• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հերակլեսն ու առյուծները

Հերակլեսն ու առյուծները

Առասպելներում, հեքիաթներում և էպոսներում տարբեր դևերի ու վիշապների հետ կռիվներից բացի, երբեմն դրանց զուգահեռ, դյուցազուն հերոսները կռվում վայրի գազանների հետ։ Բավական է հիշել «Սասնա ծռեր» էպոսի տվավորիչ դրվագներից մեկը՝ Մեծ Մհերի կռիվը Հալեպից եկող հացի ճանապարհը փակած ամեհի առյուծի դեմ։ Հենց նրան մեջտեղից կիսելով էլ՝ Մհերը ստանում է «Առյուծաձև» մականունը, որը նշանակաում է ինչպե՛ս առյուծ կիսող, ձևող, այնպես էլ առյուծանման։ Ոչ պակաս տպավորիչ են նաև հին հունական փառապանծ հերոս Հերակլեսի՝ առյուծների հետ կռիվները։ Մինչ իր հայտնի տասը սխրանքները գործելը, Հերակլեսը դեռևս պատանի  հասակում սպանում է Նեմեական առյուծին, ապա սպանում նաև Կիթերոնյան առյուծին։ Այս ուշագրավ առասպելները ներկայացնում է Ապոլլոդորոսը իր «Դիցաբանական» գրադարան երկում։ Անպարտելի Հերակլեսի կյանքի այս ուշագրավ դրվագներն էլ ներկայացնում ենք ստորև։ 

 

Կիթերոնյան առյուծը

 

 

 Երբ Հերակլեսը դեռ կովերի հետ էր, տասնութ տարեկանում սպանեց Կիթերոնյան առյուծին: Կիթերոնից հարձակվելով` սա բնաջնջում էր Ամփիտրիոնի և Թեսպիոսի կովերին:  Վերջինս Թեսպիեի թագավորն էր, և Հերակլեսը, երբ ուզում էր առյուծին բռնել, գնաց նրա մոտ:  Թեսպիոսը հիսուն օր հյուրընկալեց Հերակլեսին և ամեն գիշեր, որսի դուրս գալուց առաջ, նրա անկողին էր ուղարկում իր դուստրերից մեկին (հիսուն աղջիկ ուներ, որոնց մայրն էր Արնեոսի դուստր Մեգամեդեն), քանզի ձգտում էր, որ բոլորը Հերակլեսից երեխա ունենան: Իսկ Հերակլեսը, կարծելով, թե իր հետ կենակցողը միշտ մեկն է, բոլորի հետ մերձեցավ: Հաղթելով առյուծին` նրա մորթին հագավ, իսկ երախն օգտագործում էր որպես սաղավարտ: 

 

 Հերակլեսի խելագարությունը և տասը սխրանքների գուշակությունը 

 

 Այնպես պատահեց, որ մինիացիների դեմ ճակատամարտից հետո խանդոտ Հերան Հերակլեսին խելագարեցրեց, և նա կրակը նետեց իր ու Մեգարայի որդիներին և Իփիկլեսի երկու զավակներին: Դրա համար Հերակլեսն ինքն իրեն աքսորի դատապարտեց, Թեսպիոսի ձեռքով մաքրագործվեց և, գալով Դելփի, աստծուն հարցրեց, թե որտեղ բնակվի:  Այնժամ Պիթիան նրան առաջին անգամ Հերակլես անվանեց (մինչ այդ նա կոչվում էր Ալկիդես): Ասաց, որ բնակություն հաստատի Տիրինսում, տասներկու տարի ծառայի Եվրիսթևսին ու իրեն հանձնարարվելիք տասը սխրանք գործի: Եվ, ասաց, սխրանքները գործելուց հետո անմահ է դառնալու:   

 

Առաջին սխրանք. Նեմեական առյուծը

 

 Այդ լսելով` Հերակլեսը գնաց Տիրինս և սկսեց կատարել Եվրիսթևսի հրամանները: Նախ նա հանձնարարեց բերել Նեմեական առյուծի մորթին: Սա Տիփոնից ծնված մի անխոցելի գազան էր: Առյուծի դեմ գնալիս Հերակլեսը հասավ Կլեոնե և հյուրընկալվեց մի աղքատ մարդու` Մոլորքոսի մոտ: Երբ նա ուզում էր զոհ մատուցել, Հերակլեսն ասաց, որ երեսուն օր սպասի, և եթե ինքը որսից ողջ վերադառնա, զոհ մատուցի Փրկարար Զևսին, իսկ եթե մեռնի, զոհաբերությունը կատարի իր` որպես հերոսի պատվին:  Հասնելով Նեմեա և առյուծին գտնելով` նախ նետ արձակեց նրա վրա, իսկ երբ հասկացավ, որ անխոցելի է, գուրզն առած ընկավ հետևից: Առյուծը փախավ ու մտավ երկու մուտքով մի քարայր: Հերակլեսը պատ շարելով մի մուտքը փակեց, իսկ մյուսով հարձակվեց գազանի վրա: Առյուծի պարանոցը բազկի մեջ առավ և սեղմած պահեց, մինչև նա խեղդամահ եղավ, ապա դրեց ուսերին ու տարավ Կլեոնե: Մոլորքոսին գտնելով նշանակված վերջին օրը, իր` որպես մեռածի պատվին զոհաբերության պատրաստություն տեսնելիս` նա զոհը մատուցեց Փրկարար Զևսին և առյուծին տարավ Միկենե:  Հերակլեսի արիությունից ցնցված Եվրիսթևսը նրան արգելեց այնուհետև քաղաք մտնել ու հրամայեց իր սխրանքների արդյունքը ցուցադրել դարպասի առջև: Ասում են, թե վախից նույնիսկ մի պղնձե կարաս էր պատրաստել իր համար, որպեսզի թաքնվի գետնի տակ, և թե սխրանքները պատվիրում էր` իբրև բանբեր ուղարկելով Էլեացի Պելոպսի որդի Կոպրևսին: Սա սպանել էր Իփիտոսին, փախել Միկենե և Եվրիսթևսից մաքրագործվելուց հետո այնտեղ էր ապրում: 

 

Աղբյուրը՝ Ապոլլոդորոս, Դիցաբանական գրադարան /հին հունարենից թարգմ.,

առաջաբ. և ծանոթագ․` Գ. Մուրադյանի և Ա. Թոփչյանի/,

Երևան, «Անտարես», «Սարգիս Խաչենց-Փրինտինֆո», 2017։

Art 365

03.09.2025

Հազարան Բլբուլ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.