• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Մոլորակների հայկական անվանումները

Մոլորակների հայկական անվանումները

Մոլորակների հայկական անվանումները բաժանվում են երկու խմբի՝ բնիկ հայկական (հայկյան) և հունաբան։ Բնիկ հայկական անվանումներն իրենց բնույթով լիովին հայկական են, հայակազմ են և ձևավորվել են բացառապես հայկական միջավայրում, մինչդեռ հունաբան անվանումները հունարենում առկա հունակազմ անվանումների նմանությամբ կատարված հայկական բառապատճենումներ են։

 

ԲՆԻԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ

 

• Լուծ, Օտարիտ, Երմու (Մերկուրի)

• Եղջերու, Լուսաբեր, Գիշերավար, Լուսաստղ, Այգաստղ, Այգաբեր, Մթնաստղ, Իրիկնաստղ, Իրիկնաբեր, Աստղիկ (Վեներա)

• Ծկրավորի (Մարս)

• Փառազնոտի (Յուպիտեր)

• Արտախույր (Սատուրն)

 

ՀՈՒՆԱԲԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ

 

5-րդ դարում, հայ գրերի գյուտից հետո, երբ հայերը զարկ տվեցին հին հունարենից թարգմանելու՝ պատմական, կրոնական, նկարագրական, բարոյական, իմաստասիրական և գիտական գրվածքներ, կամ աշխատություններ, ստեղծվեց  «Հունաբան դպրոցը»։

Հունաբան դպրոցը՝ հունարենի նմանությամբ կատարված քերականական և բառապաշարային նորարարություններով հայերենում ներմուծեց բազմաթիվ և բազմապիսի նորաբանություններ՝ այսպիսով հիմք դնելով հունաբան հայերենին։ Հավանաբար հենց այս ժամանակահատվածում էլ՝ գիտական թարգմանություններ կատարելու ժամանակ, հին հունական բնագրերից չշեղվելու և վերջիններիս  հարազատ մնալու համար, հունաբան դպրոցը՝ մոլորակների անվանումները որոշակիորերեն փոփոխեց։ Այսպես օրինակ, հին Հունաստանում մոլորակների անվանումները հետևյալն էին.

 

• Στιλβών (Stilbṓn) - Մերկուրի

• Ἑωσφόρος (Heōsphóros) - Վեներա (Լուսաբացին երևացող «աստղը»)

• Ἕσπερος (Hésperos) - Վեներա (Իրիկնամուտին երևացող «աստղը»)

• Πυρόεις (Pyróeis) - Մարս

• Φαέθων (Phaéthōn) - Յուպիտեր

• Φαίνων (Phaínōn) - Սատուրն

 

Հին հունական և հայկական անվանումների իմաստները

 

• Առաջին անվանումը՝ Στιλβών (Stilbṓn)-ը, չունի ընդհանուր ստուգաբանություն, սակայն իմաստաբանորեն բացառի նմանակում է՝ «փայլել, շողալ, պսպղալ»։ Նշյալ անվանման հենքով հունաբանները հայերենի համար ստեղծեցին՝ «Փայլածու» անվանումը։

• Երկրորդ անվանումը՝ Ἑωσφόρος (Heōsphóros)-ը, Վեներա մոլորակի՝ այգաբացին աստղակերպ հայտնվելու անվանումն է, իբրև՝ «այգաստղ»։ Բառը կազմված է « ἕως» (héōs - «այգ, արշալույս») և «φέρω» (phérō - «բերել») բաղադրիչներից. բառացի նշանակում է «այգաբեր»։ Նշյալ անվանման հենքով հունաբանները հայերենի համար ստեղծեցին՝ «Լուսաբեր» անվանումը։

• Երրորդ անվանումը՝  Ἕσπερος (Hésperos)-ը, Վեներա մոլորակի՝ իրիկնամուտին աստղակերպ հայտնվելու անվանումն է, իբրև՝ «իրիկնաստղ»։ Բառը ծագում է վաղնջահունարենի՝ «*wésperos» ձևից, որն էլ իր հերթին սերում է հ.-ե.՝ «*wek(ʷ)speros» ձևից (ի դեպ, սույն հ.-ե.՝ «*wek(ʷ)speros» ձևից է ժառանգված հայերենի՝ «գիշեր» բառը)։ Նշյալ անվանման հենքով հունաբանները հայերենի համար ստեղծեցին՝ «Գիշերավար» անվանումը։

• Չորորդ բառը՝ Πυρόεις (Pyróeis)-ը, կազմված է հին հունարենի՝ «πῦρ» (pûr - «հուր, կրակ») բառից՝ «-εις» (-eis) վերջնամասնիկից. բառացի նշանակում է՝ «կրակոտ»։ Նշյալ անվանման հենքով հունաբանները հայերենի համար ստեղծեցին՝ «Հրատ» անվանումը:

