Դավիթ Գյուրջինյանն արդեն անդրադարձել է բժշկագիտության հայր Հիպոկրատի (Հիպոկրատեսի) անունը պարունակող կայուն բառակապակցություններին՝ Հիպոկրատի երդում, ծանր է Հիպոկրատի գլխարկը և այլն։ Կան անտիկ շրջանի նշանավոր այլ գործիչների անուն բաղադրիչներ պարունակող կայուն բառակապակցություններ և թևավոր խոսքեր ևս։ Այս անգամ Դ․ Գյուրջինյանը ներկայացնում է այդպիսի միավորներից երեքը, որոնցում կան հին հունական մեծ փիլիսոփա Պլատոնի անունը և նրանից կազմված պլատոնական բառը։
Պլատոնը (մ․ թ․ ա․ 428/427 – 348/347) հույն փիլիսոփա է, Աթենքի ակադեմիայի հիմնադիրը, անտիկ իդեալիզմի խոշորագույն ներկայացուցիչը, որի գաղափարների հիման վրա ձևավորվել է իդեալիստական փիլիսոփայական և գաղափարական ուղղություն՝ պլատոնականությունը։ Պլատոնի անվանն են առնչվում հայերենում գործածվող երկու կապակցություններ և մի թևավոր խոսք։
Պլատոնական սեր / Պղատոնական սէր
Հայկական բազմահատորյա (սովետական) հանրագիտարանը ներկայացնում է սիրո այսպիսի տեսակներ՝ ըստ կրողի (ծնողական, եղբայրական, ամուսնական, կանացի և այլն), ըստ առարկայի (զավակների, բարեկամների, հայրենիքի, հայրենի երկրի, ճշմարտության, ազատության և այլնի նկատմամբ), ըստ առաջատար կողմի՝ զգայական, տարփական, իդեալական (պլատոնական սեր) և այլն, ըստ հետապնդվող շահի (եսամոլական, այլասիրական, զոհաբերություն պահանջող և այլն)։ Թվարկվածներից մեզ այժմ հետաքրքրում է պլատոնական սերը։
Նույն հանրագիտարանի պլատոնական սեր բառահոդվածում ասվում է, որ դա ցանկասիրությունից զերծ, ոչ մարմնական, զուտ հոգևոր սերն է:
Պլատոնական սեր արտահայտությունը ծագում է հին հունական մեծ փիլիսոփա Պլատոնի ուսմունքից։ «Խնջույք» աշխատության մեջ սերը ներկայացվում է ոչ միայն որպես մարմնական ձգտում, այլև որպես հոգևոր և մտավոր կատարելության հասնելու միջոց։ Սիրո («էրոս») և իմացության համադրությունը Պլատոնն ըմբռնել է որպես յուրատեսակ մոլուցք և զմայլանք, որպես սիրային խանդավառություն։ Այստեղից էլ ձևավորվել է պլատոնական սեր կապակցության դարձվածային իմաստը՝ «ոչ մարմնական՝ հոգու, վեհ սեր»։ Սա ոգեղեն այն սերն է, որ հեռու է մարմնական տենչից, կրքից։
Հանրածանոթ արտահայտություն է, գործածվել է հայ և օտար դասական, ինչպես նաև ժամանակակից գրականության մեջ։ Օրինակ՝ «Ասա խնդրեմ, ի՞նչ կարող է տալ ինձ այդպիսի մի, ասենք, պլատոնական սեր» (Ալեքսանդր Շիրվանզադե, «Ունե՞ր իրավունք»)։ Տպավորիչ է հարցի պատասխանը՝ «Նա կտա քեզ սիրվողի հարգանքը, պատկառանքը, անհուն երախտագիտությունը և անվերջ գովասանքները»։ Այս պատասխանը կօգնի հասկանալու արտահայտության նշանակությունը և գործածության յուրահատկությունները։
Կապակցության իմաստը պարզորոշ է այստեղ՝ «Կյանքում սիրել կարելի է երկու անգամ, մի անգամ պլատոնական, մյուս անգամ՝ մարմնական սիրով» (Գևորգ Հայրյան, «Արծվաքար»): Հակադրվում են պլատոնական և մարմնական սերերը։
Հետաքրքրական է այս գործածությունը․ «Չի էլ թաքցնի, որ հոգու խորքում քնքուշ մի զգացմունք է փայփայել նրա նկատմամբ: Պլատոնական սիրո պես բան...» (Զարզանդ Դարյան, «Քառուղիներ»):
