ վեր իր գըլխին։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին:
«Տե՜ր, ողորմյա՛» ասացին,
Առան, տարան Կարոս խաչին,
Տարան, դըրին սուրբ տաճարին,
Ցերեկ հով կաներ վեր աշխարհին,
Գիշեր լույս կամար կապեր վեր տաճարին։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին:
Մեկ շուն գըզիր կար մեջ գեղին,
Ուրացավ հայոց լույս հավատ,
Գընաց, ասաց Քուրդ Պարոնին.
«Խաչ մ'է ելեր հայոց ազգին,
Անուն դըրած Կարոս՝ խաչին,
Գիշեր լույս կըտա վեր տաճարին,
Ցերեկ հով կանե վեր աշխարհին.
Էն վայել չէ՛ հայոց ազգին,
Էն վայել է քո դիվանին,
Ակն ու գոհար քո խանումին,
Ցերեկ հով բըռնի քո բերդին,
Գիշեր լույս տա քո քաղաքին»։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին:
Խելքն ընկավ Քուրդ Պարոնին,
Ելավ կայնավ վեր պարըսպին,
Կանչեց Մահմադ, կանչեց Ալին,
Ասաց. «Խաչ մ'է ելեր հայոց ազգին,
Գնացե՛ք, բերե՛ք Կարոս խաչին.
Էն վայել չէ՛ հայոց ազգին,
Էն վայել է իմ դիվանին,
Ակն ու գոհար իմ խանումին.
Ցերեկ հով անե իմ բերդին,
Գիշեր լույս տա իմ քաղաքին»։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին:
Ելան, գնացին Մահմադ, Ալին,
Փետ մի զարկին դեղականին,
Խաբար տարան մեծ իշխանին,—
Աստված օրհնի էն իշխանին,
Կանչեց Մահմադ, կանչեց Ալին,
Ասաց. «Խընդիր կանեմ Քուրդ Պարոնին,
Աղաչանք կանեմ Քուրդ Պարոնին,
Էն բան չունի հայոց խաչին,
Կուզի ոսկի, էս է ոսկին,
Կուզի արծաթ, էս է արծաթ,
Խաչ որ կա՝ է ոսկի, արծաթ,
Ձեռ մի՛ զարկեք Կարոս խաչին»։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին:
Առավ Մահմադ, չառավ Ալին,
Հոժար չեղան Մահմադ, Ալին.
Գնացին, հասան դուռ Լուսրարին,
Թափկով զարկին էն Լուսրարին.
Ելավ բերավ սինով ոսկին,
Ասաց. «Առե՛ք ձեր սոլերի գին,
Դարձե՛ք գնացե՛ք վեր ձեր հետին,
Ձեռ մի՛ զարկեք Կարոս խաչին.
Էն վայել չէ՛ Քուրդ Պարոնին,
Էն վայել է հայոց ազգին»։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին:
Խելք չընկավ Մահմադ, Ալին.
Գնացին, կայնան դուռ տաճարին,
Տաճարի դուռ ձին կապեցին,
Թափկով զարկին դուռ տաճարին,
Գնացին, մըտան մեջ տաճարին,
Ելան, կայնան բեման քարին,
Ձեռ ձըգեցին Կարոս խաչին։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին:
Կատղավ Ալին, կատղավ իր ձին,
Դարձավ, կերավ իր ձիու ցին.
Կատղավ Մահմադ, կատղավ իր ձին,
Ատամն առավ թևի կաշին,
Ինչպես կըտրի ձին իր գարին.
Լըցին մեջ մաղե խարարին,
Ուղարկեցին Քուրդ Պարոնին.
Խաբար տարան Քուրդ Պարոնին,
Կատղեր Մահմադ, կատղեր Ալին։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին:
Էն հավատուրաց շուն գզիր.
