Դավիթ Գյուրջինյանի հետ միասին շարունակում ենք մեր ընթացքը հին հունական դիցաբանությունից ծագած դարձվածքների և արտահայտությունների աշխարհում։ Այս անգամ լեզվաբանի ուշադրության կենտրոնում են քնի, մոռացման, ժամանակի ընթացքի հետ կապված դարձվածքները, որոնք իմաստային ընդհանրություն ունեն։
Մորփեոսի գիրկն ընկնել
Մորփեոսի գրկում
Հին հունական դիցաբանության մեջ Մորփեոսը երազների աստվածն էր, Հիպնոս աստծու որդին։ Նա մարդկանց քուն բերող աստվածն էր, ինչպես և երազներ էր ուղարկում նրանց։
Այստեղից ձևավորված Մորփեոսի գիրկն ընկնել դարձվածքի իմաստը՝ «քնել, խոր քնի մեջ ընկնել»։ Օրինակներ հայ գեղարվեստական խոսքից՝ «Խաղաղ սրտով վայելում էր և մտնում այրը, պառկում չոր խոտերից հարդարված անկողնի վրա և մշմշալով Մորփեոսի գիրկն էր ընկնում» (Պերճ Պռոշյան), «Օհանես աղան ուզեց խաչակնքել, որ չարը խափանվի, բայց նրա աչքերը փակվում են, և նա թավալգլոր ընկնում է Մորփեոսի գիրկը» (Գուրգեն Մահարի), «Նա գիտեր, որ քաղաքում հիմա բոլորն ընկել են Մորփեոսի գիրկը» (Հայկ Խաչատրյան), «Թախտին մեկնվելով, տեր հայրն անմիջապես ընկավ Մորփեոսի գիրկը» (Մկրտիչ Սարգսյան): Նկատելի է, որ հաճախ խոսքը սովորական քնելու մասին չէ, այլ անուշ քնելու։
Այս դարձվածքի տարբերակը կա (բայական բաղադրիչի փոփոխությամբ)՝ Մորփեոսի գիրկը նետվել․ «- Նրանք պարզունակ մարդիկ են, սնահավատ»,- եզրակացրեց Դարմանյանը սեփական գերազանցության գիտակցությամբ և, երեսը շրջելով դեպի պատը, նետվեց Մորփեոսի գիրկը (Ժիրայր Ավետիսյան):
Իսկ Մորփեոսի գրկում լինել դարձվածքը քնած լինելն է ցույց տալիս։
Առանց բայական բաղադրիչի գործածվող Մորփեոսի գրկում կապակցությունը նշանակում է «քնի մեջ, քնած»։ Օրինակներ գեղարվեստական խոսքից․ «Մի քառորդ ժամից նա Մորփեոսի գրկումն էր» (Մուրացան), «Մեծ բատոնոն ճակատամարտից հետո հանգստանում է կազդուրիչ Մորփեոսի գրկում» (Զարզանդ Դարյան)։
Հանդիպում է նաև մամուլում՝ «Խորհրդարանը Մորփեոսի գրկում» («Ազգ»): Սա երգիծական նշանակություն ունի․ խորհրդարանի անհոգ «քնի», այսինքն՝ անգործության մասին է։
Մորփեոս անվամբ ձևավորվել են պատկերավոր ուրիշ` կայուն և ոչ կայուն արտահայտություններ՝ «քուն մտնել, քնել» նշանակությամբ․
- անձնատուր լինել Մորփեոսին․ «Ես ուզում եմ փակել աչքերս և անձնատուր լինել Մորփեոսին, բայց այդ ժամանակ զգում եմ, որ մեկը քաշում է ոտքս» (Գուրգեն Մահարի), «Ինձ էլ կվիճակվի մի քանի ժամ անձնատուր լինել Մորփեոսին» (Վահրամ Փափազյան)․
