Շատ ու շատ ժողովրդական երգեր, որոնք այսօր մենք գիտենք, լսում, հիանում ու երգում ենք, առաջին անգամ մեկ տեղում ամփոփված հրատարակվել են 1903 թվականին՝ «Հազար ու մի խաղ. առաջին յիսնեակ» նշանավոր ժողովածուում։ Այդ ժողովածուն կազմել ու նյութերը հրատարակության են պատրաստել մեծ հայագետ Մանուկ Աբեղյանն ու Կոմիտասը։ Հասկանալու համար թե դա ինչ ահռելի ու մեծ աշխատանք է եղել ու որքան ջանք, եռանդ, ժամանակ ու գիտական պատրաստվածություն է պահանջել այդ աշխատանքը, բավական է նշել, որ Կոմիտասն ու Մ. Աբեղյանը ձեռքի տակ ունեցել են ժողովրդական երգերի 25 000 քառատող: Աշխատանքի ընթացքում դրանք համեմատել են, անհրաժեշտության դեպքում խմբագրել, ընտրել ընդամենը 100 երգ, որոնք լավագույնս ներկայացնում են քնարական բանահյուսության ու ժողովրդական մտածողության առանձնահատկությունները, ունեն գեղարվեստական բարձր որակ, ամփոփում են հիմնական թեմաները։ Այս բացառիկ մշակութային նախագծի սկզբնավորման, կոթողային ժողովածուի կազմման աշխատանքների մասին մանրամասներ է պատմում Մանուկ Աբեղյանը․
«Կոմիտասը սիրում էր մենակ զբոսնել և թռչունների ճըռվողյունը և սոխակի կլկլոցը լսել անտառում, որ արվեստական կերպով տնկված էր Ներսիսյան լճից ներքև բավական ընդարձակ տարածության վրա: 1900 թվի գարնանը, մայիսի առաջին կեսին, ես և Կոմիտասը միասին զբոսնում էինք այդ անտառի մեծ ծառուղում, որի երկու կողմի առուների եզրերում հենց սկզբից տնկված էին մասրենիները և վարդենիները: Կոմիտասը վարդ էր քաղում. նա սիրում էր թեյի հետ (որի ամենալավ և ամենաթանկ տեսակն էր միշտ գործ ածում) չորացած վարդի տերևներ խառնել մեկ-մեկ: Մեր զրույցի նյութը ժողովրդական երգն էր: Նա գանգատվում էր, թե մեր ժողովրդական քառյակները իբր բանաստեղծություն հաճախ անմտություն են, և թե ինքը մի քառյակ երգել տալուց հետո չի իմանում, թե ինչ երգել տա, որ լավ լինի: Ես այդ ժամանակ զբաղված էի հենց ժողովրդական քառյակների ուսումնասիրությամբ, որոնք իմ կարծիքով անմտություն էին միայն այն ժամանակ, երբ աղճատված են: Որովհետև ժողովրդական երգերը շատ սիրված էին այդ թվականներին, ուստի մտադրվեցինք միասին մի երգարան հրատարակել, սկսելով ժողովրդական երգերից:
Ես էլ, Կոմիտասն էլ ունեինք բավական թվով քառյակներ ժողոված, ձեռք բերինք բազմաթիվ խաղեր նաև մեր ընկերներից և աշակերտներից: Նկատի ունեինք նաև զանազան ժողովածուների մեջ տպագրվածները: Բայց այդ ամենը բավական չհամարելով՝ ամառն իրենց ծնողների մոտ և առհասարակ գյուղերը գնացող աշակերտներին պատվիրեցինք ժողովել ժողովրդական երգեր: Դրա համար Կոմիտասը պատրաստեց հազարավոր թերթիկներ և ամեն մի աշակերտի, առանձնապես իր խմբի երգիչներին, բաժանեց, որպեսզի միակերպ թերթիկների վրա գրած բերեն իրենց գրի առած երգերը: Այս միևնույնը կատարեցինք և հաջորդ տարիները, այնպես որ տասնյակ հազարավոր այսպիսի գրած թերթիկներ հավաքվեցին մեզ մոտ: Կոմիտասը դրանց թիվը մոտ քսանհինգ հազար էր հաշվում։
1900 թվի աշնանն արդեն սկսեցինք աշխատել ժողովրդական երգարանի վրա, բայց մի երկու ամիս չանցած՝ տեսանք, որ նախ պետք էր այդ հավաքած նյութերը մշակել, այնպիսի գրության բերել, որ դրանցից օգտվել կարելի լիներ: Թողինք երգարան կազմելը և սկսեցինք բաղդատել մեր ունեցած ժողովրդական երգերը, որպեսզի կարողանանք որոշել անիմաստ ու աղճատված երգերը և օգտվել միայն իմաստալից վարիանտներից: ․․․Կոմիտասը շատ չէր հետաքրքրվում քառատողերը բաղդատելու բանասիրական աշխատանքով, բայց մեծ սիրով կատարում էր նա այդ գործը: Երկու տարի միասին պարապեցինք դրանով: Երկար տևեց այդ, որովհետև հեշտ չէր քառյակների փոփոխակներն իրար մոտ բերել: Գործը հնարավոր եղավ արագ առաջ տանել միայն այն ժամանակ, երբ ես դիտեցի, որ քառատողերի ամենահաստատուն մասը հանգերն են և առաջարկեցի թողնել բառարանի կարգով դասավորությունը և հանգարանի կարգով դասավորել ձեռքի տակ ունեցած խաղերը: Հետևանքն այն եղավ, որ նույն քառյակներն իրենց վարիանտներով իրար մոտ եկան, և մենք տեսանք, որ միևնույն քառատողը զանազան մարդկանց ձեռքով և զանազան տեղերում գրված լինելով՝ հաճախ բառացի կրկնված է տասը, քսան և ավելի անգամ: Այսպիսով մեր թերթիկների ամենամեծ մասը ոչնչացավ, և մենք ունեցանք մոտ 1300 քառյակ իրենց վարիանտներով:
