• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
ԲԱՎԱԿԱՆ – ԲԱՎԱԿԱՆԻՆ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ԱՅԼ ԲԱՌԱԶՈՒՅԳԵՐ  [8 բառազույգ]

ԲԱՎԱԿԱՆ – ԲԱՎԱԿԱՆԻՆ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ԱՅԼ ԲԱՌԱԶՈՒՅԳԵՐ [8 բառազույգ]

Բավական և բավականին բառերի գործածության յուրահատկությունները ներկայացնելուց առաջ հարկ է անդրադառնալ –ին ածանցին, քանի որ այս երկու բառերն իրարից տարբերվում են հենց այդ մասնիկով: -Ին ածանցը միանում է հատկանիշ ցույց տվող բառերին և սաստկացնում / զորացնում է նրանց արտահայտած իմաստը: Համեմատենք –ին ածանցով զանազանվող բառերի զույգերը:

 

  1. Մութ – մթին (սա ընկալվում է որպես «շատ մութ»): Դիտարկենք այս բառերի գործածությունը Վահան Տերյանի միևնույն քառատողում.

 

Մեղքի մթին քարայրից,

Ուր հսկում ես դու անքուն,-

Մութ ցանկությամբ դյութի՛ր ինձ

Եվ փայփայի՛ր ինձ թաքուն:

 

  1. Նուրբ – նրբին (այսինքն՝ «շատ նուրբ»): Ահա այս բառերի համատեղ գործածության մի օրինակ արձակից. «Առաջին անգամ էր լսում նրա ձայնը, որ նուրբ հնչեղություն ուներ, մի քիչ երգեցիկ, գուցե ավելի սազական նրբին տողերի համար (Ալեքսանդր Թոփչյան):

 

  1. Խոր (առանց ը-ի ավելի լավ է) – խորին: Խոր հարգանքով և խորին հարգանքով կապակցությունների իմաստային նուրբ զանազանությունը –ին ածանցից է. խորին-ն ավելին է արտահայտում, քան խոր-ը:

 

  1. Անհնար – անհնարին: Այս բառերի բառարանային բացատրություններում ընդհանուր շատ բան կա՝ «ոչ հնարավոր», փոխաբերական՝ «անասելի, ծայրահեղ». անհնար-ի համար նշվում է նաև «անիրագործելի», անհնարին-ի համար՝ «անկարելի», «անդիմադրելի, անհաղթահարելի»:

Համեմատենք չարենցյան հետևյալ տողերը.

     Նա ի՜նքն էր կարծես եկել երկիր

     Հրաշքով մի սուրբ ու անհնար....

 

    Անհնարին էր, որ քո

     Երգի ոգին հանճարեղ

     Նաիրական իր երգով

     Այնժամ երգեր մի արև:

 

  1. Հեշտ – հեշտին: Հեշտ բառը բոլորը գիտեն, համաժողովրդական գործածություն ունի, բայց հեշտին-ը գեղարվեստական խոսքին բնորոշ բառ է (կարող ենք ասել նույնիսկ բանաստեղծական): Սա արդեն չենք մեկնաբանում «ավելի հեշտ», այլ ասում ենք, որ սա նույն հեշտն է, դյուրինը, բառարանները նշում են նաև «հեշտալից, հեշտավետ»:

          Ահավասիկ երկու օրինակ գեղարվեստական խոսքից՝ մեկն արձակ, մյուսը՝ չափածո:

          Շրջապատը չքանում է, լողում եմ եթերի մեջ, թեթև, հեշտին (Հր. Քոչար):

          Կյանքն էլ է այդպես դժվար ու հեշտին (Պ. Սևակ):

 

  1. Ջերմ – ջերմին: Ջերմին-ն էլ է գեղարվեստական բառ, քիչ գործածական:

     Կանգուն, ողորկ ու ջերմին, մարմին մարմարե,

     Ամեն սիրո ու սերմի կենսակարմիր արև (Ե. Չարենց):

 

  1. Դյուր – դյուրին: Այս բառազույգը մյուսներից տարբեր է: Այստեղ անածանց դյուր միավորը (նշանակում է «ջանք չպահանջող, հեշտ») հազվադեպ տեսնում ենք հայ դասական գրականության մեջ: Ընդհանուր հայերենյան բառ է, գործածվել է երկու գրականներում էլ (արևմտահայերեն և արևելահայերեն):

 

