Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն իր՝ «Հայերենը ԱՅԲԻՑ մինչև ՔԵ» շարքում արդեն անդրադարձել է Քրիստոս անունը պարունակող կայուն բառակապակցությունների մի խմբի (հավատացյալ ի Քրիստոս, Քրիստոսի զինվոր, Քրիստոսի ծառա, Քրիստոսի պաշտոնյա, եղբայր ի Քրիստոս, Քրիստոսի աղախին, հարսն Քրիստոսի և այլն)։
Այժմ նա ներկայացնում է կայուն բառակապակցությունների մեկ այլ խումբ, որոնց միավորում է «քրիստոնյաների հավաքական ամբողջություն» իմաստը։
Քրիստոսի հոտ (Քրիստոսի հօտ)
Բոլորին է հայտնի, որ հոտը ոչխարների խումբն է։ Բայց այստեղ յուրահատուկ հոտի մասին է խոսքը։
Քրիստոսի հոտ դարձվածքն արտահայտում է «քրիստոնյաների հավաքական ամբողջություն», «քրիստոնեական համայնք» նշանակությունը։ Այն V դարի գրավոր խոսքում արդեն գործածվում էր։ Այսպես․ «Հրաման տայր նոցա՝ հաւատարիմ առաջնորդութեամբ վերակացու լինել լուսաւորապէս հօտին Քրիստոսի» - «Հրաման տվեց նրանց հավատարիմ առաջնորդությամբ լուսավորապես վերակացու լինել Քրիստոսի հոտին» (Ագաթանգեղոս)։
Քրիստոսի հոտ կապակցությանը պատշաճում են անարատ և սուրբ մակդիրները։ Ահա դրանք միասին գործածված ենք տեսնում Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» միևնույն նախադասության մեջ (V դար)․ «․․․․ նետս թշնամւոյն, զոր ձգէր խորամանկութեամբ յանարատ հօտն Քրիստոսի՝ տրտմեալ առողջախորհուրդ ժողովուրդք սուրբ հօտին Քրիստոսի ի կոր կործանեցան» - «․․․․ թշնամու նետը, որ խորամանկությամբ ուղղված էր Քրիստոսի անարատ հոտի դեմ․ Քրիստոսի սուրբ հոտի առողջամիտ ժողովուրդը տրտմությունից գլխիկոր եղավ»:
Երկնավոր հովիվը՝ Հիսուս Քրիստոսն է հովվում իր հոտը՝ հավատացյալներին։
Քրիստոսի բանավոր հոտ (Քրիստոսի բանաւոր հօտ)
Քրիստոսի հոտ դարձվածքի «ծավալված» տարբերակն է Քրիստոսի բանաւոր հօտ-ը։ Օրինակ Ղազար Փարպեցուց՝ «.․.. հեղուլ և քահանայից ընտրելոց Աստուծոյ և ճշմարտապէս հովուաց զարիւն ի պարանոցաց իւրեանց ի վերայ ընտրեալ բանաւոր հօտին Քրիստոսի» - «․․․․ աստվածընտիր քահանաների և ճշմարիտ հովիվների՝ իրենց պարանոցներից արյուն հեղելը Քրիստոսի ընտրյալ բանավոր հոտի վրա»: Այստեղ էլ Քրիստոսի հոտը բնորոշվում է ընտրյալ բառով։
Ի՞նչ է նշանակում Քրիստոսի բանավոր հոտ կապակցությունը, մասնավորապես ի՞նչ է նշանակում բանավոր բառը, որը քաջածանոթ է հայերեն խոսող բոլորին (նշանակում է «բերանացի, ոչ գրավոր»)։ Այնինչ գրաբարում բանաւոր նշանակում է «բանական», «խելացի, տրամաբանական», «խորհող, մտածող», այսինքն՝ Քրիստոսի բանավոր հոտ կապակցության պարագայում խոսքը մարդկանց մասին է։ Քրիստոսի բանավոր (այսինքն՝ բանական, խորհող) հոտը քրիստոնյաներն են, Աստծու գառները։
Քրիստոսի բանավոր հոտ-ն այսօր էլ գործածվում է կրոնական գրականության մեջ, նաև թվային տիրույթում։ Ահա մեկ նմուշ Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու կայքից․
