• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Քրիստոսի չարչարանք․ Դավիթ Գյուրջինյան

Քրիստոսի չարչարանք․ Դավիթ Գյուրջինյան

        Նոր Կտակարանից, Հիսուսի մասին պատմող ֆիլմերից մարդիկ գիտեն նրա անասելի չարչարանքների ու տառապանքների մասին․ թե ինչպես Հուդան մատնեց նրան, ձերբակալեցին ու դատապարտեցին Աստծու Որդուն, ապա զինվորները դաժանորեն ծաղրեցին ու փշե պսակ դրեցին Հիսուսի գլխին, այնուհետև խաչեցին․․․ 
        Այս իրադարձությունները, որոնք եկեղեցին հիշատակում է Ավագ շաբաթվա ընթացքում, որոշակիորեն արտացոլվել են նաև դարձվածքներում։ Դավիթ Գյուրջինյանը ներկայացնում է  այդպիսի  երկու արտահայտություն։
 

1․ Քրիստոսի չարչարանք

 

        Նոր Կտակարանում ներկայացվող Փրկչի երկրային կյանքի վերջին օրերի պատմությունից է  առաջացել է Քրիստոսի չարչարանք կամ տառապանք արտահայտությունը, որ շա՜տ վաղուց գործածվում է հայերենում (և ուրիշ լեզուներում)։

        Այս արտահայտությունը գործածվում է այլոց վերաբերյալ և նշանակում է «անասելի ծանր, անտանելի տանջանքներ, չարչարանք», այնպիսիք, ինչպիսիք կրեց Հիսուս Քրիստոսը։ Ահա երկու օրինակ նորագույն շրջանի հայ գեղարվեստական խոսքից․ «Երկու ամիս տասնմեկ օր տանջվեց,– ասաց նա Վարուժանին,– Քրիստոսի չարչարանք էր, ինչո՞ւ, նա ո՞ւմ էր վատ բան արել» (Վարդգես Պետրոսյան, «Կրակե շապիկ»), «-Մի՛ կրակեք, ինը օր է՝ ես նրան պահել եմ Քրիստոսի տառապանքով, որ փրկեմ» (Սերո Խանզադյան, «Վեց գիշեր»), «- Հա՜, ճիշտ է, նամակ գրել չեմ սիրեր,- ձայնը խստացավ կրկին:- Քրիստոսի չարչարանք է ինծի համար: Գրելը չէ, այդ ամենը հիշելը» (Կարպիս Սուրենյանց, «Ճիշտը կյանքն է»):

            Միաժամանակ պիտի ասենք, որ կապակցությունը գործածվում է նաև իր ուղիղ նշանակությամբ՝ հենց Փրկչի վերաբերյալ։ Այսպես, օրինակ՝ «Քրիստոսի տառապանքների պատմությունն ամեն մի հավատացյալ քրիստոնյայի սրտի վրա է խարանված» (Աննա Պետրոսյան, «Մոզ քաղաքի կործանումը»):

            Հաճախ չարչարանք բառը գործածվում է հոգնակի թվով՝ Քրիստոսի չարչարանքներ։ Հիսուսին նվիրված գեղարվեստական ազդեցիկ ֆիլմերից մեկն այդպես էլ կոչվում է՝ «Քրիստոսի չարչարանքները»։ Տարիներ առաջ «Ազգ» թերթն այս ֆիլմի մասին գրել է․ «Թերթերն ի լուր ամենքի ազդարարեցին, թե Հովհաննես-Պողոս II-ը դիտել է «Քրիստոսի չարչարանքները» և վրա բերել. «Հենց այսպես էլ եղել է»»։

            Քրիստոսի չարչարանք կապակցությունից կրել կամ քաշել բայական բաղադրիչով առաջացել է Քրիստոսի չարչարանք կրել / քաշել դարձվածքը, որը, բնականաբար, նշանակում է «անասելի ծանր, անտանելի տանջանքներ, չարչարանք կրել՝ քաշել»։ Օրինակ՝ «Կարճ հետազոտությունից հետո Սմբատին դրեցին վիրահատման սեղանին: Քրիստոսի չարչարանք կրեց խեղճ տղան: Դիմացավ» (Գևորգ Հայրյան, «Արծվաքար»):

           Չարչարանք բառը կարող է գործածվել նաև որոշյալ առումով (ը կամ ն հոդով)։ Օրինակ՝ «Գնացքը, ի մեծագույն ուրախություն մեզ, վերջապես դուրս պրծավ անհեթեթ շրջապտույտներից ու որոգայթներից, Քրիստոսի չարչարանքը քաշեց, փորձությունների ենթարկվեց չար ուժերի կողմից, և հիմա, մաքրված, ուղղություն է վերցրել դեպի տուն» (Գուրգեն Խանջյան, «Նստիր Ա գնացքը»)։

 

2․ Քրիստոսի խաչը տանել՝ կրել

 

          Ավետարաններում ասվում է, որ սկզբում Հիսուսն ինքը շալակած դեպի Գողգոթա տարավ իր խաչափայտը (Հռոմեական կայսրությունում խաչը գործածում էին հանցագործների մահապատիժն ի կատար ածելու համար)։  Խաչափայտը շատ ծանր էր։ Ըստ հետազոտողների հաշվումների՝ այն կարող էր կշռել մի քանի տասնյակ կիլոգրամ։ Հիսուսն ուժասպառ եղավ, և ճանապարհին Սիմոն Կյուրենացին օգնեց Հիսուսին՝ տանելու խաչը։

          Այս դրվագից առաջացել է Քրիստոսի խաչը տանել՝ կրել արտահայտությունը։ Սա խորհրդանշական իմաստ ունի։ Այսինքն՝ քրիստոնյան կարող է հանդիպել  բազում դժվարությունների, ցավի ու տառապանքի, բայց հավատարիմ մնալ Հիսուսին։

          Արտահայտությունը գործածվում է հոգևոր գրականության մեջ։ Այսպես, օրինակ՝ «Եվ ինչպես պսակ՝ կրենք Քրիստոսի Խաչը, որովհետև նրա միջոցով կատարվում է ամեն բան, ինչ որ անհրաժեշտ է մեր փրկության համար» (Մեհրուժան Բաբաջանյան, «Խաչապատում»)։

          Խաչը կրել չի նշանակում սոսկ տառապել, չարչարվել, այլ գիտակցաբար (և հոժարակամ) ընտրել Քրիստոսի ճանապարհը, նույնիսկ եթե այն զոհողություն է պահանջում։

          Վերջում փոքրիկ մեջբերում Մատթեոսի Ավետարանից (16.24)․ «Հիսուսն իր աշակերտներին ասաց

- Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից»։

Հեղինակ՝ Դավիթ Գյուրջինյան

Art 365

07.03.2026

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.