Հին Հունաստանից ավանդված լեզվական նյութն անսպառ է։ Այս անգամ Դավիթ Գյուրջինյանը ներկայացնում է այնպիսի դարձվածքներ և թևավոր խոսքեր, որոնց առնչվում են բժշկագիտությանն ու բժշկապետ Հիպոկրատին։
ԾԱՆՐ Է ՀԻՊՈԿՐԱՏԻ ԳԼԽԱՐԿԸ
Անտիկ Հունաստանում ապրել ու գործել է (մ․ թ․ ա․ 460 – 377 թթ․) Հիպոկրատեսը կամ Հիպոկրատը (այս տարբերակն է կայունացել հայերենում): Նա բժիշկ էր, փիլիսոփա, բժշկության բարեփոխիչ, բժշկագիտության հիմնադիրը։ Երբ ասում ենք բժշկագիտության հայր, հասկանում ենք, որ խոսքը Հիպոկրատի մասին է։ Հիպոկրատը նաև բժշկական աշխարհագրության նախահայրն է: Մի քանի կայուն բառակապակցությունների բաղադրիչ է Հիպոկրատ անունը կամ նրանից կազմված հիպոկրատյան բառը: Ներկայացնենք դրանք:
Հիպոկրատի երդում
Հանրաճանաչ է Հիպոկրատի երդում արտահայտությունը։ Այս երդումը, որ բարոյական պարտքի և հանձնառության մի հավաստիացում է, հնչում է աշխարհի բժշկական գրեթե բոլոր համալսարանների ավարտական հանդեսների ժամանակ։ Նորընծա բժիշկները երդվում են ազնվորեն և մարդասիրաբար կատարել իրենց գործը։
Բավական խոսուն է Հիպոկրատի երդում արտահայտության այս գործածությունը․ «Շրջանավարտները, ստանալով բժշկի բարձր կոչում և անցնելով բժշկական գործունեության, Հիպոկրատի երդմամբ խոստացան «անշահախնդրորեն օգնել հիվանդին, մեղմել նրա ցավերը՝ անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական դավանանքից, չչարաշահել հիվանդի վստահությունը, պահպանել բժշկական գաղտնիքը, բժշկական գործունեության ընթացքում անհրաժեշտության դեպքում դիմել առավել փորձառու գործընկերների խորհրդին ու օգնությանը» («Առավոտ»):
Ահա գործածության օրինակներ մեկ այլ՝ «Ազգ» պարբերականից․ «Պետությունը պետք է հասնի նրան, որ առողջապահական համակարգի ողջ բուժանձնակազմը կարողանա հավատարիմ մնալ Հիպոկրատի երդմանը գործով» և «Բոլո՞րն են դրժում Հիպոկրատի երդումը»: Մեկն էլ «Հայկական ժամանակից»․ «Հիպոկրատի երդումն ուղղված է բժշկի և Աստծո, բժշկի և նրա ուսուցչի, բժշկի և հիվանդի հարաբերությունների կարգավորմանն ու պարզաբանմանը»։
Հիպոկրատի երդում տարածված արտահայտությունից բացի ավելի քիչ հանդիպում է նաև հիպոկրատյան երդում-ը: Օրինակներ՝ «Կան Հիպոկրատյան երդմանը հավատարիմ բժիշկներ և միաժամանակ՝ երդմնազանցներ» («Հայկական ժամանակ»): «Բժիշկները հավատարիմ են մնում հիպոկրատյան երդմանը և բարեխղճորեն կատարում իրենց գործը, սակայն մեկ բժշկի փոքրիկ սխալը բոլորն են իմանում» («Առավոտ»), «Բժիշկը հիպոկրատյան երդում է տալիս կարծես միայն նրա համար, որ խնդա այդ ազնվաբարո ծերուկի միամիտ համոզման վրա, թե կարևորը հիվանդի բուժումն է դեղով ու խոսքով» («Ազգ»): Ակնհայտ է, որ Հիպոկրատի և հիպոկրատյան բաղադրիչները իմաստային նույն դերն են կատարում:
Հիպոկրատի աշակերտ
Հիպոկրատի սան
Հիպոկրատի աշակերտ և Հիպոկրատի սան կապակցությունները շրջասաբար նշանակում են «բժիշկ»։ Օրինակներ՝ «Ոմանք մտածում են, թե խելագարությունը այսքան մանրամասն ներկայացնող մարդը գոնե հեռվից հեռու Հիպոկրատի աշակերտը պետք է լիներ» (Վահրամ Փափազյան, «Լիր արքա» [վերլուծություն]), «Հիպոկրատի սաները` շուկայական հարաբերությունների մասնագետ» («Երեկոյան Երևան»)։