- տեղավորվել Մորփեոսի գրկում․ «Կինը միայն դիրքը փոխեց և ավելի հարմարավետ կերպով տեղավորվեց Մորփեոսի գրկում (Գուրգեն Մահարի), «Ձեզ բոլորիդ թեթևացրել են ամեն տեսակ փոկերից ու երկաթեղենից, որ լավ տեղավորվեիք Մորփեոսի գրկում...․» (Զարզանդ Դարյան)․
- հանձնվել Մորփեոսին․ «Ես պատրաստվում եմ հանձնվելու Մորփեոսին» (Գուրգեն Մահարի)․
- Մորփեոսի թագավորությունը մտնել․ «Վանքի վանահայրը վաղուց մտել էր Մորփեոսի թագավորությունը, երբ նրա դուռը սաստիկ բախեցին (Պերճ Պռոշյան)․
- Մորփեոսի տիրապետության տակ գտնվել / լինել․ «Այդ ժամանակ միայն վերահասու եղավ, որ կինը գտնվում է անհաղթելի Մորփեոսի տիրապետության տակ» (Գուրգեն Մահարի)։
Ինքնատիպ են քնելու գաղափարին առնչվող այս կապակցությունները՝ «Եվ այդպես շարունակ՝ մինչև Մորփեոսը կառներ իր երանելի գրկի մեջ...» (Աղասի Այվազյան), «Ամենակարող Մորփեոսը, նրան իր գիրկն առնելով, պաշտպանում էր խղճի թունավոր նետերից (Զարզանդ Դարյան): Նաև սա՝ «Մորփեոսը դրել էր մատը հոգնած կոպերիս, և իմ երկու էությունները պետք է լուծվեին» (Վահրամ Փափազյան):
Սա էլ բանաստեղծական խոսքում․
Ասես խղճում ես հին բարեկամիդ,
Ուզում ես, որ նա մոռանա բոլոր
Տված ցավերդ և գեթ մի հանգիստ
Գիշեր վայելի Մորփեոսի հետ (Սարմեն):
Մորփեոսի անունը հանդիպում է նաև թարգմանական գործերում, այսինքն՝ այսպիսի արտահայտություններ կան ուրիշ լեզուներում ևս, և դա հասկանալի է, օրինաչափ։ Օրինակներ՝ «Ֆիլմն ավարտվելուց հետո, մինչ Մորփեոսը երջանիկիս իր գիրկն էր առել, զգացի, որ մեկը ուժեղ ցնցում է ինձ» (Շառլ Ազնավուր), «Մորփեոսի գրկում անփույթ հոգիս օրորելով․․․․» (Ալեքսանդր Պուշկին)։
Որոշ դեպքերում Մորփեոս անունը պարունակող կապակցության մեջ պատահում է հենց քնել բայը․ «Որքա՜ն դեպքեր են եղել, երբ ամբողջ Վանը խաղաղ ու անվրդով քնել է Մորփեոսի գրկում, նա չի քնել» (Գուրգեն Մահարի)։ Կամ ննջել-ը․
Երեկոն դեպի գիշերն էր թեքվում,
Լուսինն ընկել էր լուսամուտներին,
Եվ ով պոետ չէր, քնով հեշտագին
Ննջում էր խաղաղ Մորփեոսի գրկում (Ալեքսանդր Պուշկին):
Մեկ այլ տեղում նինջ-ն է․ «Մորփեոսը իր քնաբեր թևերով նինջ է սփռել նրա գեղանի աչերին» (Մուրացան) (այստեղ քնաբեր-ն էլ կա)։ Այստեղ՝ քուն-ը․
Սա՞ էր գիշերվա խավարում խաղաղ,
Մինչ Մորփեոսը աչքին բերեր քուն․․․ (Ալեքսանդր Պուշկին)։
Իսկ ահա այս նախադասությունը անքնության մասին է․ «Բայց Մորփեոսն այս գիշեր մոռացել է Կլեոպատրային» (Հայկ Խաչատրյան):
