• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հոգնակի թվի կազմությունը հայերենում [կանոններն ու բացառությունները]

Հոգնակի թվի կազմությունը հայերենում [կանոններն ու բացառությունները]


Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի միատեսակ առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: 

Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝ գիրք, լիճ, աղջիկ:

Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝  թռչուններ, աթոռներ, տղաներ, տներ:

Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:

Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝  տուն-տներ:

Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ քաղաք-քաղաքներ:

  

Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ:

Սա կանոնն է, բայց կան այս կանոնից շեղումներ:





1. Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով:





Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս:





Դրանք գրաբարում ունեցել են այսպիսի տեսք՝ բեռն, լեռն, դուռն: Հոգնակին կազմելիս՝ այդ բառերը վերականգնում են գրաբարյան ն -ն: Այդ ն -ն վերականգնվում է նաև բառակազմության մեջ, ինչպես՝ բեռնատար, լեռնային, դռնապան:





Ռուս բառը չի պատկանում այս բառերի շարքին, սակայն, թեև միավանկ է, բայց ստանում է ներ վերջավորություն: Սա բացառություն է:





2. Սրան հակառակ՝ որոշ բազմավանկ բառեր էլ ստանում են եր վերջավորություն: Դա լինում է այն դեպքում, երբ բառը բարդ է, և նրա վերջին բաղադրիչը միավանկ է: 





Օրինակ.





Ջրափոս բառի վերջին բաղադրիչն է փոս, որը միավանկ է: Այդ պատճառով էլ ջրափոս բառի հոգնակին լինում է ոչ թե ջրափոսներ, ինչպես հատուկ է բազմավանկ բառերին, այլ ջրափոսեր:





Վերջում միավանկ բաղադրիչ ունեցող բառերի հոգնակին, սակայն, միշտ չէ, որ կազմվում է եր -ով: Պետք է նկատի ունենալ հետևյալ կանոնը. եթե այդ միավանկ բաղադրիչը պահպանում է իր իմաստը, ինչպես մեր օրինակում՝ ջրափոս  նշանակում է ջրի փոս, ապա հոգնակին կազմվում է եր -ով:





Բայց կան բառեր, որոնց իմաստը, երբ փորձում ենք արտահայտել բառակապակցությամբ, վերջին  միավանկ բաղադրիչը ավելի լայն իմաստ է արտահայտում, օրինակ՝ ժամացույց նշանակում է ոչ թե ժամի ցույց, այլ ժամ ցույց տվող: Այս դեպքերում հոգնակին կազմվում է ներ վերջավորությամբ՝ ժամացույցներ:





Որոշ դեպքերում էլ բառի իմաստը իր բաղադրիչների իմաստների գումարը չէ, այլ նշանակում է մի այլ բան, ինչպես՝ նրբանցք  նշանակում է ոչ թե նուրբ անցք, այլ նեղ փողոց, այդ պատճառով էլ հոգնակին կազմվում է ներ-ով՝ նրբանցքներ:









3. Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ արկ/ը/ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե արկղներ, այլ արկղեր:





 Սա չի վերաբերում այն բառերին, որոնցում գաղտնավանկը առաջին վանկն է, ինչպես՝ բ/ը/ժիշկ:  Այս բառերի հոգնակին սովորական բազմավանկ բառերի նման կազմվում է ներ -ով՝ բժիշկներ:





Կան այնպիսի մեկուկեսվանկանի բառեր, որոնք սկսվում են սպ, սկ, շտ, սկ հնչյունակապակցություններով: Այս բառերում գաղտնավանկի ը -ն բառասկզբում է՝  /ը/սպա:

Սրանց հոգնակին նույնպես կազմվում է ներ -ով՝ սպաներ: 





Կան բառեր, որոնցում եր-ը արմատի մասն է, oրինակ՝ սուսեր: Դրանք հոգնակի թվով չեն, քանի որ չեն կարող այդ եր-ը կորցնել: 





Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով (այլաձև հոգնակի): Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ նախամարդ-նախամարդիկ:





Տիկին, պարոն և անձ  բառերի հոգնակին կազմվում է երկու ձևով, oրինակ՝ տիկնայք և տիկիններ, պարոնայք և պարոններ, անձինք և անձեր:





 Հոգնակիի այլ վերջավորություններ չկան. մասնավորապես՝ ք -ն ածանց է, ոչ թե հոգնակիի վերջավորություն, oրինակ՝ բերք:





Հոգնակիի կազմման ժամանակ կարող է տեղի ունենալ վերջին վանկի ձայնավորի հնչյունափոխություն: Առավել հաճախ հնչյունափոխվում են  ի, ու, ը  ձայնավորները: Ի -ն հաճախ դառնում է ը, փակ վանկի  ու-ն դառնում է ը,  բաց վանկի ու -ն՝ ը, վ -ն սղվում է՝ տուն-տներ, միրգ-մրգեր, աստղ-աստղեր:







 

shushan karapetyan

07.06.2021

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.