• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հետիոտն դեպի Արագածոտն [ՈՏՆ վերջնաբաղադրիչով բառերի մասին] 6 դեպք

Հետիոտն դեպի Արագածոտն [ՈՏՆ վերջնաբաղադրիչով բառերի մասին] 6 դեպք

 

Հին հայերենում մարդու մարմնի մասերից մեկը կոչվում էր ոտն, որի հոգնակին էր ոտք: Ժամանակակից գրական հայերենում գրաբարյան հոգնակիի ոտք-ը դարձել է եզակի թվի ձև, որից էլ կազմվում է ոտքեր հոգնակին:

Չմոռանանք, իհարկե, որ այսօր ժողովրդական խոսքում հաճախ ասում ենք ոտ (բառավերջի ն-ի անկումով), հոգնակին կազմելիս ն-ն վերականգնվում է՝ ոտներ: Այդպես էլ ձեռն – ձեռք – ձեռքեր, ժողովրդական խոսքում՝ ձեռ - ձեռներ:

Ոտն արմատը բառասկզբի դիրքում առանձնակի դժվարություններ չի առաջացնում: Կազմված բառերն առավելաբար ն-ով են (ոտնահետք, ոտնաթաթ, ոտնակոխ անել, ոտնակ, ոտնահարել, ոտնաձայն), հազվադեպ՝ առանց ն-ի (ոտաշոր, ոտիկ, ժողովրդական խոսքում գրականին բնորոշ ն-ի զեղչմամբ՝ ոտացավ, ոտատակ, ոտատեղ): Բառամիջի դիրքում էլ առանց ն-ի է (եռոտանի, երկոտանի, չորքոտանի):

Անդրադառնանք այն բառերին, որոնց վերջում գրաբարյան ոտն արմատն է: Այս բառերը գործածողները երբեմն ունենում են դժվարություններ:

 

    1. ՀԵՏԻՈՏՆ

Սուրբ Գրքում գործածված այս շատ հին բառը նշանակում է «ոտքով գնացող, քայլելով գնացող», «հետևակ», «ոտքով»: Ի դեպ, այս բառի հետ արմատի նախնական նշանակությունն է «ոտք»  (հետք բառը հենց «ոտքի կոխած տեղի նշան» իմաստն ունի):

Հետիոտն-ի ն-ն բառի պարտադիր բաղադրիչ է, և սխալ է բառը գրել կամ ասել առանց ն-ի:

Հոգնակին կազմվում է –եր մասնիկով՝ հետիոտներ:

 

    1. ԲՈԿՈՏՆ

Բոկոտն նշանակում է «բոբիկ. բոբիկ ոտքերով» (բոկ «բոբիկ, ոտքը մերկ»): Բառարաններում գրանցվել է նաև բոկոտ-ը, առանց ն-ի: Նախընտրելին անշուշտ բոկոտն-ն է: Ինչո՞ւ: Որպեսզի պահպանվեն ավանդույթը և ոտն վերջնաղադրիչով բառերի համակարգայնությունը:

Ստեղծվել, բայց շատ չի գործածվում ռուսերեն босоножка [բասանոշկա] բառի համարժեքը՝ բոկոտիկ (կազմիչներն են բոկ, ոտ և -իկ):

 

    1. ԲԱՐԱԿՈՏՆ, ԵՐԿԱՐՈՏՆ, ԿԱՐՃՈՏՆ, ԿԱՐՄՐՈՏՆ

Այս բառերի առաջին բաղադրիչները ցույց են տալիս ոտքերի (կամ քայլելու) հատկանիշներ: Այսպես՝ բարակոտն «բարակ ոտքեր ունեցող», երկարոտն «երկար ոտքեր ունեցող», կարճոտն «կարճ ոտքեր ունեցող», կարմրոտն «կարմիր ոտքեր ունեցող»:

Բառարաններում գրանցված են սրանց առանց ն-ի տարբերակները ևս՝ բարակոտ, երկարոտ, կարճոտ, կարմրոտ: Սակայն առանց ն-ի գործածելը նպատակահարմար չէ: Ինչո՞ւ: Հաշվի պիտի առնենք, որ  ժողովրդական խոսքում ունենք բարակոտ «բարակավուն»,   երկարոտ «երկարավուն», կարճոտ «մի փոքր կարճ, կարճավուն» և կարմրոտ «մի քիչ կարմիր, կարմրին տվող, կարմրավուն» բառերը, որ կարող է շփոթի պատճառ դառնալ:

Բացառություն է արագոտն «արագաշարժ ոտքեր ունեցող, արագագնաց, արագաքայլ» բառը, որն առանց ն-ի չի հանդիպում:

Լեզուն այս դժվարությունը հաղթահարել է. ստեղծվել են ուրիշ մասնիկներով նույնահիմք բառեր: Այսպես. կարմրոտն / կարմրոտ տարբերակներից բացի ունենք նաև կարմրոտանի, կարմրոտիկ, կարմրոտնիկ: Կամ էլ հոդակապով՝ կարճաոտ, նաև արագաոտ: Այնպես որ գործածողները ընտրելու հնարավորություն ունեն:

 

    1. ԿԱՐԾՐՈՏՆ

Սա հացազգիների ընտանիքին պատկանող բույսի անուն է, քչերին է հայտնի: Գիտեն մասնագետները և չեն սխալվում:

 

    1. ԽՈՉԸՆԴՈՏ

Գրաբարում եղել է բառավերջի ն-ով՝ խոչընդոտն (խոչ՝ արգելք ոտքի դիմաց՝ առջև): Հետագայում ն-ն ընկել է: Մենք այսօր չենք էլ գիտակցում, որ ոտն արմատի հետ գործ ունենք:

Հոգնակին կազմվում է բազմավանկ բառերի օրինակով՝ –ներ մասնիկով՝ խոչընդոտներ: Կարող ենք մեկնաբանել նաև այսպես՝ ոտն – ոտներ:

 

    1. ԱՐԱԳԱԾՈՏՆ, ՄԱՍՅԱՑՈՏՆ

Ոտն բաղադրիչն ունենք նաև Արագածոտն (գրաբար Ոտն Արագածու / Արագածու ոտն), Մասյացոտն (գրաբար Մասեացոտն < Ոտն Մասեաց < Մասիք) տեղանուններում: Սրանք տարբերվում են նախորդներից. այս  տեղանունների ոտն-ը նշանակում է «լեռան ստորոտը», այսինքն՝ «Արագածի ստորոտը», «Մասիսների ստորոտը»: Ի դեպ, V դարից ունենք լեռնոտն «լեռան ստորոտը» բառը, որը  գրանցված է նաև ժամանակակից հայերենի բառարաններում, բայց հնացած է և չի գործածվում:

Հատուկ անունները կայուն են, ուստի անթույլատրելի է առանց ն-ի գործածությունը թե՛ գրավոր և թե՛ բանավոր խոսքում:

 

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

 

shushan karapetyan

02.10.2022

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.