• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ո՞Ր, ԹԵ՞ ՈՎ  [3 լուծում]

Ո՞Ր, ԹԵ՞ ՈՎ [3 լուծում]

 

Կարդանք ժամանակակից գրականությունից քաղված նախադասությունները, որոնք պարզորոշ ցույց են տալիս հատուկ և հասարակ գոյականներին կապակցվող որ դերանվան գործածության ձևավորված ավանդույթը, որը բնորոշ է հայերենին:

  1. Լևոնը, որ կանգնած էր զրուցողների ուրիշ խմբի մեջ, հարցրեց (Հրանտ Մաթևոսյան)։

  2. Կինը, որի կրծքին կարմրագույն էր ամրացված, Դանիելին ասաց... (Լևոն Խեչոյան)։

  3. Բեմին ամենից մոտիկ նստած էին երեխաները, որոնք շատ քիչ բանից են արդեն զարմանում (Վարդգես Պետրոսյան)։

  4. Այլևս չէր ուզում նեղություն պատճառել ազգականներին, որոնց տանը առանց իրեն էլ նեղվածք էր (Վահագն Գրիգորյան)։

Այս նախադասությունների որ, որի, որոնք, որոնց հարաբերականների փոխարեն շատերն այժմ ով, ում, ովքեր են գործածում, և դա օրեցօր ավելի ու ավելի է տարածվում: Հիմնավորում են, թե դրանք կապակցվել են անձ ցույց տվող գոյականների, ուստի որ-ը և որոնք-ը հարմար չեն: Ոմանք նույնիսկ ասում են, թե դա անհարգալից վերաբերմունք է մարդու նկատմամբ. անձին իրի՝ առարկայի տեղ են դնում: Ավելին՝ նույնիսկ կարծիք է հնչում, թե դա արմատացել է խորհրդային ժամանակներում, երբ մարդն իբր արժեք չուներ: Այս կասկածը փարատելու (ավելի ստույգ՝ մերժելու) համար բերենք մեկական օրինակ հայ դասական գրողներից.

Առանց իր կյանքը վտանգի ենթարկելու անկարելի էր ազատել թշվառին, որը գուցե դեռ մեռած չէր (Րաֆֆի):

Խաթունը ցույց տվավ ոսկերիչին, որը սպառնացող դեմքով կանգնած էր ներս մտնողների դիմացը (Մուրացան):

Սա է բնական և ճիշտ հայերենը:

Սակայն վերջին տարիներին մամուլը, հեռուստատեսությունն ու ռադիոն, պաշտոնյաների խոսքը հեղեղված են անձնանիշ գոյականներին կապակցված անբնական ով, ովքեր, ում  դերանուններով: Ականջ սղոցող կապակցություններ են: Այսպես, կարդում կամ լսում ենք.

 

Եկել էր նաև Բելգիայի վարչապետը, ով  (պիտի լինի որը) առաջին անգամ էր այցելում Ծիծեռնակաբերդ: Հարց տանք, և որ-ը մեջտեղ կգա. ո՞ր վարչապետը՝ առաջին անգամ Ծիծեռնակաբերդ  այցելած:

Նրանք այն մարդիկ են, ովքեր (պիտի լինի որոնք) տասը տարի ճնշվել են (ո՞ր մարդիկ. տասը տարի ճնշված):

 

Այս մոտեցումն այնքան է տարածվել ու արմատացել, որ ով-ի միջոցով երկրորդական նախադասությունը սկսել են կապակցել անգամ այն գլխավոր նախադասություններին, որոնցում կապակցվող բառն անգամ անձ ցույց չի տալիս: Այսպես. «Հայտնի է առաջին թիմը, ով նվաճել է եզրափակիչի ուղեգիր»: Սա հայերեն լեզամտածողությանը խորթ, առհասարակ անընդունելի կապակցություն է:

       Ինքնըստինքյան հասկանալի է, որ այսպես պիտի ասվեր՝ «Հայտնի է առաջին թիմը, որ (կամ որը) եզրափակիչի ուղեգիր է նվաճել»:

Կարող է այսպիսի հարց ծագել. «Իսկ ե՞րբ ենք գործածում ով-ը»:

Ով,  ում, ովքեր ենք գործածում հետևյալ կառույցների դեպքում՝ նա, ով..., նրանք, ովքեր..., նրան, ում..., նրանց, ում և այլն: Պարզ երևում է, որ ով-ը (նաև հոգնակին՝ ովքեր-ը) կապակցվել է անձնական դերանվանը: Ահա այսպես.

Քաջ մարդը ոչ թե նա է, ով չի վախենում, այլ նա, ով հաղթահարում է այդ վախը (այստեղ էլ հարց տանք. քաջը ո՞վ է. չվախեցողը և այլն)։

Կամ էլ հոգնակի թվով՝ «Հարգանք բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ այսօր առաջընթաց ունենք»։

Չմոռանանք ասել, որ կիրառելի ու ճիշտ է նրանց, որոնց կառույցը ևս: Այսպես՝ «Հարգանք բոլոր նրանց, որոնց ջանքերի շնորհիվ այսօր առաջընթաց ունենք»։

Ի դեպ, ով-ը գործածվում է նաև այն դեպքերում, երբ կապակցվում է ուրիշ դերանունների՝ յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր, ամեն ոք, բոլորը, ամենքը և այլն: Օրինակ՝ «Յուրաքանչյուր ոք, ով ճանաչում էր նրան, զարմանում էր լսածից»։

Այսպիսով՝

  1. գոյականների հետ (անկախ նրանից՝ անձ է, թե իր) գործածում ենք որ / որոնք-ը,

  2. դերանունների հետ՝ ով / ովքեր-ը,

  3. ով-ի փոխարեն կարող է գործածվել նաև որ-ը։

Սա համոզված ասում է լեզվաբանը, որը քանիցս անդրադարձել է այս խնդրին, նա, ով հույս ունի, որ վիճակը հնարավոր է շտկել: Վիճակը կշտկեն այն մարդիկ, որոնք հարգում են հայերենի ավանդույթը, նրանք, ովքեր պարզապես զգում են հայերենը:

Դավիթ Գյուրջինյան

 

Շուշան Մարուքի

09.08.2024

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.