Խոսուն է ինքնատիպ գրող Աղասի Այվազյանի «Փիլիպոս Փիլիպոսյան» վերնագրով պատմվածքի այս նախադասությունը․ «Բոլոր ժամանակների խեղճ քաղքենիներ, մինչև օրս չգիտեք, որ ՊԼԱՏՈՆԱԿԱՆ ՍԵՐ նշանակում է՝ ՄԵԾ ՍԵՐ»։ Ի դեպ, մեծատառերով ընդգծումը Ա․ Այվազյանինն է։
Մտորելու առիթ է ստեղծում այս միտքը․ «Մարդկանցից ոմանք հասկանում են միայն մեկ սերը, ոմանք՝ մյուսը: Եվ նրանք, ովքեր հասկանում են միայն ոչ պլատոնական սերը, զուր են խոսում դրամայի մասին: Այդպիսի սիրո դեպքում չի կարող լինել ոչ մի դրամա» (Լև Տոլստոյ, «Աննա Կարենինա»):
Ռուս բանաստեղծ Ա․ Պուշկինը «Պլատոնական սեր» վերնագրով բանաստեղծություն ունի։ Ահա մի հատված նրանից․
Գիտեմ, Լիդա, իմ բարեկամ,
Թե դու քաղցր քո խոհերում
Ո՛ւմ ես հիշում ամենայն ժամ,
Ո՛ւմ հետ ես քո անուրջներում`
Ընկերներիցդ գաղտնորեն (թարգմանիչ՝ Պ․ Միքայելյան):
Մեր աշխարհահռչակ հայրենակից Շառլ Ազնավուրը «Անցած օրեր» գրքում գրել է․ «Ես բոլորովին չտառապեցի, այդ տարիքում, ենթադրում եմ, համր և պլատոնական սերերը երկար տևելու համար չեն ստեղծված»։ Նկատենք, որ պլատոնական սեր-ը հոգնակի թվով է գործածվել, և դա միանգամայն հասկանալի է։
Կան դեպքեր, երբ պլատոնական սեր արտահայտությունը նախադասության մեջ մի տեսակ «տրոհվում է», բաղադրիչները հեռանում են իրարից։ Այսպես՝ «Տասնութ տարեկան, իմ առաջին բուռն սերն էի ապրում, իհարկե պլատոնական» (Կարպիս Սուրենյան, «Ճիշտը կյանքն է»), «Եթե սերը երկար է մնում պլատոնական վիճակում, դառնում է կործանարար» (Օնորե դը Բալզակ, «Շագրենի կաշին»)։
Արտահայտությունը հանդիպում է նաև մամուլի լեզվում։ Օրինակ «Առավոտ» պարբերականից՝ «Ծանոթագրություններում Պարտիզունին մանրամասնում է նրանց պլատոնական սիրո պատմությունը: «1907 թ. ապրիլին Տերյանը գրել է ընկերոջը՝ Օ. Օհանջանյանին. «Քո քրոջից, որին նամակ էի գրել, մի շատ սիրալիր բացիկ ստացա եւ հեռակա սիրահարվել եմ»»:
Պատահում են պատկերավոր գործածության նմուշներ։ Ահա՝ «Հայ գրականության մեջ («Հայրեններից» հետո) սիրո երգիչներ շա՛տ են եղել, սակայն այդ սերը (մանավանդ 18-19-րդ դարերի գրականության մեջ) մեծ մասամբ «բանաստեղծակա՜ն», պլատոնակա՜ն, կամ... ԱՆԿԻ՛ՐՔ ՍԵՐ ԷՐ... (Գևորգ Էմին, «Յոթ երգ Հայաստանի մասին»․ մեծատառով գրությունը բանաստեղծինն է)։
Ժամանակակից որոշ կիրառություններում երբեմն հեգնական իմաստ է նկատվում, երբ խոսողը կամ գրողն ուզում է հատուկ ընդգծել սիրային հարաբերությունների ոչ մարմնական բնույթը։ Օրինակ՝ «Փոխանակ պլատոնական սեր խաղալու, տառապելու, հարբեցողությամբ տարվելու, մայրերին տանջելու, ավելի լավ է տղամարդիկ պայքարեն հանուն արդարության» (Զորի Բալայան, «Չգրված օրենք»):
Իսկ այս նախադասությունը ժպիտ է առաջացնում․ «Նա այդ սահմանադրության գործող մասի մեջ տեղ չուներ, իր և սահմանադրության հարաբերությունը պլատոնական սիրո պես մի բան էր» (Ռազմիկ Դավոյան, «Եթե Աստված կամենա»):
«Առավոտ» թերթն էլ իր համարներից մեկում տպված աստղագուշակում Խոյերի համար գրել է՝ «Պլատոնական սիրո օր է»։