Բերված օրինակներից միաժամանակ կարող ենք եզրակացնել, թե հայ ո՛ր գրողներն են սիրել իրենց ստեղծագործություններում Մորփեոս անունը պարունակող արտահայտություններ գործածել։
Վերջում ասենք, որ Մորփեոս և Հիպնոս հատուկ անուններից են առաջացել մորֆի և հիպնոս բառերը։ Մորֆին քնաբեր և ցավամոքիչ դեղ է, նաև թմրադեղ, իսկ հիպնոսը կենդանիների և մարդու մասնակի քնի վիճակն է, որ առաջ է բերվում ներշնչումով, նաև ներշնչման ազդեցությամբ քնեցնելը, ինչպես և սովորաբար բուժական նպատակներով քնողի կամքի վրա ներգործելը (այստեղից էլ՝ հիպնոսացնել, հիպնոսացում)։
Լեթայի ջրեր
Լեթան մոռացության գետն էր Հադեսում՝ ստորերկրյա աշխարհում։ Ըստ առասպելի՝ մահացածների հոգիները խմում էին այդ գետի ջրերից և լիովին մոռանում իրենց անցյալ կյանքը՝ սեր և ատելություն, ուրախ և տխուր հիշողություններ, հույզեր ու տառապանքներ․․․
Գետի անունը հայերենում գրության երկու ձև ունի՝ Լեթա և Լետա: Համեմատենք. «Նրա այցելությունը սուզվել էր մոռացության գետի՝ Լեթայի խոր ջրերի մեջ» (Հրաչյա Հովհաննիսյան) և «Սրա անունը Սենա չէ: Սա Սենա գետը չէ, սա Լետան է՝ մոռացության գետը» - այսպես էր ասում միշտ Շարլ Բրեյը Սենայի մասին: Ինչեր չէին կատարվել ժամանակների մեջ Փարիզում» (Ավետիք Իսահակյան):
Գետի անունը տեսնում ենք Լեթայի ջրեր դարձվածքում, որի իմաստն է «մոռացության մատնել, մոռացվել, հիշողությունից անհետանալ»։ Օրինակ՝ «Ուրեմն չպետք է հույս դնել Լեթայի ջրերի վրա: Մոռացության գետը ամեն ինչ չէ, որ քշում տանում է» (Դավիթ Գասպարյան):
Լեթայի ջրերին հանձնել դարձվածքը, բնական է, նշանակում է «մոռացության մատնել», իսկ Լեթայի մեջ սուզվել-ը՝ «մոռացության մատնվել»: Օրինակ՝ «Ով ապաշնորհ է, միևնույն է կսուզվի Լետայի մեջ» (Վահան Տերյան):
Ծեր Քրոնոս
Քրոնոսը ժամանակի անձնավորումն է, տիեզերքի սկզբնավորման հիմքերից․ հավանաբար նրա ծնունդն են օդը, ջուրը և կրակը:
Հին հունական դիցաբանության մեջ և մշակույթում կան միմյանց հետ շփոթվող երկու անուններ՝ ժամանակի աստվածային մարմնավորումը՝ Քրոնոս (հունարեն Χρόνος) և տիտանների առաջնորդը՝ Կրոնոս (հունարեն Κρόνος): Հնչյունական նմանության պատճառով այս անունները միաձուլվել են, որի հետևանքով տիտան Կրոնոսին սկսել են նույնացնել ժամանակի ընթացքի հետ:
Կարդանք այս նախադասությունները՝ «Հեղափոխությունները Քրոնոսի նման ուտում են իրենց զավակներին» (Սիլվա Կապուտիկյան) և «Հենց իշխանությունը ինքը իր մեջ Քրոնոսի նման խժռեց իր զավակներին» («Առավոտ»): Ինչի՞ մասին է խոսքը։