Կոմիտասը հաճախ ինձ ասել է, թե ձայնագրած ունի երեքից չորս հազար ժողովրդական երգի եղանակ, այդ պատճառով էլ մեր երգարանի անունը դրինք «Հազար ու մի խաղ»՝ մտադրվելով գոնե մինչև հազար եղանակի համար երգեր խմբագրել՝ օգտվելով, հարկավ, նաև տպագրված ժողովրդական երգերից: Խմբագրությունը այսպես էինք կատարում. երգերի կրկնակներն ու առաջին քառյակները պահում էինք այն, ինչ որ ձայնագրել էր Կոմիտասը, անշուշտ, եթե ավելի լավ ու իմաստալից վարիանտներ ունենում էինք, այդ էինք վերցնում: Կրկնակների համար, պետք է ասել, սակավաթիվ վարիանտներ ունեինք, ապա հաջորդ տների համար այնպիսիներն էինք ընտրում, որ բովանդակությամբ հարմար լինեին առաջին քառյակին և եղանակի հոգուն, ըստ Կոմիտասի բնորոշման: Եղանակները նա պահում էր բուն ժողովրդականը, միայն որքան հիշում եմ, երկու երգի համար. այն է՝ «Հով արեք, սարեր ջան» (առաջին հիսնյակի առաջին երգը) և «Ծիրանի ծառ, բար մի տար» (երկրորդ հիսնյակի առաջին երգը) նա երկու տարբեր երգերի եղանակների միություն առաջ բերեց:
Բացի այդ, որովհետև «Հաբրբան, ջանեջան» կրկնակը նա երկու փոքր-ինչ տարբեր եղանակներով ուներ, այդ ինձ թելադրեց մի այնպիսի երգ խմբագրել, որ փոխեփոխ երգեն իրար դիմելով սիրո խոսքերով տղա ու աղջիկ: Կոմիտասն սկզբում չէր ընդունում այդ, առարկելով, թե մեր գյուղերում այդպես չեն երգում, բայց երբ ես ցույց տվի, որ ժողովրդական երգերի բանաստեղծության մեջ կա փոխը, նա համաձայնվեց դրան:
Այս մանրամասնությունների մեջ մտնում եմ, որպեսզի պարզ լինի, որ Կոմիտասը ժողովրդական երգերը` մշակելով հանդերձ՝ ձգտում էր ըստ ամենայնի չհեռանալ բնիկ ժողովրդականից:
Այսպես մենք խմբագրեցինք երեք հիսնյակ, այսինքն՝ հարյուր հիսուն երգ. ինչպես հայտնի է, առաջին երկու` հիսնյակը տպագրել տվինք, իսկ երրորդ հիսնյակը Կոմիտասը հետը տարավ Պոլիս, այնտեղ տպագրել տալու համար: Թե ինչ եղավ այդ ձեռագիրը, ինձ հայտնի չէ: Բոլոր հարյուր հիսուն երգերն էլ այնպիսի եղանակներ` ունեն, որոնց առանձին նշանակություն էր տալիս Կոմիտասը։ Եվ այդ եղանակները, ինչպես երկու հիսնյակի տպագրված բանաստեղծություններից կարելի էր տեսնել, շատ բազմազան էին և' սիրո, և՛ աշխատանքի, և' վիպական՝ թե ուրախ և թե տխուր:
Ինչո՞ւ չշարունակեցինք մենք մեր սկսած գործը: Կոմիտասին բանասիրական աշխատանքը չէր գրավում, իսկ երգերի խմբագրությունն էլ նրա համար նշանակություն ուներ միայն իր ձայնագրած և դաշնակած եղանակները տարածելու և ժողովրդականացնելու տեսակետից: Այդ պատճառով նա շուտով թողեց բանասիրական աշխատանքը, որը ես հետո մենակ շարունակեցի: Իսկ երգե՞րը: Նա մեծ հույս ուներ, թե կկարողանա որևէ տեղից միջոց գտնել «Հազար ու մի խաղի» բոլոր երգերի եղանակները հետզհետև առանձին գրքերով հրատարակել` դաշնակած կամ միաձայն: Բայց նա շուտով հուսախաբ եղավ: Կալվածների գրավման դեպքերը, ապա ճապոնական պատերազմը և առաջին հեղափոխությունը միառժամանակ հեռացրին մտքերը ժողովրդական երգերից:
Չեմ հիշում ում և ինչ թելադրանքով, նա 1906 թվին գնաց Գերմանիա և ապա Փարիզ այն մեծ հույսով, թե այնտեղ կկարողանա հրատարակել իր եղանակները, Բայց միայն մի տասնյակ երգ հրատարակելուց հետո՝ «Հայ քնար» անվան տակ՝ վերադարձավ էջմիածին․․․։