Գնա՛, լուսին, դիւր կ’երթաս (Դ. Վարուժան):

Անահիտը պարզապես կաշկանդվել էր մի հիվանդագին դյուր զգացությամբ (Դ. Դեմիրճյան):

 

     Այսօր դյուր-ն ամբողջովին դուրս է մղվել գործածությունից, և միայն -ին ածանցով կազմված դյուրին-ն է գործածվում: Արևելահայերենում  դյուրին-ը գործածվում է գերազանցապես գրական խոսքում, իսկ արևմտահայերենում սովորական է նաև առօրյա, ժողովրդական խոսքում:

 

  1. Բավական – բավականին (պարզ է, որ սխալ է ոմանց գործածած բավականի ձևը): Բավական-ը գործածության մեծ ընդգրկում ունի, հանդիպում է թե՛ առօրյա, թե՛ գիտական, թե՛ գեղարվեստական ու հրապարակախոսական և թե՛ վարչական խոսքում: Այն կարող է գործածվել՝

 

  • առարկա ցույց տվող բառերի՝ գոյականների հետ

          Երբ վիրավորվեցի, բավական ժամանակ բարձր ջերմության մեջ աչքիս շարունակ այն գերմանացին էր (Շ. Թաթիկյան):

  • առարկայի և գործողության հատկանիշ ցույց տվող բառերի (ածական և մակբայ) հետ

          Վարպետը վերադարձել էր Վրաստանից և բավական երկար ժամանակ իր կատարած շրջագայության տպավորության տակ էր (Ռ. Զարյան):

  • գործողություն ցույց տվող բառերի՝ բայերի հետ

          Ձին բավական հեռացավ ինձանից (Րաֆֆի):

 

       Բավականին բառի պարագայում նկատելի է, որ այժմ ավելի շատ գործածվում է բայերի հետ: Համեմատենք բավականին բառի գործածության այս նմուշները՝ քաղված  գեղարվեստական խոսքի վարպետների ստեղծագործություններից: Սրանցում բավականին-ը գործածվել է՝

 

  • գոյականի հետ

          Արդեն իսկ ուներ, մանավանդ վերջերս, բավականին հաջողություն (Ե. Չարենց):

          Բավականին տեղ հատկացրեց Շիրվանզադեի այդ ելույթին (Գ. Բես):

          Այդպես բավականին ժամանակ է անցնում՝ մի րոպե, հինգ րոպե, գուցե տասը րոպե (Վահագն Գրիգորյան):

  • ածականի / մակբայի հետ

        Բավականին սրամիտ մարդ էր դասախոսը և կարողացավ ըմբռնել դահլիճի հոգեբանությունը (Ե. Չարենց):

          Արտակը, որ Ատոմի հետ կանգնել էր բավականին հեռու՝ լսելիքը սրեց (Դ. Դեմիրճյան):

        Բավականին դժվար գործ էր (Գ. Մահարի):

          Առաջին կնոջից բաժանվեց, նորի հետ ամուսնացավ, բավականին անհաջող, կրկին թողեց սրան, միացավ աոաջինի հետ (Զ. Խալափյան):

  • բայի հետ

          Աննկատելի կերպով մենք բավականին հեռացել էինք տնից (Րաֆֆի):

        Բավականին զայրացա և ուխտ արի ու հաստատ վճիռ կայացրի (Դ. Դեմիրճյան):

        Բավականին մոտեցել էին գյուղին. լսվում էր շների հաչելու ձայնը (Վրթ. Փափազյան):

 

     Ասվածից չի կարելի եզրակացնել, որ բավական-ի փոխարեն ամենուրեք կարող ենք գործածել բավականին-ը: Օրինակ՝ «Հիմա, բավական անց, ավելի սուր զգաց, որ Սեդան մի բարդ խնդիր է ներկայացնում իրեն» (Շ. Թաթիկյան) (գրականության և մամուլի էջերում մի քանի օրինակ կարելի է գտնել): Այդպես էլ՝ բավական թվով, որը «բավականաչափ, շատ» է նշանակում:

Բավականին բառի գործածությունը գրեթե անհնար է օժանդակ բայի հետ: Օրինակ՝ «Երբ կցանկանաս դուրս գալ, բավական է ներսից փոքր-ինչ բախել» (Րաֆֆի):

Բավական է, ավարտենք. բավականին խոսեցինք այս բառերի մասին:

 

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

shushan karapetyan

03.07.2023

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.