Քրոնոսը հնագույն աստվածներից էր, Ուրանոսի (Երկինք) և Գեայի (Երկիր) կրտսեր որդին։ Մոր սադրանքով տապալել է հորը և դարձել աշխարհի տիրակալը: Քրոնոսը, վախենալով, որ իր զավակները իրեն կզրկեն գահից, կլանում էր իր նորածին երեխաներին: Կինը՝ Հռեան, կարողանում է փրկել կրտսեր որդուն՝ Զևսին, որը հետագայում տապալում է հորը և բանտարկում Տարտարոսում:
Քրոնոսը պատկերվում է երկար մորուքով ալեհեր ծերունու տեսքով: Նրա հիմնական հատկանիշներն են ավազի ժամացույցը կամ մանգաղը, որոնք խորհրդանշում են ժամանակի անվերջ ընթացքն ու ամեն ինչ մաշեցնող ուժը:
Ի դեպ, Քրոնոս-ը հասարակ անվան արժեք է ձեռք բերել ու քրոնոս ձևով գրանցվել արդի հայերենի բացատրական բառարանում՝ որպես բանաստեղծական բառ՝ ժամանակի խորհրդանիշը:
Քրոնոս-ից առաջացել է Ծեր Քրոնոս կապակցությունը, որը գործածվում է այն ժամանակ, երբ արծարծվում են ժամանակին, ժամանակի անցողիկությանը, մարդու կյանքի փոփոխություններին կամ պատմական ընթացքին վերաբերող հարցեր։ Օրինակ՝ «Ծեր Քրոնոսը անխնա փոխում է ամեն ինչ»։ Ժամանակն այստեղ ներկայանում է որպես ամենազոր, անողոք և ամեն ինչ փոխակերպող ուժ։
Հանդիպում է նաև Կռոնոս ձևով.
Սահում են ժամեր, վազում ժամանակ,
Բայց Կռոնոսի անիրավ ձեռքեր՝
Ամեն մի րոպե քաղում են անհագ՝
Կյանքիս դրախտեն գեղեցիկ վարդեր... (Րաֆֆի):
Ծեր Կռոնոս կապակցության մեջ նույնպես.
Ծեր Կռոնոսը սրեց գերանդին,
Եկավ կանգնեցավ մեր արտի գլխին,
Նա քաղեց երկու ծաղիկ թանկագին,
Մեկը Ծերենցն էր և մյուս՝ Րաֆֆին (Ջիվանի):
Իսկ Ջիվանու ծեր Կռոնոսը տարավ կապակցությունը նշանակում է «դաժան ժամանակը մահ բերեց».
Չունեցող համանման անգին ակին ողբացեք,
Տարավ ծեր Կռոնոսը՝ ազնիվ անթիքան չկա (անթիքա նշանակում է «բարձրարվեստ», «թանկագին հնություն»):
Այսպիսով՝ Մորփեոսի գիրկն ընկնել դարձվածքը կապված է քնի և երազների աշխարհի հետ, Լեթայի ջրեր արտահայտությունը վերաբերում է մոռացության գաղափարին, իսկ Ծեր Քրոնոս-ը՝ ժամանակի անխուսափելի ընթացքին և այդ ընթացքին ամեն ինչի ենթակա լինելուն։
Ներկայացված արտահայտություններն առ այսօր պահպանվել են տարբեր լեզուներում։ Ինչո՞ւ։ Քանի որ ոչ միայն պատկերավոր են, այլև, և սա կարևոր է, արտահայտում են համամարդկային գաղափարներ՝ քուն և երազ, հիշողություն և մոռացում, ժամանակի հավերժություն ու անցողիկություն և ժամանակի ավերիչ ազդեցություն։
Դարձվածային այս միավորները խոսքին հաղորդում են նրբագեղություն և պատկերավորություն՝ միաժամանակ բացահայտելով մշակութային խորություններ։
Հեղինակ՝ Դավիթ Գյուրջինյան