«․․․․ որպեսզի ճշմարիտ, երկնավոր Հովվի՝ Հիսուս Քրիստոսի օգնականությամբ, իրենց ուխտին հավատարիմ, անշեղ ընթացքով ճշմարտապես հովվեն Քրիստոսի բանավոր հոտը՝ մեզ բոլորիս հասցնելով դեպի խաղաղության նավահանգիստ՝ դեպի փրկություն» (www. surbzoravor.am):
Բանաւոր խաշն Քրիստոսի
Քրիստոսի բանաւոր հոտ դարձվածքը V դարում, երբ դրվեց հայ գրավոր մշակույթի սկիզբը, ունեցել է հոմանիշ՝ բանաւոր խաշն Քրիստոսի:
Խաշն բառը նշանակում է «ոչխարների խումբ՝ հոտ» կամ էլ պարզապես «ոչխարներ»։ Այս բառի գրաբարյան հոգնակի թիվն է խաշինք, որը քարացել և բառի արժեք է ձեռք բերել։ Որպեսզի բառի իմաստը հստակ լինի, հիշենք խաշնարած՝ «խաշինք արածեցնող» բառը, որ նշանակում է «ոչխարների հովիվ»։
Բանաւոր խաշն Քրիստոսի կապակցության մի օրինակ Փավստոս Բուզանդից (V դար)՝ «․... թէ ո՛ւմ արժան իցէ նստել յաթոռ հայրապետութեանն եւ հովուել բանաւոր խաշանց Քրիստոսի» - «․․․․ թե ո՛վ է արժանավոր հայրապետական աթոռին նստելու և Քրիստոսի բանավոր հոտը հովվելու»։ Ժամանակակից հայերենի վերածելիս, ինչպես տեսնում եք, խաշն / խաշինք բառից հրաժարվեցինք։ Այն պարզ պատճառով, որ այսօր այն գործածությունից դուրս է մղվել և շատերին անհասկանալի է։
Ի դեպ, արդի հայերենի բառարաններում խաշն բառի դիմաց նշում է արվում, որ այն հին բառ է, անգամ բանաստեղծական։ Ահավասիկ երկու օրինակ գեղարվեստական խոսքից։
Արձակից․ «Նա հերկում էր, տնկում, խաշնը շատացնում» (Վրթանես Փափազյան)։
Չափածոյից․
Իսկ դյուցազն Դավթին, մանկանն հուրհեր
Նա հովիվ կարգեց սարերում մեր,
Որ խաշն արածե ամառ-ձմեռ… (Եղիշե Չարենց):
Քրիստոսի գունդը (գունդն Քրիստոսի)
Քրիստոսի գունդ կապակցությունը նույնպես հավաքականության իմաստ է արտահայտում։ Օրինակ՝ «․․․․ խառնես զիս ի գունդն Քրիստոսի, ուր են ամենայն կոչեցեալքն, հարքն և արդարք, և մարգարէքն և առաքեալքն, մարտիրոսքն և ամենայն ընտրեալքն» - «․․․․ խառնում ես ինձ Քրիստոսի գնդին, ուր բոլոր կանչվածներն են՝ հայրերն ու արդարները, մարգարեներն ու առաքյալները, նահատակները և ամենայն ընտրյալները» (Ագաթանգեղոս)։
Գունդ բառը խաչակիր մակդիրն է ստանում, և գոյանում է Քրիստոսի խաչակիր գունդ կապակցությունը։ Օրինակ կրկին V դարից՝ Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Կորյուն վարդապետից՝ «Ի խաչակիր գունդն Քրիստոսի խառնէր» - «Քրիստոսի խաչակիր գնդին էր խառնում»:
Քրիստոսի գնդին ի՞նչն է հակադիր։ Այս հարցի պատասխանը պատմիչ Եղիշեից բերված այս նախադասության մեջ պարզորոշ տրված է․ «Հնարներով կռիվ մղեց իմաստունների դեմ և մեծ խորագիտությամբ գիտունների դեմ, հայտնի կերպով՝ անմեղների դեմ և ծածկաբար՝ խորագետների դեմ. ձեռնարկեց և շատերին դուրս հանեց Քրիստոսի գնդից և խառնեց դևերի գնդերին»:
Հազար վեց հարյուր տարի առաջ մատենագիր Ագաթանգեղոսն այս կապակցությունից բառ է կազմել՝ քրիստոսագունդ, որ նշանակում է «Քրիստոսի խմբած՝ հավաքած, Քրիստոսի գունդը կազմող»։ Օրինակ՝ քրիստոսագունդ առաքյալներ։
Հեղինակ՝ Դավիթ Գյուրջինյան