• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
ԱԿԱՄԱՅԻՑ և ՄՅՈՒՍ բառերի մասին. ընդունե՞լ, թե՞ մերժել [5 բառ]

ԱԿԱՄԱՅԻՑ և ՄՅՈՒՍ բառերի մասին. ընդունե՞լ, թե՞ մերժել [5 բառ]

  1. ԱԿԱՄԱՅԻՑ:

 

Հայերենի որոշ մասնագետներ ասում են, թե ակամայից բառ չկա, որ իբր գրական հայերենն ունի միայն ակամա, իսկ ակամայից-ը սխալ ձև է, գրական լեզվի համար լիովին մերժելի: Հայերենի այդ մասնագետներն իրենց աշակերտներին և ուսանողներին հորդորում են, իսկ ոմանք՝ կտրականապես պահանջում բոլորովին հրաժարվել ակամայից բառի գործածութունից: Նրանց հիմնական պատճառաբանությունը սա է. ակամա-ն մակբայ է, ինչպե՞ս կարող է քերականական ձևափոխության ենթարկվել:

Ասենք, որ գրաբարում ակամայ բառը ածական է, օրինաչափորեն հոլովվել է, և ակամայից-ն ընդամենը հոգնակի  սեռական-տրականի գրաբարյան ձևն է, որը կայունացել ու բառի արժեք է ձեռք բերել: Համարժեք է ակամա բառին:

Ակամայից-ը գլխաբառ է դարձրել հայերենի ընդարձակ բացատրական բառարաններում: Մի դեպքում հղում է արվել ակամա բառին, մյուս դեպքում գլխաբառ է դարձել ակամայաբար, ակամայորեն բառերի հետ: Սա նրա ընդունելի լինելու վկայություններից է: Բառը  զետեղվել է նաև թարգմանական բառարաններում:

Եվ ամենակարևորը՝ ակամայից-ը սովորական է հայ դասականների համար: Ահա այսպես.

Րաֆֆի. «Մասիսյանը ակամայից հայտնեց իր հոժարությունը»:

Մուրացան. «Երբ նա կանգ առավ ատյանի առաջ, թագավորն ակամայից հառեց աչքերը նրա վրա»:

Նար-Դոս. «Եվ նա ակամայից մտածության մեջ ընկավ»:

 XX դարի և ժամանակակից հեղինակներն էլ հանգիստ գործածում են այս բառը.

Վ. Անանյան. «Երբ լսեցին դղրդոցը, ակամայից ահ ընկավ սրտները»:

Ս. Կապուտիկյան. «Ակամայից ինքդ էլ սկսում ես լարվել, խառնվել իրար»:

Գ. Խանջյան. «Աչքերս ակամայից շանը փնտրեցին»:

Եզրակացություն և հորդոր. առանց վարանելու և մեկ վայրկյան անգամ  չկասկածելով գործածե՛նք ակամայից բառը և դադարեցնենք հայերեն ընդունելի բառի դեմ հանիրավի (և անպտուղ) պայքարը:

 

ԻՍԿԱԿԱՆԻՑ:

 

Խոսակցական հայերենին բնորոշ բառ է, որի գրական համարժեքներն են իսկապես, իրոք, ճիշտ: Իսկականից-ը ժողովրդական խոսքից բնականորեն թափանցել է գեղարվեստական գրականություն (տեսնում ենք հատկապես հերոսների խոսքում, և դա բնական է): Մամուլում ավելի հաճախադեպ է:

 

  1. ՍՏԻՑ:

Սա էլ իսկականից-ի պես ժողովրդական խոսքին բնորոշ բառ է. արմատն է սուտ-ը: Ստից նշանակում է «սուտ կերպով, ոչ անկեղծ», «ոչ իսկական»: Սահմանափակ հանդիպում է նաև գեղարվեստական խոսքում: Հայտնի է Պ. Սևակի «Մարդ էլ կա, մարդ էլ» բանաստեղծությունը.

Գիտի, թե ո՛ւմ հետ և ո՛ւր է գնում.

Ո՛ւմ մեռելին է անարցունք լալիս,

Ո՛ւմ խոսքի վրա ստից ծիծաղում...

 

  1. ՀԱՆՊԱՏՐԱՍՏԻՑ, ավանդական ուղղագրությամբ՝ ՅԱՆՊԱՏՐԱՍՏԻՑ:

Բառի կազմությունն այսպիսին է՝ ի նախդիր, որը ձայնավորից առաջ դարձել է յ (ուղղագրության հայաստանյան փոփոխությունից հետո գրվում է հ), ան- ժխտական նախածանց, պատրաստ արմատ և -ից վերջնամասնիկ:

              Հանպատրաստից նշանակում է «առանց  նախապես պատրաստված լինելու, առանց նախապատրաստվելու՝ պատրաստության»: Օրինակ՝ «Հանպատրաստից ելույթ ունեցավ»: Բառի սկզբից և վերջից որևէ հնչյուն չպիտի զեղչել, ինչպես անում են ոմանք: Կա՛մ հանպատրաստից, կա՛մ անպատրաստ, մյուս տարբերակներն ընդունելի չեն:

 

  1. ԻՐՈՔԻՑ:

Իրոք բառը ձևափոխությունների չի ենթարկվում. բառն արդեն իսկ քերականական ձևի քարացումից է առաջ եկել: «Իրոքից»-ը բոլորովին սխալ և իրո՛ք մերժելի մի  ձև է, որը կազմվել է –ից մասնիկ ունեցող մյուս բառերի նմանությամբ:

 

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

shushan karapetyan

06.02.2024

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.