Հարգելի՛ ընթերցողներ, art365-ը զրույցների նոր շարք է սկսում՝ «Հայերենը ԱՅԲԻՑ մինչև ՔԵ Դավիթ Գյուրջինյանի հետ» խորագրով։
Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը հայերենի գանձարանից ձեզ կներկայացնի կայուն բառակապակցություններ՝ դարձվածքներ, շրջասություններ, արտահայտություններ, լեզվական այլ միավորներ, որոնք կբացահայտեն մեր լեզվի հարստությունները, կնպաստեն մեր գրավոր և բանավոր խոսքի հարստացմանը՝ կամուրջներ ստեղծելով անցյալի և ներկայի, բարբառների, ժողովրդական խոսքի և գրական լեզվի, արևելահայերենի և արևմտահայերենի, գրաբարի և ժամանակակից հայերենի միջև։ Սա արվում է հանուն հայերենի ապագայի։
ԱՅԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՔԵ
Մեսրոպ Մաշտոցը V դարի սկզբին հորինեց հայոց գրերը, դասավորեց իր ստեղծած 36 տառերը, անուններ տվեց դրանց՝ այբ, բեն, գիմ, դա, եչ, զա, է, ըթ, թո ․․․․ և վերջում՝ քե (ավանդական ուղղագրությամբ՝ քէ)։ 1600 տարուց ավելի մենք անդավաճան գործածում ենք մեսրոպյան գրերը։ Նաև տառանունները։
Հայկական տառանուններով բառեր են կազմվել։ Ամենահայտնի օրինակը այբուբեն-ն է․ ու-ով միացել են առաջին երկու տառերի անունները՝ այբ+ու+բեն։ Սրանից է կազմվել այբբենարան բառը (ահա թե ինչու երկու բ է գրվում)։
Տառանուններով նաև կայուն բառակապակցություններ են ձևավորվել։
Ժամանակագրական տեսանկյունից առաջինը այբ և քէ դարձվածքն է։ Ինչպես տեսնում ենք, կապակցության կազմիչները մաշտոցյան այբուբենի առաջին և վերջին տառերի անուններն են։
Այբ և քէ կապակցությունը գործածվել է Աստվածաշունչ մատյանի գրաբար (հին հայերեն) թարգմանության մեջ, որ կատարվել է V դարում։ Հայտնության գրքում (Ա 8) կարդում ենք․ «Ես եմ Այբ եւ ես եմ Քէ, ասէ Տէր Աստված»։ Կապակցությունը թարգմանվել-պատճենվել է հին հունարենից, որտեղ կապակցության բաղադրիչները հունական այբուբենի առաջին և վերջին տառերի անուններն են՝ ալֆա-ն և օմեգա-ն։
Քանի որ V դարում ֆ հնչյուն և տառ չունեինք, Հայտնության գրքի ուրիշ համարում (Ա 10) գործածվել է ալփա տառանունը, իսկ օ չունենալու պատճառով՝ ով-ը․ «Ես եմ Ալփա եւ Ով, Առաջին եւ Վերջին»։
Նոր հայերեն (աշխարհաբար) թարգմանություններում տեսնում ենք հունական տառանունները «նոր տեսքով»․ «Ես եմ Ալֆան, եւ ես եմ Օմեղան,- ասում է Տէր Աստուածը» կամ ««Ես եմ Ալֆան, եւ ես եմ Օմեգան», այսինքն՝ Սկիզբն ու Վախճանը,- ասում է Տէր Աստուածը»։ Ասենք, որ այժմ համատարած օմեգա ձևն է գործածվում․ օմեղա-ն մոռացվել է։
Ալֆա և Օմեգա կապակցությունը շրջասաբար Հիսուս Քրիստոս է նշանակում։ Աստված է ամեն ինչի սկիզբն ու վերջը։
Փոխառյալ ձևն են որդեգրել ուրիշ լեզուներ նույնպես, և այսպես կոչված միջազգային թևավոր խոսք է առաջացել։ Համեմատենք․ ռուսերեն альфа и омега, от альфы до омеги, գերմաներեն das A und O / das Alpha und das Omega և այլն, որոնք նշանակում են «սկզբից մինչև վերջ, որևէ բանի սկիզբն ու վերջը»։
Ուշագրավ է, որ այս կապակցության հայերեն մի տարբերակը կա, որտեղ հանդես է գալիս ոչ թե քե-ն, այլ հայերենի այժմյան («համալրված») այբուբենի վերջին տառի՝ ֆ-ի գրաբարատիպ ֆե անունը։ Այսպես, Նոր Կտակարանի արևմտահայերեն մի թարգմանության մեջ գրված է․ «Ես եմ Այբը եւ Ֆէն, Առաջինը եւ Վերջինը, Սկիզբն ու Վախճանը»։ Այսպիսով՝ նույնարժեք են այբից քե, այբից ֆե, այբից մինչև քե և այբից մինչև ֆե կայուն կապակցությունները։
Մի ժամանակ շաբաթաթերթ կար, որ կոչվում էր «Այբ-ֆե»։ Այբուբենի առաջին ու վերջին տառերի անուններով կազմված կապակցությունները հանդիպում են առավելաբար գրավոր խոսքում։ Ահա թերթային մի խոսուն օրինակ հունական այբուբենի առաջին ու վերջին տառերի անուններով՝ «Այնտեղ գտնելու է բոլոր ժամանակների գրականությունների, մանավանդ վիպագրության իրավունքն ու գոյությունը վավերացնող «ալֆան ու օմեգան»՝ Մարդուն՝ իր հավերժ ծանոթ ու հավերժ դժվարվերծանելի ներաշխարհով»։
Եվ մեկ օրինակ էլ հայկական այբուբենի առաջին ու վերջին տառերի անուններով, որ քաղել ենք ոստիկանության կայքից՝ «Բացահայտման աշխատանքները դասագրքային տրամաբանությամբ քայլ առ քայլ լույս սփռեցին երկու ծանր հանցագործությունների վրա՝ բացահայտելով դրանք այբից մինչև քե»:
Մենք էլ բացահայտենք հայերենի դարձվածքները այբից մինչև քե։
Հեղինակ՝ Դավիթ Գյուրջինյան