Խելքի ձգեց Քուրդ Պարոնին,
Ասաց. «Էն բան չէ՛ Կարոս խաչին,
Էն բան է հայոց ազգին»։
Խելքն ընկավ Քուրդ Պարոնին,
Ելավ, կայնավ բերդի բրջին,
Ձեն մի տվավ մեջ իր բերդին,
Կանչ մ'էլ կանչեց մեջ իր քաղքին,
Ասաց. «Ելե՛ք, զորք կապեցե՛ք,
Գընացե՛ք դեմ Կարոս խաչին»։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին:
Ելավ, յոթ գունդ զորք ժողովեց,
Ճամբա դըրավ վեր Կարոս խաչին։
Գնացին, հասան մեջ կես դաշտին,
Առջին դարձավ վեր հետինին,
Հետին դարձավ վեր առջինին,
Ատամ առան իրենց կաշին.
Իրար տվին սըրին, թըրին,
Լեշե բերդեր շինեցին,
Արնե գետեր կապեցին,
Ամենքն իրար կոտորեցին,
Էն զորքերի վերջը բերին։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին:
Մեկ խաբրաբեր պըրծավ, գընաց,
Խաբար տարավ Քուրդ Պարոնին,
Ասաց. «Աստված քո տուն քանդի.
Գնացինք, հասանք մեջ կես դաշտին,
Հետին դարձավ վեր առջինին,
Առջին դարձավ վեր հետինին,
Ատամ առան իրենց կաշին,
Իրար տվին սըրին, թըրին,
Լեշե բերդեր շինեցին,
Արնե գետեր կապեցին,
Ամենքն իրար կոտորեցին,
Մեր զորքերի վերջը բերին,
Ես խաբրաբեր պըրծա, եկա»։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին
Խելք չընկավ Քուրդ Պարոնին,
Ասաց. «Էն բան չէ՛ Կարոս խաչին,
Էն բան է հայոց ազգին.
Խաչն որ կա, է արծաթ, ոսկին,
Էն վայել չէ՛ հայոց ազգին.
Էն վայել է իմ դիվանին,
Ակն ու գոհար իմ խանումին»։
Ելավ, կայնավ բերդի բըրջին,
Ձեն մ'էլ տվավ մեջ իր բերդին,
Կանչ մ'էլ կանչեց վեր իր քաղքին,
Ասաց. «Ելե՛ք, զորք ժողվեցե՛ք,
Գնացե՛ք դեմ հայոց ազգին»։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին:
Բերդ երերաց վեր յուր հիմին,
Կատղավ Պարոն մեջ իր բերդին,
Ձին էլ կատղավ մեջ ախոռին.
Կատղավ մանուկ օրորոցին,
Կատղավ խանում մեջ իր օդին,
Կաթն էլ կատղավ մեջ պըղընձին.
Կատղավ գըզիր մեջ իր գոմին,
Դարձավ, կերավ միսն իր անձին։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին:
Զիղջն ընկավ սիրտ Քուրդ Պարոնին,
Ելավ, ընկավ վեր իր չոքին,
Ասաց. «Քառսուն կարաս ոսկի ունիմ,
Խոստում կանեմ Կարոս խաչին,
Ես կայնիմ մեջ իմ բերդին։
Քառսուն կըռվան գոմեշ ունիմ,
Խոստում կանեմ Կարոս խաչին,
Տըղեն կայնի օրորոցին:
Քառսուն անծին երինջ ունիմ,
Խոստում կանեմ Կարոս խաչին,
Խանում կայնի մեջ իր օդին։
Քառսուն ճյուղ կտիր ոչխար ունիմ,
Խոստում կանեմ Կարոս խաչին,
Իմ բերդ կայնի վեր իր հիմին։
Քառսուն գութան դաշտ կուբանի,
Է՛ն էլ մատաղ Կարոս խաչին,
Ձին էլ կայնի մեջ ախոռին։
Քառսուն նախիր դաշտ կարածի,
Է՛ն էլ մատաղ Կարոս խաչին,
Կաթն էլ կայնի մեջ պըղընձին»։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին:
Մատաղ չանցավ մոտ Կարոս խաչին,
Հավան չեղավ էն խոստումին.
Քուրդ Պարոնի բերդ ավերեց,
Աշխարհ թափան, եկան վերան.
Հիվանդացուց էն շուն գըզրին,
Կերն ընկավ գըզրի բերան.
Մեռավ, տարան լեշ խորեցին,
Շըներ հանին, տարան, կերան։
Ծառա կըլնիմ Կարոս խաչին: