• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ. Դավիթ Գյուրջինյան

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ. Դավիթ Գյուրջինյան

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն իր՝ «Հայերենը ԱՅԲԻՑ մինչև ՔԵ» շարքի Քրիստոս անունը պարունակող կայուն բառակապակցությունների  խմբի ներկայացումն ամփոփում է Փրկչի անունը պարունակող խոսքային պատրաստի կառույցների ներկայացմամբ։ 
 

1․ Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ [Քրիստոս ծնավ և հայտնեցավ]

 

Տիրոջ հրաշափառ Սուրբ Ծննդյան տոնին հայ հավատացյալներն իրար ավետում են՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս»։ Պատասխանն է՝ Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի [Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի]: Սրանք ողջույնի կայուն բանաձևումներ են, որ հայ քրիստոնյաները շուրջ երկու հազար տարի ասում են իրար։
 

2․ Քրիստոս յարեաւ ի մեռելոց [Քրիստոս հարյավ ի մեռելոց]

 

Փրկչի Հարության տոնին հայ հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս յարեաւ ի մեռելոց ավետիսով, որի պատասխանն է՝ Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի [Օրհնյալ է հարությունը Քրիստոսի]։
 
3․ Քրիստոս մեզ պահապան

 

Օգնություն, աջակցություն հայցելու, ինքնահուսադրման արտահայտություն է Քրիստոս մեզ պահապան (կամ Հիսուսը մեզ պահապան) արտահայտությունը։
Երբ անձնական դերանունը երկրորդ դեմքով է գործածվում, արտահայտությունը մաղթանք է դառնում՝ Քրիստոս քեզ պահապան, Քրիստոս ձեզ պահապան։
XX դարի հայ արձակագիրներից մեկը պահապան բառից առաջ դրել է օգնական-ը (հմմտ․ Աստված օգնական). «Քրիստոս ձեզ օգնական-պահապան, բարով եք եկել, հազար բարի» (Զարզանդ Դարյան, «Քառուղիներ»): Այսպես այն նաև յուրահատուկ ողջույն է դառնում։
Թվարկված կապակցություններին զուգահեռ մարդիկ ավելի շատ ասում են Աստված մեզ պահապան, Աստված քեզ / մեզ պահապան։
 

4․ Քրիստոս(ը) քեզ հետ

 

Քրիստոս(ը) քեզ հետ արտահայտությունը բարեմաղթանք է, հաջողության և ապահովության ցանկություն, ինչպես Աստված քեզ հետ-ը։ Այն հանդիպում է հատկապես թարգմանական գրականության մեջ, առավելաբար որոշյալ առումով։ Օրինակներ՝ «- Գնա՛, սիրելի՛ս, գնա՛, Քրիստոսը քեզ հետ,- ասում էր Կուտուզովն իր մոտ կանգնած գեներալին» (Լ․ Տոլստոյ, «Պատերազմ և խաղաղություն»), «Քնել ես ուզում, քնի՛ր, Քրիստոսը քեզ հետ» (Մ․ Սալտիկով-Շչեդրին, «Պարոնայք Գոլովլյովներ»), «Քրիստոսը քեզ հետ, բալիկս...» (Ա․ Չեխով, «Տափաստանը»), «Դեհ, տես, մատաղդ լինեմ: Քրիստոսը քեզ հետ» (Մ․ Շոլոխով, «Խաղաղ Դոնը»)։ Նաև հոգնակի թվով։ Այսպես՝ «Դե, մնաք բարով, ջանի՛կս, Քրիստոսը ձեզ հետ, ողջ մնաք» (Ֆ․ Դոստոևսկի, «Խեղճ մարդիկ»), «-Քրիստոսը ձեզ հետ,- ասաց ցածրաձայն,- ես հովիվ Անակն եմ...» (Խաժակ Գյուլնազարյան, «Նռանի»):
Գործածվում է նաև այն ժամանակ, երբ մեկի հետ չեն ուզում գործ ունենալ, իբր ինչ ուզում ես, արա՛։ Օրինակ՝ «Գնա՜ ուր կուզես, մեծաճակա՛տ,- ասում են,- Քրիստոս քեզ հետ, թե չէ դու այստեղ այնպիսի գործեր կբռնես որ մեր տունը կքանդես» (Մ․ Շոլոխով, «Խաղաղ Դոնը»)։
 
5․ Ի սեր Քրիստոսի

 

Ի սեր Քրիստոսի (ի սեր Աստծո) և Քրիստոսի սիրուն (Աստծու սիրուն) հոմանիշ կապակցությունները թախանձանքի արտահայտության արժեք ունեն։ Նշանակում են՝ «թե Քրիստոսին սիրում ես, շատ եմ խնդրում»։ Գործածական են գեղարվեստական գրականության մեջ։ Ի սեր Քրիստոսի կապակցությունն ավելի հաճախ է պատահում։ Օրինակներ՝ «Մի՛ ստիպեք, ի սեր Քրիստոսի, մի՛ ստիպեք» (Ստեփան Զորյան, «Վարազդատ»), «Այստեղ մարդ է մեռնում, օգնեցե՛ք, ի սեր Քրիստոսի՜...» (Զարզանդ Դարյան, «Քառուղիներ»), «Գնա՛նք, ի սեր Քրիստոսի, տա՛ր ինձ» (Բոգդան Վերդյան, «Ծաղիկներս մնացին հեռվում»)։
Քրիստոսի սիրուն-ը սահմանափակ գործածություն ունի։ Օրինակ՝ «- Մեղա՜, Քրիստոսի սիրուն, տե՛ր մելիք,- աղաղակեց նա» (Սերո Խանզադյան, «Մխիթար Սպարապետ»):
 
6․ Քրիստոս վկա

 

Ունենք նաև երդման արտահայտություն՝ Քրիստոս վկա, որի համարժեքն է Աստված վկա։ Գործածվում է ինչպես անորոշ առումով, այնպես էլ որոշյալ՝ Քրիստոսը վկա։ Այսպես․
«- Քրիստոսը վկա, հոգիդ այս րոպեին սատանաներին կշպրտեմ,- գոռում էր Սմբատը» (Ալեքսանդր Շիրվանզադե, «Նամուս»)։
Կամ էլ գործածվում է որպես մի բանի համոզված հաստատում․
«- Քրիստոս վկա, այդ տղան հենց մորից ծնված է թավադ լինելու համար,- գոչեց Արչիլը ծափահարելով» (Րաֆֆի, «Դավիթ Բեկ»)։
Հնացած է Քրիստոս գիտենա արտահայտությունը, որը ժողովրդի խոսքում խիստ հազվադեպ է, բայց հանդիպում է  գեղարվեստական գրականության մեջ։ Օրինակ՝ «Քրիստոս գիտենա, իմ ծառիցը ու դաշտիցը շատ բան եմ սովորում, քանց սրանցից» (Խաչատուր Աբովյան, «Վերք Հայաստանի»):
 
7․ Հիսուս քեզ Քրիստոս

 

Աստվածորդու Հիսուս Քրիստոս անունը տարբեր իրադրություններում բացականչության ձևով (և համապատասխան հնչերանգով) արտահայտում է վախ կամ զարմանք, հնարավոր է երկուսը միասին: Օրինակ՝ «- Հիսո՜ւս Քրիստո՜ս,- խաչակնքելով ուսերը շարժում էին ամենքը,- գուցե սորանք անպոչ դևեր են» (Պերճ Պռոշյան, «Շահեն»)։ Այստեղ Աստվածորդու անվան երկու բաղադրիչներն էլ բացականչական նշան են ստացել։ Մեկ այլ տեղում կարող է շեշտադրվել։ Այսպես, օրինակ․
«- Եկեղեցին թույն է,- հիշում եմ դպրոցում սովորածս:
 - Ո՞նց թե, — շշկլված, փոքրիկ աչքերը սրում է տատս,- Հիսո՛ւս Քրիստոս...» (Հրաչյա Հովհաննիսյան, «Կապույտ լեռան շուքը»)։
Փրկչի անունը բացականչության արժեքով գործածելիս հեղինակները երբեմն գծիկով են գրում։ Այսպես․
Երբ սեղան նստեցինք, Պերճն իր սև, մանրիկ աչքերը հառեց դեպի բուֆետը և ասաց.
«- Հիսուս-Քրիստոս...
- Ի՞նչ տեսար,- հարցրեց Փարսադանը» (Գուրգեն Մահարի, «Ծաղկած փշալարեր»):
«Երկու մերկ կանայք բարձրացան, խաչ հանեցին, «Հիսուս–Քրիստոս» մրմնջացին և վախվխելով մտան լճակը» (Սասուն Վարդանյան, «Հեռու-հեռավոր այն օրերին»):
Մերթ ասվում է իբր բարկությունը զսպելու համար, մերթ երեխային լողացնելիս կամ քնեցնելիս չար ուժերին վանելու նպատակով։ Օրինակ՝ «Մենք՝ քրիստոնյաներս, դեռ մեծ տատիկներից սովորել էինք, թե՛ երեխաներին, թե՛ մեր լողանալուց առաջ, ջուրը լցնելիս, ասենք. «Հիսուս Քրիստոս», որից հետո ջրում ձեռքով Խաչ էինք հանում, որ ամեն չար ու հիվանդություն խափանվի» (Մեհրուժան Բաբաջանյան, «Խաչապատում»):
Տարբերակն է Հիսուս քեզ Քրիստոս։ Այն բնորոշ է բանավոր խոսքին, որտեղից էլ անցնում է գրավոր խոսքին։ Օրինակներ՝ «- Հիսուս քեզ Քրիստոս,- խաչակնքում է մորաքույրս,- է՞դ էլ ձեռ առնելու բան դառավ» (Վարդգես Պետրոսյան, «Վերջին ուսուցիչը»), «Սո՜ւս, սո՜ւս, անխելք բաներ մի՛ ասա, Հիսուս քեզ Քրիստոս...» (Հրաչյա Հովհաննիսյան, «Կապույտ լեռան շուքը»): Համացանցային կայքերից մեկը (aravot.am) նյութի վերնագիր է դարձրել «Ի՞նչ, Հիսուս քեզ Քրիստոս, Աստված իմ, էլի գնացին իրանց հին Հայաստանը» նախադասությունը, որն ուղղակի մեջբերում է բանավոր զրույցից։
Բարբառային խոսքում Հիսուսի անունը երբեմն աղավաղելով են ասում՝ Հիսոս քեզ Քրիստոս։ Հետաքրքրական է այս գործածությունը․
«Իսկ Մայրամ բաջին հանկարծ այլայլվեց, արագ խաչակնքեց ու սփրթնած մրմնջաց․
- Իսոս քեզ Քրիստոս․․․» (Խաժակ Գյուլնազարյան, «Օրերի ճանապարհը»):
 
Ավարտենք մեջբերումով Սուրբ պատարագից․ «Ողջոյն տուք միմեանց. Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» (Ողջույն տվեք միմյանց․ Քրիստոս հայտնվեց մեր մեջ)։

Art 365

04.04.2026

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.