Հայ ժողովրդի բազմահազարամյա պատմության երկուհազարամյա շրջանը քրիստոնեական է: Այդ իրողությունն իր արտացոլումն է գտել հայերիս հոգեբանության, հայ մշակույթի, ինչպես նաև հայոց լեզվի, մասնավորապես նրա բաոապաշարի և դարձվածային կազմի՝ դարձվածքների մեջ:
Բազմաթիվ կայուն բառակապակցություններում ունենք Աստվածորդու՝ Օծյալի՝ Հիսուս Քրիստոսի անունը: Ներկայացնենք մի փունջ։
Հաւատացեալ ի Քրիստոս / Հավատացյալ ի Քրիստոս
Բառացի նշանակում է «Քրիստոսին հավատացած` հավատացող», այսինքն՝ «քրիստոնյա»։ Օրինակներ V դարից․
«Հաւատացեալքն ի Քրիստոս՝ արք և կանայք, որ բնակեալ են յիւրաքանչիւր մենանոցս, փոխեսցեն զհանդերձս իւրեանց ըստ աշխարհական կարգաց» - «Քրիստոսին հավատացող տղամարդիկ և կանայք, որոնք բնակվում են մենանոցներում, փոխեն իրենց հագուստը՝ աշխարհական կարգի համաձայն» (Եղիշե, «Վարդանի և հայոց պատերազմի մասին»),
«․․․․ որպէս թագաւորն հրամայեաց յափշտակել զամենայն ինչսն nր ի Քրիստոս հաւատացելոցն» - «․․․․ ինչպես թագավորը հրամայեց Քրիստոսի հավատացյալների բոլոր ունեցվածքները հափշտակել» (Փավստոս Բուզանդ, «Հայոց պատմություն»)։
Ինչպես տեսնում ենք, բաղադրիչների տեղերը կարող են փոխվել՝ աոաջ բերելով շարադասական տարբերակներ` hաւատացեալքն ի Քրիստոս - ի Քրիստոս հաւատացելոցն:
Հաւատացեալ ի Քրիստոս-ն առաջացել է հաւատալ ի Քրիստոս՝ «հավատալ Քրիստոսին» կապակցությունից, որ նշանակում է «քրիստոնեություն ընդունել», «հավատալ Քրիստոսի վարդապետությանը»:
Ավելի ուշ, նաև ժամանակակից լեզվում, այս կառույցը գործածվում է առանց ի նախդրի. «Իբրև զարիւնարբու վիշապ յարձակեալ գայր ի վերայ հաւատացելոցն Քրիստոսի» - «Որպես արյունարբու վիշապ հարձակվելով գալիս էր Քրիստոսի հավատացյալների վրա» (Մատթեոս Ուռհայեցի, «Ժամանակագրություն», XI-XII դդ․):
Այսօր էլ կարող ենք կարդալ այսպիսի դիմելաձևով գրություններ` «Սիրելի հավատացյալ ժողովուրդ ի Քրիստոս»:
Քրիստոսի զինվոր (Քրիստոսի զինուոր)
Այս դարձվածքում «քրիստոնյա» նշանակությունն ունի որոշ նրբիմաստ` «նա, ով զենք է դարձրել Քրիստոսի խոսքը», «նա, ով մարտնչում է Քրիստոսի և նրա հավատի համար», որը մեղքի դեմ ամեն օր պայքարողը և Քրիստոսին խոստովանող նահատակն է: Օրինակ Եղիշե պատմիչից՝ «Ետ պատասխանի զինուորն Քրիստոսի և ասէ…» - «Քրիստոսի զինվորը պատասխան տվեց և ասաց․․․»:
Մեկ օրինակ էլ XX դարից․ «Մինչդեռ, ինչպես վայել է Քրիստոսի զինվորին, հիմա վագրի նման առաջ պիտի թռչեր և պիղծ հոգուն գլորեր ժայռն ի վար» (Խաժակ Գյուլնազարյան, «Նռանի»):
