• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐ. Ջ – Ճ - Չ  [10 դեպք]

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐ. Ջ – Ճ - Չ [10 դեպք]

 

     Հայերենի ուսուցիչները տարիներ շարունակ սովորեցնում են բառերը ճիշտ գրելու կանոնները, բայց «վթարները» շարունակվում են: Հարկավոր է մի քիչ լարել ուշադրությունը, և ամեն ինչ տեղը կընկնի:

 

    Ընտրել ենք ջ-ճ-չ-ի ուղղագրության «վթարային» 10 դեպք:

 

  1. Հայկական շատ համով մի ճաշ կա, անունը՝ քրջիկ: Այս ճաշը եփում են թթու դրած կաղամբից և ձավարից: Գրվում է ջ-ով, քանի որ առաջացել է քուրջ «մաշված՝ քրքրված շոր. ցնցոտի» իմաստն ունեցող բառից: Այս ճաշն էլ թթու կաղամբի կտորտանքից, ժողովրդի լեզվով ասած՝քրջերից են եփում, ուստի պիտի գրենք ջ-ով:

 

  1. Թվում է՝ խնդիր չկա. չ ասում, չ էլ գրում ենք՝ զեղչ: Բայց միջին դասարաններում սովորածը ոմանք հետագայում մոռանում են, և խանութների ապակիներին հայտնվում է զեղջ-ը, ոմանց գրավոր խոսքում՝ նույնիսկ  զեղճ-ը:

              Ուրեմն նախ  բառի ճիշտ արտասանությունը պիտի սովորեցնենք՝ զեղՉ: Այդպես էլ պիտի գրենք՝ զեղՉ, նաև զեղՉել:

 

  1. Սովորեցնողների համար գլխացավանք է դարձել նաև զղջալ բառը (սրանից էլ՝ զղջում): Այստեղ ղջ ենք գրում ողջ, ամբողջ, աղջիկ և կամ բղջախոհ «ցանկասեր» բառերի նման: Զեղչել բառի ազդեցությա՞մբ է, թե՞ մեկ այլ պատճառով, ոմանք դժվարանում են ճիշտ կողմնորոշվել «վթարային իրավիճակում» և սխալվում են՝ ջ-ի փոխարեն է՛լ չ, է՛լ ճ գրելով կամ  էլ ղ-ի փոխարեն՝ խ:

    Կարգ ու կանոնով ամեն բան դնենք իր տեղը՝ զեղչ, զեղչել, բայց՝ զղջալ, զղջում:

 

  1. Ոմանց համար «ուղղագրական վթարի» առիթ կարող է դառնալ զիջել բառը, որի բառափնջում են զիջում-ը, փոխզիջում-ը: Անկասկած ջ-ով, միայն ջ-ով. կանոն է:

 

  1. Աղջիկ բառն ունի ժողովրդական տարբերակներ, որոնք հանդիպում են գրականության մեջ՝ աղջի և ախչի ձևերով: Այսպես.

 

             Աղջի՛, անաստված, նստի՛ր վրանում,

             Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում (Հովհ. Թումանյան, «Անուշ»):

 

- Հորս ու մորս ասա,– լսեց ամուսնու ձայնը,– առաջինը իրե՛նց հրավեր արա, ա՛յ ախչի, նրանք պիտի նստեն սեղանիդ գլխին (Վ. Պետրոսյան, «Կրակե շապիկ»):

 

Անկախ սրանցից՝ աղջիկ բառի կանոնական գրությունը նույնն է:

 

  1. Փուչ «մեջը դատարկ, սնամեջ», «անիմաստ, անհեթեթ» բառի հարցը հեշտ կարող ենք լուծել, եթե հաշվի առնենք, որ նույն արմատից են փչել, փչոց «սուտ», փչան «սուտասան», փուչիկ, փչանալ բառերը: Այսքանից հետո որևէ մեկը վստահաբար փուչ-ն այլևս չի գրի  ջ-ով:

Բայց այստեղ մի բայց կա. արևմտահայերենում այս բառը գրում են փուճ ձևով, սրանից էլ՝ փճանալ:

 

  1. Միայն ջ-ով են գրվում պղպջալ և պղպջակ բառերը, որքան էլ այս կամ այն բարբառի կամ խոսվածքի ազդեցությամբ այս բառերը տարբեր կերպ արտասանենք: Պղպջակ-ը V դարից սկսած այսպես է գրվում (դարերի ընթացքում  ճ-ով գրողներ էլ են եղել, ինչպես հիմա): Պղպջալ և պղպջակ՝ միայն ջ-ով:

 

  1. Արտասանական նմանության հիման վրա ոմանք շփոթում են թռչել «սավառնել, թևածել» և թրջել «խոնավացնել, թացացնել» բայերի գրությունը: Պարզ է, որ թրջոց-ը թրջել բայից է կազմվել: Ուստի ուղղագրական վթարն այսուհետև պիտի բացառել:

 

  1. Մի բառ կա, որ գայթակղության քար է դարձել շատերի համար. քանի՜ աշակերտ և ուսանող է միավոր կորցրել այս բառը սխալ գրելու պատճառով: Դա խառնիճաղանջ-ն է: Ժամանակին այս բառը բառարաններում տրվում էր գրության երկու ձևով՝ խառնիճաղանճ (ճ-ով) և  խառնիճաղանջ (ջ-ով): Տարբերակների մրցակցությունում ի վերջո հաղթեց խառնիճաղանջ-ը՝ ջ-ով. արևելահայերենի ուղղագրական բառարաններում արդեն միայն սա է տրվում: Արևմտահայերենում ճ-ով գրությունը տակավին պահպանվում է (ճ գրում, բայց ջ են արտասանում):

 

  1. Արևելահայերեն հաչել, հաչան, արևմտահայերեն հաջել, հաջան, բայց սրանք իրար չեն խանգարում. յուրաքանչյուրը ճիշտ է իր համակարգում: Համեմատենք. արևել. Հաչան շունը չի կծում, արևմտ. Խածան շունը հաջան չ’ըլլար:

 

Աջակողմյան երթևեկությամբ հաջողություն մաղթենք բոլորին ուղղագրության խաչմերուկներում, վայրէջքներին ու վերելքներին:

 

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

 

 

տես նաև՝

 

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐ. Բ – Պ - Փ [10 դեպք]

Շուշան Մարուքի

04.03.2024

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.