Կապակցությունը կարող է ընդմիջարկվել, երբ աշակերտ բաղադրիչը հատկանիշ ցույց տվող որևէ լրացում է ստանում: Ահա այսպես՝ «Բագրատը հետաքրքիր մարդ էր, իսկապես Հիպոկրատի երդվյալ աշակերտը» (Ռաֆայել Ղազանչյան, «Դարձի կանչեր»), «Հուրախություն հիվանդների՝ Հիպոկրատի իսկական աշակերտները ևս քիչ չեն» («Առավոտ»):
Հիպոկրատի որդիք
Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպում հանդիպում է Հիպոկրատի որդիք («Հիպոկրատի որդիներ՝ հետնորդներ») կապակցությունը, որը կրկին «բժիշկ» է նշանակում: Այսպես. «Գյուղերումը Հիպոկրատի որդիքը միայն պաշտոնապես գավառապետների մոտ են նշանակված և պետք են գալիս սպանվածներին բժշկական քննությանց վկայականներ տալու դատաստանական գործոց համար»:
Հիպոկրատի հետնորդ
Իմաստային այս նույն խմբին է պատկանում Հիպոկրատի հետնորդ կապակցությունը: Հիպոկրատի հետևորդ ասելով հասկանում ենք այն բժիշկներին, գիտնականներին կամ ուսանողներին, որոնք իրենց գործունեության մեջ առաջնորդվում են Հիպոկրատի սկզբունքներով և բժշկական էթիկայով: Հաճախ էլ այն վերաբերում է առհասարակ բոլոր բժիշկներին, որոնք Հիպոկրատի երդում են տվել։
Գործածության նմուշ թարգմանական գրքից. «- Հարց ու փորձի ժամանա՞կ է, ա՛յ ընկեր,- խոսքս նրա մասին է, ով իրեն ջուրն է գցել,- զայրացած բացականչեց Հիպոկրատի հետնորդը» (Ռևազ Միշվելաձե, «Գյուղի Մադոննան»):
Հիպոկրատն ասում է այո, իսկ Գալենոսը՝ ոչ
Հիպոկրատի անունը կա նաև Հիպոկրատն ասում է այո, իսկ Գալենոսը՝ ոչ թևավոր խոսքում։ Սա ասվում է բժիշկների հակասական կարծիքների առկայության դեպքում։ Թևավոր խոսքի ծագումը վերագրվում է հին հռոմեական դարաշրջանի հույն նշանավոր բժիշկ, բնագետ և փիլիսոփա, բժշկագիտության դասական Կլավդիոս Գալենոսին (մոտ 131-201 թթ.)։
Ծանր է Հիպոկրատի գլխարկը
Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը 1960-70-ական թվականներին որպես բժիշկ աշխատել է ռուսաստանյան հեռավոր Կամչատկայում և Չուկոտկայում, ճամփորդել տունդրայում, 1970-ին իր երկու ընկերների հետ Կամչատկայից նավակով կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս։ Այդ շրջանում գրել է «Հիպոկրատի գլխարկը» պատմվածքների գիրքը պատանիների համար (լույս է տեսել 1972-ին): Ասենք, որ Հիպոկրատի գլխարկ-ը գլխի վիրաբուժական հատուկ վիրակապի անվանում է։ Այդ «գլխարկն» օգտագործվում է գլխի գագաթային մասի վերքերի կամ այրվածքների դեպքում վիրակապն ամրացնելու համար։
Գրքում հեղինակն անդրադառնում է բժշկի պատասխանատու, բարդ և մարդասիրական առաքելությանը՝ արծարծելով մասնագիտական ու բարոյական կարևոր հարցեր:
Մի քանի տարի անց՝ 1976-ին, տպագրվել է Վարդգես Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» վերնագրով դրաման: «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» վերնագիրը թևավոր խոսքի արժեք է ստացել։ Ծանր է Հիպոկրատի գլխարկը արտահայտությունը վերաբերում է բժշկի մասնագիտությանը, նրա բարոյական պատասխանատվությանը և մարդկային կյանքի ու տառապանքի հանդեպ ունեցած ծանր բեռին: Ահավասիկ օրինակներ՝ «Պատահական չէ, որ կա Հիպոկրատի երդում և կա «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» արտահայտությունը» («Առավոտ»), «Ինչու է ծանր Հիպոկրատի գլխարկը» («Գործ»): Այս մի գործածության մեջ էլ բառախաղի տարր կա՝ «Եթե Հիպոկրատի գլխարկն էր ծանր, Ամասիացու կյանքն է ծանր եղել» (Վահրամ Սահակյան):