Քրիստոսի զորական (զօրական Քրիստոսի)
Կազմվել է զինուոր Քրիստոսի կապակցության նմանությամբ։ Օրինակ՝ «Մեծ և յաղթող զօրականն Քրիստոսի Պաղտոյնն անկաւ ի պատերազմի – «Քրիստոսի մեծ և հաղթող զորական Պաղտուինը ընկավ մարտում» (Մատթեոս Ուռհայեցի):
Կրոնական գրականության մեջ և խոսքում այսօր էլ գործածվում է։
Քրիստոսի ծառա (ծաոայ Քրիստոսի)
Այստեղ ունենք հետևյալ նրբիմաստները՝ «ով ենթարկվում է Քրիստոսի ուսմունքին» և «ով ծառայում է Քրիստոսի գործին, հավատին»: Օրինակ՝ «Իսկ ըստ շնորհատուր կարգիս՝ ծառայք Քրիստոսի եմք և աշակերտք երանելեացն» - «Ըստ մեր որպես շնորհ տրված կարգի՝ Քրիստոսի ծառաներ ենք և երանելիների աշակերտներ» (Եղիշե):
Քրիստոսի ծաոա դարձվածքը նշանակում է նաև «քրիստոնյա հոգևորական, կրոնավոր»: Այդ իմաստն առաջնային է Քրիստոս անունը պարունակող մի քանի դարձվածքներում։
Քրիստոսի պաշտոնյա (պաշտօնեայ Քրիստոսի)
Քրիստոսի պաշտոնյա են կոչում եկեղեցում հոգևոր պաշտոններ ունեցողներին (քահանայից մինչև կաթողիկոս), որոնց առաքելությունը Քրիստոսի ուսմունքը տարածելն է և հավատացյալներին առաջնորդելը։
Գործածության նմուշ՝ «Որք սիւնք եկեղեցեաց լինիցին, և մատակարարդ բանին կենաց եւ հիմունք հաւատոց. պաշտօնեայք Քրիստոսի և արբանեակք Հոգւոյն սրբոյ» - «Նրանք կլինեն եկեղեցիների սյուներ, կյանքի խոսքի մատակարարներ, հավատքի հիմքեր, Քրիստոսի պաշտոնյաներ և Սուրբ Հոգու սպասավորներ» (Փավստոս Բուզանդ):
Քրիստոսի սպասաւոր
Այս դարձվածքի առաջին գործածությունը Նոր Կտակարանում է․ «Ես հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորն եմ՝ ցանկալի դարձնելու Աստծու Ավետարանը»։ Քրիստոսի սպասավորներն ընդհանրապես քրիստոնյաներն են, ավելի ճիշտ՝ քրիստոնյա կրոնավորները։
Քրիստոսի սպասաւոր-ը համեմատելի է Քրիստոսի ծառա և եկեղեցու սպասավոր դարձվածքներին:
Հանդիպում է նաև այսօրվա հայերենում։ Օրինակ՝ «Քրիստոսի սպասավորները այն ավերել էին Երիզայի Անահիտի տաճարի հետ միաժամանակ ու նրա տեղում եկեղեցի կառուցել» (Պերճ Զեյթունցյան, «Արշակ Երկրորդ»):
Քրիստոսի փոխանորդ
Քրիստոսի կամ Հիսուս Քրիստոսի փոխանորդը նրա տեղապահն է երկրի վրա: Ընդունված է այդպես կոչել Հռոմի պապին։ Ըստ կաթոլիկ հավատալիքի՝ Պապը հատուկ իրավունք է ստացել Քրիստոսից՝ երկրի վրա առաջնորդելու իր հետևորդներին, շարունակելու Քրիստոսի առաքելությունը և առաջնորդելու եկեղեցին: Լեոն իր «Խոջայական կապիտալ» գրքում գրել է․ «Նորին մեծություն Շահը տեղյակ է, որ պապը Հիսուս Քրիստոսի փոխանորդն է»։
