• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
ՈՐՊԵՍԶԻ ՇԱՂԿԱՊԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ [6 դեպք]

ՈՐՊԵՍԶԻ ՇԱՂԿԱՊԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ [6 դեպք]

Որպեսզի շաղկապը նպատակի հարաբերություն է արտահայտում․ սա հայտնի է հայերեն խոսող բոլորին։ Քերականության լեզվով ասած՝ այն նպատակի պարագա երկրորդական նախադասությունը շաղկապում է գլխավորի հետ: Այսպես․ «Պետք է շտապել դեպի Երզնկա, որպեսզի իր զավակն աշխարհ գա գոնե ծածկի տակ»․ պետք է շտապել ի՞նչ նպատակով։

Որպեսզի շաղկապին առնչվող մի քանի դժվարություններ կան, որոնց կանդրադառնանք՝ քննարկելով 6 դեպք։

 

1․ Որպեսզի-ն հաճախ սխալ են գրում և արտասանում՝ է՛լ «որպեզի», է՛լ «որպիզի», է՛լ «որպիսզի»։ Իսկ երբ ասում են որպիսի, այդպես որպեսզի-ն նույնացնում են ուրիշ բառի՝ դերանվան հետ, որ նշանակում է «ինչպիսի»։ Օրինակ՝ «Եթե գիտենայիր, թե որքա՜ն անձկությամբ էի սպասում քեզ... որպիսի՜ կարոտով» (Մուրացան)։ Դիտարկենք այս նախադասությունը, որտեղ գործածված են թե՛  որպեսզի-ն և թե՛ որպիսի-ն. «Որպեսզի կարողանամ մի փոքրիկ գաղափար տալ, թե որպիսի շրջանի և պայմանների մեջ է սկսվում մանուկի կյանքը, հարկավոր եմ համարում մի քանի մանրամասնությունների մեջ մտնել» (Րաֆֆի)։

Որպեսզի-ն գրաբարից է փոխանցվել ժամանակակից հայերենին․ սկզբնապես գրվում էր անջատ՝ որպէս զի, այնուհետև բաղադրիչները միացել են: Ու՛շադիր պիտի լինել և բառը ճիշտ գրել ու արտասանել։

 

2․ Տարածված սխալ է որ շաղկապի փոխարեն որպեսզի-ի գործածելը։ Այդ սխալը աստիճանաբար համատարած է դառնում։ Այդ սխալը հնչում է հեռուստատեսությամբ, հանդիպում է մամուլում, կայքերում, պաշտոնավորների և այլոց բանավոր խոսքում, գրեթե ամենուրեք։ Ահա այդպիսի սխալի մի քանի օրինակներ՝ «Եվ, այնուամենայնիվ, հարկ կլինի [ի՞նչ], որպեսզի (ՈՐ պիտի լինի) նոր պայմանագիր կնքվի», «Տեսուչին ասեք [ի՞նչ], որպեսզի (ՈՐ պիտի լինի) շուտ գա», «Անհրաժեշտ է [ի՞նչ], որպեսզի (ՈՐ պիտի լինի) ժամանակացույցը խստորեն պահպանվի»:

Խորհուրդ․ երբ ուզում եք դիմել ցանկալի որպեսզի-ին, մտքում հարց տվեք` ի՞նչ նպատակով կամ ինչի՞ համար: Այսպես. «Գրեցի [ի՞նչ նպատակով], որպեսզի օգտակար գործ արած լինեմ»: Եթե նախադասության որպեսզի-ով հատվածը չի պատասխանում այդ հարցին, ուրեմն որ է: Այսպես. «Քաղաքապետարանը որոշեց [ի՞նչ], որ խարխլված շենքը պիտի քանդվի»:

 

3․ Հայերենի որոշ մասնագետներ ասում են, թե որպեսզի-ի փոխարեն որ գործածելը բնորոշ է խոսակցական լեզվին։ Այս կարծիքի պատճառով է թերևս որպեսզի-ի այսչափ շատ գործածությունը որ-ի փոխարեն։ Սա ծայրահեղ մոտեցում է. որպեսզի-ի իմաստով որ-ի գործածությունը չի հակասում գրական լեզվի կանոնին։ Մեկ օրինակ բանաստեղծական խոսքից.

 

Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես (Ե. Չարենց):

 

Խորհուրդ ենք տալիս որպեսզի-ի փոխարեն հանգիստ որ գործածել, քանի որ որ-ի գործառույթներից մեկը նպատակի հարաբերություն արտահայտելն է։ Այսպես ոչ միայն ճիշտ է, այլև շահում ենք տեղ և ժամանակ։

 

4․ Այն նախադասություններում, որոնցում կան նրա համար, այն նպատակով կապակցությունները, որպեսզի շաղկապը գործածելը ճիշտ չէ․ նպատակի գաղափարն արդեն արտահայտված է։ Այդպիսի սխալ կա ռուսերենից արված այս թարգմանության մեջ՝  «Նույնիսկ քարն էլ նրա համար է, որպեսզի մի բանի գործածվի» (Ն․ Գոգոլ)։ Ճիշտ կլինի այսպես՝  «Նույնիսկ քարն էլ նրա համար է, որ մի բանի գործածվի»։

Ահա երկու օրինակ էլ «հայերեն» Լ․ Տոլստոյից։ Դրանցից մեկը ճիշտ է․ «Լևինը վաղ է եկել այն նպատակով, որ իրեն մենակ գտնի և առաջարկություն անի» («Աննա Կարենինա»), մյուսը՝ սխալ․ «Էլ երբեք չէին խոսում նրա մասին այն նպատակով, որպեսզի (ՈՐ պիտի լինի) խոսքերով չխանգարեն, ինչպես իրենց էր թվում, զգացմունքի այն բարձրությունը, որ կար իրենց մեջ» («Պատերազմ և խաղաղություն»):

Ուստի նշված դեպքերում կրկին որ շաղկապը պիտի գործածել։

 

5․ Ռուսաբանություն է (ռուսերենից ուղղակի թարգմանություն կամ ռուսերեն մտածողության արգասիք) որպեսզի-ով այսպիսի կապակցությունը՝ «Հարկավոր է օգնել նորաստեղծ ձեռնարկություններին, որպեսզի տնտեսական առաջընթաց ունենալ»։ Հայերեն ճիշտ ձևակերպված կլինի այսպես․ «Հարկավոր է օգնել նորաստեղծ ձեռնարկություններին, որպեսզի տնտեսական առաջընթաց ունենանք»։ Այսինքն՝ որպեսզի-ին հաջորդող կապակցությունում բայը խոնարհված պետք է լինի, քանի որ նախադասության հետ գործ ունենք։

Իհարկե, կարող ենք նաև այսպես ասել՝ «Տնտեսական առաջընթաց ունենալու համար (կամ նպատակով) հարկավոր է օգնել նորաստեղծ ձեռնարկություններին»:

 

6․ Մոլորություն է, թե շաղկապով նախադասություն չի կարելի սկսել։ Կարող ենք: Ահավասիկ․ «Որպեսզի այդպիսի անակնկալներ չլինեն, այսօր երեկոյան դու և հայրդ իմ զորականների ուղեկցությամբ կմեկնեք հարավ» (Հ․ Խաչատրյան)։ Այս կիրառությունը սովորական է և միանգամայն ճիշտ։

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Art 365

05.07.2025

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.