• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
ԿՐԿՆԱԴԻՐ ԵՎ ԶՈՒԳԱԴԻՐ ՇԱՂԿԱՊՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (7 դեպք)

ԿՐԿՆԱԴԻՐ ԵՎ ԶՈՒԳԱԴԻՐ ՇԱՂԿԱՊՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (7 դեպք)

      Շաղկապները հիմնականում արտահայտվում են մեկ բառով (անդրադարձել ենք և, ու, որպեսզի, որ շաղկապներին)։ Լինում են նաև երկու բառով կազմված շաղկապներ՝ բառի կրկնությամբ (կրկնադիր) և տարբեր բառերի զուգադրմամբ (զուգադիր)։ Կրկնադիր և զուգադիր շաղկապներն ունեն գործածության առանձնահատկություններ, որոնց կանդրադառնանք՝ ներկայացնելով 7 դեպք։

 

1․ Բառի կրկնությամբ կազմված շաղկապները հատուկ հնչերանգով են արտասանվում։ Գրավոր խոսքում դրանց կազմիչները շեշտադրվում են։ Այսպես՝ և՛ ․․․ և՛, է՛լ ․․․ է՛լ, թե՛ ․․․ թե՛, կա՛մ ․․․ կա՛մ, ո՛չ ․․․ ո՛չ։

Ըստ կանոնի՝ երկրորդ եզրից առաջ ստորակետ է դրվում։ Օրինակներ՝ «Թե՛ Արտագերսում, թե՛ամենուրեք Հրահատի մտքում Նազենին էր, աչքերի առաջ` նրա պատկերը» (Ստ. Զորյան),  «Շտապենք, Հեբո՛ս, կա՛մ դեպի մահ, կա՛մ դեպի փրկություն» (Վ․ Հարությունյան), «Քարերը մթին ընդերքում ո՛չ անձրևի տակ են եղել, ո՛չ մշուշն է նրանց լիզել» (Ա. Բակունց)։

Ցավալի է, որ գրավոր խոսքի համար հաստատված կանոնը, որ շեշտերը պիտի դրվեն, հաճախ անտեսվում է։ Այնինչ շեշտադրված նախադասությունը մղում է ճիշտ կարդալու և այդպիսով նաև ճիշտ հասկանալու գրվածը։

 

2․ Ստորակետը չի դրվում, եթե թե՛ ․․․ թե՛, կա՛մ ․․․ կա՛մ շաղկապների վերջին (երկրորդ, երրորդ ․․․) եզրից առաջ և կա։ Այսպես՝ «Այս փորձը կարող է թե՛ հաջող և թե՛ անհաջող վերջանալ» (Ա. Շայբոն), «Այդտեղ են կատարվել թե՛ հորս, թե՛ հորեղբորս հարսանիքը և թե՛ իմ կնունքը» (Ստ. Զորյան):

 

3․ Երբեմն մարդկանց թվում է, թե երբ կա՛մ ․․․ կա՛մ, ո՛չ ․․․ ո՛չ շաղկապների երկրորդ եզրին էլ է ավելանում, շեշտը թուլանում է, ուստի գրավոր խոսքում այն չեն արտացոլում։ Օրինակ մամուլից՝ «Տնօրենը, ինչպես մեզ հայտնեցին, կամ տեղում չէր, կամ էլ «գործով նախարարություն էր գնացել»», «Ամբաստանյալն ընդմիջման պահին հրաժարվել էր անգամ սննդից (մեր այս տեղեկատվությունը ոչ հաստատեցին, ոչ էլժխտեցին)»։ Սա ճիշտ մոտեցում չէ։ Երկու շեշտն էլ պիտի դնել, թեև երկրորդն առաջինի համեմատ որոշակիորեն թույլ է։

 

4․ Ուշադրություն․ հանկարծ հոնքը շինելու տեղ աչքը չհանենք։ Պիտի իմանանք, որ կա շեշտվող կրկնադիր էլ, ինչպես՝ «Է՛լ արտասուքներ, է՛լ հեծկլտոցներ, քմահաճույքներ» (թարգմանական, Ի․ Գոնչարով) և չշեշտվող, ինչպես՝ «Աստված հասնի պանդուխտին էլ, նեղյալին էլ» (Ս․ Խանզադյան)։ Պարզ երևում է, որ շեշտադրումը կատարվում է շաղկապի դիրքի թելադրանքով․ շեշտվում է, երբ այն թվարկվող բառերից առաջ է դրվում։ Իսկ երբ էլ-ը հաջորդում է թվարկվող բառերին, տրամաբանական շեշտը (այն սովորաբար չի դրվում) ընկնում է հենց ա՛յդ բառերի վրա, ուստի շեշտ չի դրվում։

 

5․ Գրավոր և բանավոր խոսքում հաճախ են շփոթվում ոչ միայն … այլև և ոչ թե … այլ շաղկապները։ Առաջին հայացքից սրանք թեև նման են, բայց իմաստով տարբեր են, նույնիսկ ինչ-որ առումով հակադրվող։