Այս շրջասությունը կարող է գործածվել եկեղեցու առաջնորդների վերաբերյալ առհասարակ։ Օրինակ՝ գեղարվեստական գրականությունից․ «Նրան թվում էր, թե ինքը գտնվում է մի սրբազան տաճարում, աստվածային կամարների տակ, իսկ իր առաջ կանգնած է Քրիստոսի փոխանորդը, որի շուրթերը սիրո, եղբայրության, հաշտության խոսքեր են մրմնջում և աչքերից ցայտում է երկնային լույսը» (Զարզանդ Դարյան, «Սայաթ-Նովա»):
Քրիստոսի դեսպան
Քրիստոսի դեսպանները (կամ պատգամավորները, պատգամաբերները) նրա առաքյալներն ու քահանաներն են, որոնք Քրիստոսի կողմից երկրի վրա «դեսպանություն են անում»՝ քարոզելով նրա խոսքը և տարածելով նրա ուսմունքը։
Եղբայր ի Քրիստոս
XIII դարի ձեռագիր մատյանի հիշատակարանում կարդում ենք․ «Զբազմամեղ անձն իմ ..․. յիշեա՜յ, ո՛վ պատուական վերծանող եղբայր ի Քրիստոս» - «Բազմամեղ անձս ․․․․ հիշի՛ր, ո՛վ պատվական ընթերցող եղբայր Քրիստոսով»:
Բարձրաստիճան հոգևորականները պաշտոնական գրությունների մեջ եղբայր ի Քրիստոս-ով էին (և են) իրար դիմում՝ իբրև քրիստոնեական եկեղեցու զավակներ` «Սիրեցյալ եղբայր իմ (մեր) ի Քրիստոս»։
Իսկ կանա՞յք, նրանք չկա՞ն դարձվածքների այս խմբում։ Անշուշտ կան․ Քրիստոս անունը պարունակող դարձվածքներ կան, որոնք նշանակում են «քրիստոնեուհի», «կույս, միանձնուհի»:
Քրիստոսի աղախին
Ագաթանգեղոսը «Հայոց պատմություն» գրքում սուրբ Հոիփսիմեի մասին գրում է․ «Առաջի սուրբ և փառաւորեալ սեղանոյն Աստուծոյ սնար դու աղախին Քրիստոսի» - «Աստծու սուրբ և փառավորյալ սեղանի առջև դաստիարակվեցիր դու, ո՛վ աղախին Քրիստոսի»:
Քրիստոսի աղախին-ը հոմանիշ է Քրիստոսի ծառայ դարձվածքին՝ իգական-արական տարբերակումով, չնայած որ վերջինս կարող է նշանակել թե՛ տղամարդ և թե՛ կին:
Հարսն Քրիստոսի
Հարսն Քրիստոսի կապակցությունը գործածվել է հին հայերենում։ Օրինակ՝ «Հարսն Քրիստոսի ընտրեալ ի բիւրոց, ո՜վ սուրբ Հռիփսիմէ» - «Ո՜վ սուրբ Հռիփսիմե, Քրիստոսի հարս՝ ընտրված հազարավորներից» (Ներսես Շնորհալի, XII դար):
XX դարում Զ․ Դարյանն իր հայտնի վեպում գրել է․ «Քրիստոսի հարսը հեկեկալով անհայտացավ կուսանոցի դարպասի ետևում, և ծնողները թեթևացած սրտերով տուն վերադարձան»։
Իսկ Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» պատմավեպում Քրիստոսի հարսնացու է․ «Ի՞նչ է ուզում անմեղ կույսերից: Քրիստոսի անարատ հարսնացուներին տալ պղծությա՞ն, ամուսնացնե՞լ»: Երկու դեպքում էլ շրջասությունները նշանակում են «միանձնուհի»։
Եվ, իհարկե, Աստվածաշնչից սկսած՝ Քրիստոսի հարս է ըմբռնվում եկեղեցին։
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