Արևելահայերեն խոսողները գիտեն, որ ի–ով վերջացող գրեթե բոլոր բառերը ենթարկվում են ու հոլովման։ Այսպես՝ այգի – այգու, գինի – գինու, եկեղեցի – եկեղեցու, թշնամի – թշնամու, ոսկի – ոսկու, որդի – որդու։ Առանձնակի դժվարություն չկա։ Ու են ստանում նաև բառավերջում ի չունեցող մի քանի բառեր։
Հենց սկզբից ասենք, որ արևմտահայերենում պատկերն այլ է․ այգի – այգիի, գինի - գինիի և այլն։
Կանդրադառնանք արևելահայերենի այնպիսի իրողությունների, որոնք ինչ-որ առանձնահատկություն կամ զուգաձևություն ունեն, մտորելու առիթ են տալիս և այլն։ Առանձնացրել ենք 7 դեպք։
1․ Գործիականում բառավերջի ի-ն հիմնականում ընկնում է, ինչպես՝ հոգով, ոսկով։ Կամ էլ միշտ պահպանվում է, ինչպես՝ գերանդիով, մեղեդիով, պատանիով, ունելիով, օղիով։
Մի շարք բառերի դեպքում ի-ն կարող է պահպանվել, կարող է և ընկնել․ զուգաձևություն է, ճիշտ ու սխալի խնդիր չկա։ Այսպես՝ ուղիով – ուղով, տաքսիով – տաքսով, գինիով – գինով (գինով կուտվի)։ Նշենք նաև, որ գինով-ը բառի արժեք ունի և նշանակում է «գինուց հարբած, մի քիչ խմած»։
2․ Սեռականում ու է ստանում անորոշ դերբայը՝ սիրել – սիրելու, խաղալ – խաղալու։ Օրինակ՝ «Քարեր նետելու և քարերը հավաքելու ժամանակը»։
Բայց երբ –ելի ածանցով բառեր են, ապա սրանց հետ չշփոթելու նպատակով սեռականում ի ենք հավելում։ Այսպես՝ սիրելի – սիրելիի, պաշտելի – պաշտելիի (ոչ թե սիրելու, պաշտելու)։
Ասենք նաև, որ այստեղ էլ են զուգաձևություններ պատահում։ Օրինակ՝ ածելի – ածելու – ածելիի։
3․ Տարի բառը ի-ով է վերջանում, բայց քանի որ ժամանականիշ է, սեռականում վա է ստանում՝ տարվա (հմմտ․ օրվա, շաբաթվա, ամսվա)․ տարու ձևը հնացած է։ Բայց հոլովվելիս ու-ն մեջտեղ է գալիս․այսպես՝ տարուց կամ տարվանից։
4․ Աստված բառի սեռական հոլովը ժամանակակից հայերենում լինում է Աստծու (աստծու) կամ Աստծո (աստծո)։ Զուգաձևություն է, բայց կարծեք հաղթում է Աստծու ձևը (օրինակ՝ Աստծու սիրուն, Աստծու սերը), որից էլ կազմվում է Աստծուց (Օրինակ՝ «Այդ ձիրքը Աստծուց է»)։
Գրաբարում Աստուծոյ է, որ կարդացվում է առանց յ-ի՝ Աստուծո (նոր ուղղագրությամբ այդպես ենք գրում)։ Սա կարող ենք հանդիպել հատկապես հոգևորականների գրավոր և բանավոր խոսքում։
5․Երկնքից իջնենք երկիր ու քննարկենք մարդ բառը։ Պարզից էլ պարզ է՝ մարդ – մարդու։ Բայց դասական գրականության մեջ կարդում ենք և ժողովրդից լսում մարդի գնալ, որ նույնն է, ինչ մարդու գնալ-ը, և նշանակում «ամուսնանալ» (աղջկա մասին)։
Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս․․․ (Հովհ․ Թումանյան, «Կիկոսի մահը»)։
Մարդի ձևը խոսակցական է, բարբառային։
6․Անկողին բառից կազմվում է անկողնու ձևը, որ շատ տարածված է (անկողնու պարագաներ), բայց կա նաև անկողնի։ Դարձյալ զուգաձևություն է։ Ահավասիկ՝ «Պառկեց քարե անկողնու վրա» (Ա․ Բակունց) և «Նստած էր իր տիկնոջ երեխայի փոքրիկ անկողնի մոտ» (Րաֆֆի)։ Մյուս կողմից էլ համեմատենք նստեց անկողնին և վեր կացավ անկողնուց կապակցությունները․ մի դեպքում ի ենք տեսնում, մյուսում ու է։
7․ Հայերենի բարձրագույն խորհուրդը ի-ով վերջացող Լոռի և Գյումրի տեղանունների մասին ժամանակին որոշում է կայացրել․ գրական լեզվում դրանց սեռականը կազմել ու-ով՝ Լոռի – Լոռու, Գյումրի – Գյումրու։ Նպատակը հստակ է․ որպեսզի պաշտոնական խոսքում (ձևաթղթեր, կնիքներ, ցուցանակներ, տեղեկատուներ և այլն) միօրինակություն հաստատվի։ Այսպես․ Լոռու մարզ և վերջ (ոչ թե նաև Լոռիի մարզկամ Լոռվա մարզ)։ Այդպես էլ՝ Գյումրու քաղաքապետարան։ Նույն ձևով էլ, բնականաբար, Մեղրի – Մեղրու, Վեդի – Վեդու, Արզնի - Արզնու և այլն։
Բայց չմոռանանք, որ լեզվում Լոռու ձևին զուգահեռ շարունակում են ազատորեն գործածվել Լոռվա ևԼոռիի ձևերը (Լոռվա քաջեր, Լոռիի կողմերը), Գյումրու ձևին ուղղակի «հետապնդում է» Գյումրիի-ն, ժողովրդական խոսքում պահպանվում է Գյումրվա ձևը (Գյումրվա տրնգի)։
Շուշի քաղաքանունից այժմ կազմում ենք Շուշիի ձևը (Շուշիի հրդեհը), երբեմն՝ Շուշվա (Շուշվա կոլոլակ)։ Շուշու ձևը մոռացվել է։
Եվ վերջում հարց․ Աստծու, Աստծո և Աստուծո ձևերից ո՞րը (կամ որո՞նք) եք նախընտրում, հիմնավորում կա՞։
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