Ծանր է Հիպոկրատի գլխարկը արտահայտությունը կարող է գործածվել նաև ոչ բժիշկների առնչությամբ, առհասարակ՝ «այսինչ պարտականությունը բավական մեծ բեռ է և պատասխանատվություն» նշանակությամբ։ Օրինակ՝ «Կդառնար նախագահ, աշխարհի հզորների հետ կնստեր-վեր կկենար, այն ժամանակ էլ կխոստովաներ, որ «ծանր է Հիպոկրատի գլխարկը»» («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ):
Հիպոկրատյան դեմք
Հիպոկրատի դեմք
Մի բառակապակցություն էլ կա՝ հիպոկրատյան դեմք, որը գիտական տերմին է․ գործածում են մահամերձ մարդու դեմքի վերաբերյալ։ Արտահայտությունը ծագել է Հիպոկրատի «Ախտագուշակություն» աշխատությունից, որտեղ առաջին անգամ մանրամասն նկարագրվում է մահամերձի վիճակը։ Տերմինն այսօր էլ գործածական է: Օրինակ պրոֆեսոր Ռոլանդ Գրիգորյանի «Վիրաբուժություն» գրքից՝ «Դեմքը լինում է գունատ, գորշ-հողագույն երանգով, դիմագծերն ավելի են սրվում (հիպոկրատյան դեմք)»:
Կապակցությունը գործածվում է նաև փոխաբերական իմաստով, ինչպես՝ «Մենք այժմ դիտում ենք կապիտալիզմի «հիպոկրատյան դեմքը» («Երևան»): Խորհրդային շրջանի այս նախադասության մեջ խոսքը «մեռնող» կապիտալիզմի մասին է: Բնական է, որ այստեղ գործ ունենք գիտական տերմինի փոխաբերական իմաստի հետ։ Դրա համար է օրինակը տեղ գտել «հիպոկրատյան» այս փնջում:
Հիպոկրատյան դեմք կապակցությանը հավասարժեք է Հիպոկրատի դեմք-ը։ Ճիշտ այնպես, ինչպես որ ունենք Հիպոկրատի երդում և հիպոկրատյան երդում:
Հայկական բազմահատորյա (սովետական) հանրագիտարանում կարդում ենք․ «Բորբոքային պրոցեսի զարգացման հետ հիվանդի դիմագծերը սրվում են, աչքերը փոս ընկնում (այսպես կոչված Հիպոկրատի դեմք), պուլսը հաճախանում է, մաշկը դառնում է խոնավ, լեզուն՝ չոր, փառակալած, ջերմությունը բարձրանում է»։
Խիստ հազվադեպ պատահում է հիպոկրատյան կերպարանք կապակցությունը։ Գիտենք, որ կերպարանք բառը նշանակում է «արտաքին տեսք՝ ձև, դեմք, երես, պատկեր»: Օրինակ՝ «Երբ բոյսը, տարօրինակ բան, հուսկ Հիպոկրատեան կերպարանին բոլոր երանգներն ունի» (Ինտրա, «Ներաշխարհ»): Այստեղ նկարագրվում է թոշնող, մեռնող բույսի վիճակը:
Եվ վերջում մեկ հավելում՝ ՄԻ՛ ՎՆԱՍԻՐ։
Հիպոկրատի երդումից է ծագել Մի՛ վնասիր թևավոր խոսքը․ բժիշկը պարտավոր է չվնասել հիվանդին։ Ուշագրավ է թևավոր խոսքի այս գործածությունը․ «Հիպոկրատի երդման հանրահայտ «Մի՛ վնասիր» պատգամը նրանք հասկանում են ոչ թե ոչինչ չանես, որ չվնասես, այլ ամեն ինչ կանես, որ վնաս չտաս» («Առավոտ»)։
Ավարտենք Հիպոկրատի երդումից քաղված այս դրույթով, որն ուղենշային կարող է լինել յուրաքանչյուրիս համար․ «Երդվում եմ լինել բարոյապես մաքուր ու բարեպաշտ առօրյա կյանքում և արվեստիս մեջ»:
Հեղինակ՝ Դավիթ Գյուրջինյան