• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Պրոմեթևսից մինչև Հերոստրատ․ Դավիթ Գյուրջինյան

Պրոմեթևսից մինչև Հերոստրատ․ Դավիթ Գյուրջինյան

Հին Հունաստանից սկիզբ առած մի շարք թևավոր խոսքեր, արտահայտություններ, դարձվածքներ առ այսօր ապրում են հայերենում և ուրիշ լեզուներում։ Դրանք կենսունակ են, քանի որ առնչվում են մարդու նկարագրին, առաքելությանը, վարք ու բարքին և անհրաժեշտաբար հաճախ են գործածվում գրավոր և բանավոր խոսքում։ Դավիթ Գյուրջինյանը ներկայացնում է այդպիսի դարձվածքների մի  փունջ։

 

Պրոմեթևսյան կրակ

 

Պրոմեթևսյան կրակ արտահայտությունը ծագում է Պրոմեթևսի մասին առասպելից։ Ո՞վ էր Պրոմեթևսը։ Նա տիտան էր, որն Օլիմպոսից գողացավ աստվածային կրակը։ Պրոմեթևսը մարդկանց օգնելու և փրկելու նպատակով կրակը տվեց նրանց ու սովորեցրեց կրակից օգտվելու ձևը։ Զևսը դրա համար դաժանորեն պատժեց Պրոմեթևսին՝ նրան շղթայակապ գամելով Կովկասի լեռներից մեկին։

Եվ Պրոմեթևսը դարձավ մարդկության բարօրության համար պայքարի և անձնազոհության խորհրդանիշ։

Պրոմեթևսյան կրակ թևավոր խոսքը նշանակում է «մարդու ներսում եղող ստեղծագործական ոգի, առաջադիմական միտք, մարդկությանը ծառայելու ձգտում»։ Օրինակներ՝ «Ձեր սեփական ազատ երևակայության արտադրած յոթնգլխյան մի դև ․․․ իրականության մեջ գոյություն չունի, իհարկե, բայց որի դեմ կռվում եք զուտ պրոմեթևսյան կրակով» (Նար-Դոս), «Ինձ համար հեղափոխականը ․․․․ պրոմեթևսյան կրակի կրողն է» (Մաքսիմ Գորկի)։

Պրոմեթևսյան կրակ-ը գործածվում է արվեստի, գիտության և հասարակական գործունեության բնագավառներում, գեղարվեստական գրականության և հրապարակախոսության մեջ։

 

Ինքնասիրահարված Նարկիս / Նարցիս

 

         Նարկիս / Նարցիս անունն ուրիշ տարբերակներ էլ ունի՝ Նարկիսոս, Նարգիզ / Նարգիս։ Սրանք ձևավորվել են հունարենի և պարսկերենի ազդեցությամբ։

         Ըստ հունական դիցաբանության՝ Նարկիսը (կամ Նարկիսոսը), որ մի գեղեցիկ պատանի էր, ջրի մեջ իր  արտացոլանքը տեսնելով՝ սիրահարվում է ինքն իրեն։ Ասենք, որ գեղեցկադեմ այս տղան մերժել էր հավերժահարս Էխոյի սերը, որի պատճառով էլ Նեմեսիս աստվածուհուց պատժի արժանացավ։

         Ամեն անգամ, երբ ինքնասիրահարված պատանին շուրթերով հպվում էր ջրի մակերեսին, արտացոլանք պատկերը չքանում էր։ Սպասում էր այնքան, մինչև ջուրը հանդարտվում էր, և նորից էր հպվում։ Եվ քանի որ չէր կարողանում միանալ իր «սիրո էակին», մեռնում է վշտից ու հյուծվածությունից: Հյուծվել էր, քանի որ անդադար գամված էր ջրին․ ո՛չ ուտում էր, ո՛չ խմում։ Այսպես տասնվեցամյա պատանին ինքնահիացմունքի պատճառով կործանվում է։

          Երբ գալիս են Նարկիսի մարմինը տանելու, այդ տեղում դեղին ծաղիկ է աճած լինում։ Դա մեզ ծանոթ նարգիզն է (անվան տարբերակը՝ նարգես)։

          Այս պատմությունից է ծագել ինքնասիրահարված (կամ ինքնասիրահար) Նարկիս (Նարցիս) արտահայտությունը։ Այդպես են կոչում ինքնահիացած, ինքնասիրահարված մարդկանց։ Դրանք այն մարդիկ են, որ չափազանց կենտրոնացած են իրենց արտաքինի, հաջողությունների կամ անձի վրա։

          Ինքնասիրահարված Նարկիս կապակցությունը գործածելու փոխարեն երբեմն միայն հատուկ անունն են ասում՝ Նարկիս կամ Նարցիս և հասկանում, որ ինքնասիրահար, եսակենտրոն մեկի մասին է խոսքը։ Այսպես․ «Այդ երիտասարդներից մեկը հատկապես, մի ճոռոմ ոտանավորող, որ Նարկիսի պես սիրահարված էր ինքն իրեն․․․․» (Ստեփան Զորյան), «Դու քեզ չես ճանաչում, թե չէ կսիրահարվեիր ինքդ քեզ, ինչպես Նարկիսը» (Հենրիկ Սենկևիչ), «Բացառությամբ մի քանի հերետիկոսների, կաթոլիկները նման չէին ինքնապաշտամունքից տառապող Նարկիսին» (Թոմաս Էլիոթ): Կամ էլ փոքրատառով՝ «Ես նարցիս չեմ ու չեմ տառապում ամբիցիաներով, որպեսզի կարծեմ, թե հենց ես եմ, ու ինձնից բացի ուրիշ որեւէ մեկը չկա» («Իրավունք»):