• Հինգերորդ բառը՝ Φαέθων (Phaéthōn)-ը, բառացի նշանակում է՝ «պայծառ, ճառագայթակերպ»։ Բառը ծագում է վաղնջահունարենի՝ «*pʰawétʰō» ձևից, որն էլ իր հերթին սերում է հ.-ե.՝ «*bʰh₂wedʰeti» ձևից, որի արմատն է՝ «*bʰeh₂-» (փայլել)-ը։ Նշյալ անվանման հենքով հունաբանները հայերենի համար ստեղծեցին՝ «Լուսնթագ» անվանումը։

• Վեցերորդ բառը՝ Φαίνων (Phaínōn)-ը, բառացի նշանակում է՝ «փայլուն, պսպսղուն»։ Բառը ծագում է վաղնջահունարենի՝ «*pʰáňňō» ձևից, որն էլ իր հերթին սերում է հ.-ե.՝ «*bʰh₂nyéti» ձևից, որի արմատն է դարձյալ՝ «*bʰeh₂-» (փայլել)-ը։ Նշյալ անվանման հենքով հունաբանները հայերենի համար ստեղծեցին՝ «Երևակ» անվանումը։

Հելենիզմի ժամանակաշրջանում՝ մոլորակների հին հունական անվանումները փոխվեցին նորերով և վերջիններս վերանվանվեցին հունական դիցարանի աստվածությունների անվանումներով։

Այսպես օրինակ.

• Στιλβών (Stilbṓn) → Ἑρμῆς (Hermē̂s)

• Ἑωσφόρος (Heōsphóros), Ἕσπερος (Hésperos) → Ἀφροδίτη (Aphrodítē)

• Πυρόεις (Pyróeis) → Ἄρης (Árēs)

• Φαέθων (Phaéthōn) → Δίας (Días)

• Φαίνων (Phaínōn) → Κρόνος (Krónos)

Հատկանշական է նաև այն, որ անգամ փոխվել էր լուսնի անվանումը՝ «Σελήνη» (Selḗnē)-ից դառնալով՝ «Φεγγάρι» (Fengári), սակայն արեգակի անվանումը մնացել է անփոփոխ։

Ի դեպ, այս տեսակի օրինաչափ փոփոխություններ եղել են նաև հայերի, պարսիկների և այլ ազգերի աստղագիտական համակարգերում։

Ստորև՝ ըստ հերթականության, ներկայացված են մոլորակների հայկական, լատինական, հունական, իրանական, արաբական, հնդկական և չինական անվանումները, որոնց կից նաև տրվում են վերջիններիս հարակից անվանումները։

 

• Հայ. - Փայլածու, Լուծ, Օտարիտ, Երմու

• Լատ. - Mercurius

• Հուն. - Ἑρμῆς (Hermē̂s), Στιλβών (Stilbṓn)

• Իր. - Tīriya, تیر (Ty̰r)

• Արաբ. - العطارد (al-‘Utarid)

• Հնդ. - बुध (Budha), सॊउम्य (Soumya)

• Չին. - 水星 (Shuǐ xīng - Ջրի աստղ (Ջրաստղ))

 

 

• Հայ. - Արուսյակ, Եղջերու, Լուսաբեր, Գիշերավար, Լուսաստղ, Այգաստղ, Այգաբեր, Մթնաստղ, Իրիկնաստղ, Իրիկնաբեր, Աստղիկ

• Լատ. - Venus

• Հուն. - Ἀφροδίτη (Aphrodítē), Ἑωσφόρος (Heōsphóros), Ἕσπερος (Hésperos)

• Իր. - Anahita, ناهيد (Nạhyd)

• Արաբ. - الزهرة (al-Zuhara)

• Հնդ. - शुक्र (Shukra), शुक्रछर्य (Shukracharya)

• Չին. - 金星 (Jīn xīng - Մետաղի աստղ (Մետաղաստղ))

 

• Հայ. - Հրատ, Ծկրավորի

• Լատ. - Mars

• Հուն. - Ἄρης (Árēs), Πυρόεις (Pyróeis)

• Իր. - Vərəθraγna, بهرام (Bhrạm)

• Արաբ. - المرّيخ (al-Marrikh)

• Հնդ. - मन्गल (Mangala), अन्गरक (Angaraka)

• Չին. - 火星 (Huǒ xīng - Կրակի աստղ (Հրաստղ))

 

• Հայ. - Լուսնթագ, Փառազնոտի

• Լատ. - Jupiter

• Հուն. - Δίας (Días), Φαέθων (Phaéthōn)

• Իր. - Ahura Mazda, مشتري (Msẖtry)

• Արաբ. - المشتري (al-Mushtari)

• Հնդ. - ब्ढ़स्पति (Bṛhaspati), गुरु (Guru)

• Չին. - 木星 (Mù xīng - Փայտի աստղ (Փայտաստղ))

 

• Հայ. - Երևակ, Արտախույր

• Լատ. - Saturnus

• Հուն. - Κρόνος (Krónos), Φαίνων (Phaínōn)

• Իր. - Kēwān, کيوان (Ḵywạn)

• Արաբ. - الزحل (al-Zuhal)

• Հնդ. - शनि (Shani), सनैस्छर (Sanaischara)

• Չին. - 土星 (Tǔ xīng - Երկրի աստղ (Երկրաստղ))

Հեղինակ՝ Էլլա Մանուկյան

Art 365

24.01.2022

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.