• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
ՍԵՂՄ ԵՎ ՃԻՇՏ [10 դեպք]

ՍԵՂՄ ԵՎ ՃԻՇՏ [10 դեպք]

Մենք երբեմն չենք խնայում մեր և դիմացինի ժամանակը (նյարդերի մասին չխոսենք). խոսելիս և գրելիս գործածում ենք ավելորդ բառեր, որոնք երկարացնում, նաև սխալ են դարձնում խոսքը: Եթե մեր գրավոր և բանավոր խոսքից զեղչենք ավելորդ ու սխալ այդ միավորները, ապա խոսքը կդառնա միաժամանակ թե՛ սեղմ, թե՛ ճիշտ և թե՛ հայերեն:

 

Ներկայացնենք 10 դեպք:

  1. Ավելորդ դա...

«Պետական դուման դա Ռուսաստանի  Դաշնային ժողովի ստորին պալատն է» նախադասությունից եթե հեռացնենք ավելորդ դա-ն, որը ռուսերենի ազդեցությամբ է այստեղ հայտնվել, ապա ամեն ինչ տեղը կընկնի:

  1. ….իցս+անգամ

Բազմիցս, քանիցս բառերի -իցս մասնիկը նշանակում է «անգամ», ուստի սրանց կողքին անգամ դնելը ավելորդ է և սխալ (բազմիցս անգամ և քանիցս  անգամ): Զեղչելով անգամ-ը՝ երկար և սխալ կապակցությունների  փոխարեն կունենանք սեղմ և ճիշտ բառերը:

  1. Կրկին, առանց անգամ-ի

Կրկին նշանակում է «երկրորդ անգամ, ևս մեկ անգամ, դարձյալ», ուստի սխալ է կրկին-ի կողքին անգամ բառը դնելը: Ճիշտ է կրկին հիշեցնել, սխալ է կրկին անգամ հիշեցնել:

  1. Ցտեսություն, առանց Ձեզ / ձեզ-ի

Հրաժեշտի այս բառը` ցտեսություն-ը, պետք է գործածել առանց Ձեզ / ձեզ-ի, ում հետ էլ խոսելիս լինենք, քանի որ նշանակում է «մինչև նոր՝ հաջորդ տեսություն»:

Բարև Ձեզ / ձեզ-ը ճիշտ է, քանի որ բարևողը բարին է մաղթում դիմացինին, իսկ ցտեսություն բառի պարագայում նման բան չկա: Ձեզ բառի միջոցով հրաժեշտի արտահայտությունը բարեկիրթ և հարգալից չի դառնում, այլ պարզապես սխալ (ու երկար):

Ուստի պետք չէ երիտասարդներից և ստորադասներից պահանջել ցտեսություն բառի կողքին պարտադիր գործածել Ձեզ / ձեզ-ը՝ որպես հարգանքի և քաղաքավարության նշան:

  1. Վերադառնալ, առաց հետ-ի

Վերադառնալ  նշանակում է «նորից գալ կամ գնալ այն տեղը, որտեղից հեռացել կամ գնացել է», այսինքն՝ վերադառնալ = հետ (ետ) դառնալ: Ուստի վերադառնալ բառից առաջ հետ / ետ դնելը ավելորդ և սխալ է:

Բնական է, որ նույն կերպ սխալ է փոստային բաժանմունքներում և գրասենյակներում գործածվող հետվերադարձ բառը: Պիտի լինի պարզապես վերադարձ:

  1. Ծանոթանալ ինչի՞ն

Երբ մարդկանց հետ ենք ծանոթանում, բնական է  հետ կապի գործածությունը. փոխադարձ ծանոթություն է: Բայց երբ իրավիճակին, գրքին, փաստաթղթին ենք ծանոթանում, հետ բառի գործածությունը թե՛ ավելորդ է և թե՛ սխալ: Ուստի ծանոթացանք իրավիճակին՝ գրքին՝ փաստաթղթին, առանց հետ-ի:

  1. Ջութակ նվագել

Ոմանք օտար լեզվի ազդեցությամբ ասում են ջութակի վրա նվագել, դաշնամուրի  վրա նվագել, բայց  դա հայերեն մտածողությամբ սխալ է, անընդունելի: Հայ մարդն ասել ու ասում է դուդուկ նվագել, թառ նվագել, նույն կերպ էլ պիտի ասի ջութակ նվագել, դաշնամուր նվագել , տավիղ ու երգեհոն նվագել և այլն:

Սրամիտներն ասում են, թե մեկը կարող է դաշնամուրի վրա նստած կիթառ նվագել: Կարող է, բայց խոսքը դրա՛ մասին չէ, այլ տվյալ նվագարանով (կամ երաժշտական գործիքով) նվագելու: Այդ դեպքում՝ առանց վրա կապի:

  1. Պարունակում է

Պարունակել նշանակում է «իր մեջ ունենալ», ուստի միանգամայն ավելորդ է այդ բայի կողքին նորից իր մեջ դնելը: Սխալ է «Ըմպելիքն իր մեջ պարունակում է ջուր, կիտրոն, հատապտողներ և շաքար», ճիշտ է «Ըմպելիքը պարունակում է ջուր, կիտրոն, հատապտողներ և շաքար»:

Նույնն է ամփոփել բայի դեպքում: Այսպես, պիտի ասենք «Ժողովածուն ամփոփում է գրողի վերջին տարիների կարճ պատմվածքները», առանց իր մեջ-ի:

  1. Ներս մտնել և դուրս գալ

Ոմանք բանավոր խոսքում ներս մտնել և դուրս գալ բայերի կողքին մեկ անգամ էլ են դնում ներս և դուրս միավորները: Օրինակ՝ «Ընկերներիս հետ դուրս եկա դուրս, տեսա լրիվ մութ է»: Պարզ է, որ երկրորդ դուրս-ը լրիվ ավելորդ է: Այդպես  էլ ներս-ը՝ ներս մտա ներս կապակցության մեջ:

  1. Իրենից ներկայացնում է

Ռուսաբանություն է իրենից ներկայացնել կապակցությունը: Դիտարկենք այս նախադասությունը՝ «Քչերը գիտեն, թե ի՛նչ է իրենից ներկայացնում քիուեսթյան սկզբունքը»: Հանենք իրենից ներկայացնում բառերը, նախադասությունը կդառնա իսկապե՛ս հայերեն:

 

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

shushan karapetyan

04.12.2023

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.