Հույն փիլիսոփայի անունը միջնադարում և գրաբարի ազդեցությամբ հետագայում երկար ժամանակ գործածվում էր Պղատոն ձևով, ուստի հայ նոր գրականության մեջ կարող ենք տեսնել պղատոնական սէր տարբերակը։ Օրինակներ՝ «Աղջիկը, որ պղատոնական սիրով չսիրե մի գաղափարական պատանիի, հարս, որ չսիրե յուր փեսային, կողակից, որ չսիրե յուր ամուսինին, մայր, որ չսիրե յուր զավակին - այս անհասկանալի է ամեն ազգի մեջ (Ռափայել Պատկանյան, «Տիկին և նաժիշտ»), «Նա չէր հավատում, թե որևէ այր մարդ, եթե նա կատարյալ ապուշ չէ, կարող է բավարարվել կնոջ պղատոնական սիրով կամ անմարմին բարեկամությամբ» (Ալ․ Շիրվանզադե, «Կյանքի բովից»):
Գրական արևմտահայերենում այժմ էլ սովորական է։ Մեկ նմուշ «Պայքար» թերթից (Բոստոն, ԱՄՆ)՝ «Քիչ թէ շատ զարգացած տղաք, երբ իրենց սիրած անձերէն հեռու ըլլան, իրենց սիրածին կը խոստանան «Պղատոնական սիրով» սիրել...»։
Պլատոնական սիրահարություն
Հայկական բազմահատորյա հանրագիտարանի «Սեռական հասունացում» բառահոդվածում գործածվել է պլատոնական սիրահարություն բառակապակցությունը։ Ասվում է, որ մարդու սեռական հասունացման ընթացքը պայմանականորեն կարելի է բաժանել այսպիսի փուլերի՝ սեռական տարբերությունների մասին տարրական պատկերացումների շրջան, պլատոնական սիրահարության շրջան, յուրահատուկ սեռական զգացմունքների արթնացման շրջան, հասուն սեռական գիտակցության շրջան:
Պլատոնական սեր և պլատոնական սիրահարություն․ պիտի գլուխ հանել ու գտնել սահմանները, հասկանալ բովանդակությունը և անվարան գործածել։
Պլատոնը բարեկամս է, բայց ավելի մեծ բարեկամս ճշմարտությունն է
Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է
Այս թևավոր խոսքը հանդիպում է մի շարք տարբերակներով (շարադասական, քերականական և բառային ձևակերպման)։ Այսպես․
1․ Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունն ավելի մեծ բարեկամս է։
2․ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի մեծ բարեկամ է։
3․ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։
4․ Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
5․ Պլատոնը ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։
Թևավոր խոսքը գործածվում է այն իրավիճակներում, երբ մարդն ուզում է ասել՝ «ճշմարտությունը, ճշմարտախոսությունն ավելի եմ գնահատում․ չեմ կարող կեղծել»։
Հույն մեծ փիլիսոփա Արիստոտելը, որն Աթենքում երկար աշակերտել է Պլատոնին, իր «Նիկոմաքյան բարոյականություն» աշխատության մեջ գրել է․ «Թեպետ երկուսն էլ (Պլատոնը և ճշմարտությունը) ինձ համար սիրելի են, բայց ճշմարտությունն առաջին տեղը դնելը սրբազան մի պարտականություն է»։ Այսինքն՝ չնայած իր ուսուցչի նկատմամբ ունեցած խոր հարգանքին և երախտագիտությանը՝ Արիստոտելը պնդում է, որ ճշմարտությունն ամեն բանից վեր է, և գիտական որոնումներում անձնական կապերը և կամ հեղինակությունները չպետք է իշխեն փաստերին։
Հաճախ գործածում են լատիներեն՝ Amicus Plato, sed magis amica veritas։
Հարցեր ընթերցողին․
1․ «Առավոտ» թերթը տարիներ առաջ գրել է․ «Կյանքն իր դրական ու բացասական բոլոր անակնկալներով խուժում է դպրոցների դուռ-պատուհաններից ներս, իսկ պլատոնական սիրո մասին ռոմանտիկ զրույցները բարձր դասարանցիների մեջ արդեն ընդամենը ժպիտ են առաջացնում»։ Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս այդպես է։
2․ Արիստոտելին վերագրվող թևավոր խոսքի տարբերակներից ո՞րն է նախընտրելի Ձեզ համար (պատճենեք կամ գրեք թվահամարը)։
Հեղինակ՝ Դավիթ Գյուրջինյան