Ասենք, որ անվան Նարցիս տարբերակից կազմվել է նարցիսականություն բառը (հմմտ․ նարցիսիզմ), որ նշանակում է «չափազանց ինքնասիրահարվածություն, սեփական անձի հիվանդագին գերագնահատում»։

 

Հերոստրատի փառք

 

Հերոստրատի փառք արտահայտության ծագումը կապված է պատմական անձի՝ Հերոստրատի (Հերոստրատոս) անվան հետ։ Մ․ թ․ ա․ 356 թվականին նա Եփեսոսում այրել է Արտեմիսի հիասքանչ տաճարը՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Չարագործը հրկիզեց տաճարը միայն նրա համար, որ իր անունը հայտնի դառնար, ինքը փառքի արժանանար։ Այստեղից էլ արտահայտության իմաստը՝ «վատ կամ հանցավոր արարքով ձեռք բերված տխուր հռչակ՝ համբավ»։

Ուշագրավն այն է, որ ժամանակին արգելվել է տխրահռչակ այս մարդու՝ Հերոստրատի անունը տալը։ Բայց, ինչպես տեսնում ենք, չարագործի անունը հասել է մինչև մեր օրերը։ Խոսուն է վատահամբավ անվան այս գործածությունը՝ «Հերոստրատը ․․․․ մեծ մարդ դառնալու, դարերով հիշվելու համար ոչ թե Աթենքում նոր տաճար կառուցեց, այլ կառուցված հոյակապ տաճարն այրեց և իրոք էլ անմահացավ» (Լեռ Կամսար)։ Կամ էլ սա՝ «Հերոստրատի մասին ասվում է, որ նա եղել է աշխարհի ամենադրամատիկ հանցագործը, որովհետև այրել է տաճարն իր անունն անմահացնելու համար» («Իրավունք»)։ Ի դեպ, ռուս գրող Գրիգորի Գորինը «Մոռանալ Հերոստրատին» վերնագրով մի պիես ունի (այն Երևանում բեմադրվել է)։

Հերոստրատ անունն առանձին էլ գործածվում է ընդգծված բացասական իմաստով։ Օրինակ՝ «Նկարելուց տարիներ հետո մի հարբած զինվոր, մի անմիտ գավառական Հերոստրատ, կացնով կտրեց այդ վերասլաց կաղնին՝ սարը զրկելով իր գեղեցիկ զարդից» (Ստեփան Զորյան), «Ոնց որ Հերոստրատը լինի, անունն անմահացնելու նոր ձև է գտել» (Վիկտոր Բալայան)։

Հերոստրատի սև գործից հետո կազմվել է Հերոստրատի փառք թևավոր խոսքը։ Օրինակ՝

 

Հերոստրատի փառքին զուգահեռ՝ աճում են դեռ

հրդեհները Արտեմիսի տաճարի

և արդեն հասվեհաս են Աստծո փեշերին (Վարդան Հակոբյան):

 

[Փակագծերում ասենք, որ հասվեհաս նշանակում է «հասնելու մոտ, հասնելու վրա»]։

Հերոստրատի փառք թևավոր խոսքի մի տարբերակն է հերոստրատյան փառք-ը (Հերոստրատի բաղադրիչի փոխարեն հերոստրատյան համարժեք բառը՝ ածականն է գործածվել)։ Օրինակ՝ «Թեև նրանք հենց այսպես՝ հերոստրատյան «փառքով» էլ մնում են ուշադրության կենտրոնում» («Առավոտ»):

            Արտահայտության մի տարբերակում էլ փառք բառի փոխարեն հռչակ-ն է՝ հերոստրատյան հռչակ։ Օրինակ՝ «Մարդկությունը վաղուց ի վեր դատապարտել է փառամոլությունը, որի մարմնացումն է Հերոստրատոսը, նրա անվան հետ է կապվում «հերոստրատյան հռչակ» թևավոր խոսքը, որով բնութագրում են նույնիսկ հանցագործության գնով փառքի ձգտող մարդկանց» (Հայկական սովետական հանրագիտարան):

Կազմվել և գործածվում է Հերոստրատի բարդույթ արտահայտությունը։ Սա հոգեբանական հասկացություն է, որով անվանում են նույնիսկ ամենասարսափելի և կործանարար արարքների միջոցով համընդհանուր ճանաչման կամ հռչակի հասնելու ձգտումը։ Օրինակ՝ «Բեն Լադենը, իհարկե, տառապում է Հերոստրատի բարդույթով և չար գործերով ուզում է մնալ պատմության մեջ («Առավոտ»):

Հանդիպում է այս արտահայտության օտարալեզու բաղադրիչով տարբերակը՝ Հերոստրատի սինդրոմ։ Օրինակ՝ «Մեր ճարտարապետների մի մասը Հերոստրատի սինդրոմ ունի» («Առավոտ»):

 

Ամփոփենք։ Քննարկված արտահայտությունները բնութագրում են մարդու բնավորության ու վարքագծի դրական և բացասական կողմեր՝ անձնազոհություն (Պրոմեթևս), կործանարար ինքնահիացմունք (Նարկիս / Նարցիս) և սև՝ չար գործով ձեռք բերված վատ համբավ․ փառասիրություն (Հերոստրատ):

 

Հետգրություն։

«Թեմատիկ» հումոր․

- Ահա ձեզ կրակը,- ասաց Պրոմեթևսը,- իսկ Հերոստրատին կուղարկեմ հետո։

Հեղինակ՝ Դավիթ Գյուրջինյան

Art 365

01.09.2026

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.