Ոչ միայն-ը ցույց է տալիս, որ խոսքը միայն այդ բանի մասին չէ, այլ դրան մի ուրիշ բան էլ պիտի ավելանա։ Դրա համար էլ շաղկապի երկրորդ եզրում գործածվում է այլև-ը ։ Օրինակ`  «Արշակը ջանում է  ոչ միայն  տկարացնել մեզ, այլև իսպառ կործանել» (Ստ. Զորյան)։ Այսինքն` ջանում է մեզ տկարացնել, նաև իսպառ կործանել։ 

Երկրորդ եզրում ոչ միայն-ին կարող է զուգադրվել այլ նաև-ը, որ նույն իմաստն է արտահայտում, ինչ այլև-ը։ Օրինակ մամուլից՝ «Այդ ստեղծագործությունները վաղուց դարձել են տասնյակ հազարավոր ընթերցողների սեփականությունը ոչ միայն մայր հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից շատ հեռու»:

 Մինչդեռ ոչ թե-ն ժխտում է մի բան, իսկ այլ-ը դրա փոխարեն հաստատում  է մեկ ուրիշը։ Օրինակ` «Հասկացե՛ք, դուք ոչ թե օգնում, այլ վնասում եք երկրին» (Ս. Խանզադյան)։  Նույն միտքը կարելի է ձևակերպել  այլ կերպ՝ առանց ոչ թե-ի, պարզապես ստորոգյալն արտահայտելով բայի ժխտական ձևով։ Այսպես` «Հասկացե՛ք, դուք չեք օգնում, այլ վնասում եք երկրին»։

 

6․ Զուգադիր շաղկապների բաղադրիչ եզրերը սերտորեն կապված են իրար․ մեկի առկայությունըպայմանավորում է մյուսի գործածությունը։ Ինչպես ոչ միայն … այլև (կամ այլ նաև) և ոչ թե … այլ շաղկապներն են անխախտ բաղադրիչներով, այդպես էլ կան ուրիշները։ Այսպես․

            թեև ․․․այնուամենայնիվ․ «Թեև Արամյանի համար պարզ էր, որ ընկերը կատակում է, այնուամենայնիվ նա ժպտալու, կատակը կատակով ընդունելու ուժ չունեցավ» (Ժ. Ավետիսյան),

թեև ․․․ բայց․ «Թեև մի կարճատև գործողություն էր դա, բայց հասարակության ուշադրությունից չվրիպեց» (Ռ․ Զարյան),

թեկուզ ․․․ բայց, թեկուզ ․․․ սակայն․ «Սկզբում ընդունում էին ինձ զսպված, փակ անվստահությամբ, որը թեկուզ ամեն կերպ աշխատում էին թաքցնել, բայց երևում էր ամեն ինչից, անգամ նրանց ժպտալու ու նայելու եղանակից» (Ե․ Չարենց), «Թեկուզ ջանում էր հանգիստ ու անվրդով լինել, սակայն տագնապով էր նայում Բեկին» (Ս․ Խանզադյան),

թեպետ ․․․ բայց, թեպետ ․․․ սակայն․ «Թեպետ ինքն ասում է, որ երեխա չէ, բայց իսկապես երեխայի բնավորություն ունի» (Նար-Դոս), «Թեպետ վաղուց պաշտոնաթող է, սակայն նրան անպաշտոն հագուստով դեռ չեն տեսել» (Բ․ Հովսեփյան),

քանի որ ․․․ ուստի․ «Քանի որ ազգանունդ շատ է հայտնի, ուստի խորհուրդ կտայի, որ մայրաքաղաքում չմնաս նույնիսկ կարճատև ժամանակով» (Ֆ․ Վերֆել),

եթե ․․․ ապա․ «Եթե խելացի ես, աշխատասեր, համառ, ապա խնդրեմ՝ ճի՛գ թափիր ու կտիրանաս այդ գանձերին» (Շ․ Թաթիկյան)։

եթե ․․․ ուրեմն․ «Եթե երեխաներից մի նշան գտնեք վերևում, ուրեմն պետք է գնաք Հովազաձոր» (Վ․Անանյան): Ոմանք այս ուրեմն-ից հետո ստորակետ են դնում, սակայն դրա կարիքն ամենևին չկա։

Եվ այլն։ Կարևորը ճիշտ կիրառելն է, որ նախադասության տրամաբանությունը չխաթարվի։

 

7․ Պարզ է, որ ունենք թեև, թեկուզ, թեպետ, քանի որ, եթե շաղկապներ, որոնք նաև առանձին են գործածվում։ Ըստ նախադասության արտահայտած մտքի: Այսպես․ «Թեև ոչ այնքան հաջող, սկսեց հալածել անքնությունը, հոգին ու սիրտը ծվատող այդ վիշապին» (Մ․ Սարգսյան), «Թեկուզ աժդահա լինես, հազար հարամիի դեմ մեն-մենակ ի՞նչ պետք է անես...» (Գ․ Սևունց), «Քանի որ ուզում եք ինձ սպանել, թողեք ոսկին հանեմ, հետո սպանեք» (Խ․ Դաշտենց), «Եթե փորձես ինձ մոտենալ, դիպչել, իմացի՛ր, կթողնեմ, տնից կգնամ» (Շ․ Թաթիկյան):

 

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Շուշան Մարուքի

01.08.2025

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.