Դիլիջանը Հայաստանի այն քաղաքներից է, որի անունն անմիջապես ասոցացվում է անտառների, մաքուր օդի և հանգստի հետ։ Փորձենք պարզել, թե որտեղի՞ց է առաջացել «Դիլիջան» անունը։
Դիլիջան․ ավելի հին անուն, քան կարող է թվալ
Ըստ Հրաչյա Աճառյանի, «Դիլիջան» ձևը գրավոր մի աղբյուրում հանդիպում է 1544 թվականին։
Լեզվաբանը վկայակոչում է 1544 թվականի մի արձանագրություն, որտեղ անունը գրված է «Տիլիջան» ձևով։ Մեկ այլ ձեռագրում, որը թվագրվում է 1344 թվականով, նույնպես հիշվում է այս անունը, սակայն ըստ լեզվաբանի այստեղ սխալ կա և բնակավայրի անվան առաջին հիշատակությունն, այդուհանդերձ, 1544 թվականին է։ Այսինքն Դիլիջան անվանումը գործածվում է 16-րդ դարի կեսերից սկսյալ։
Իսկ ի՞նչ է նշանակում «Դիլիջան»
Բառի ստուգաբանությունը Հր․Աճառյանը կապում է պարսկերեն dil-i jān ձևի հետ, որը նշանակում է «սիրտ հոգւոյ», այսինքն՝ «հոգու սիրտ»։ Ըստ լեզվաբանի, այսպիսի անունով բնակավայր եղել է նաև Սևանի լճի մոտ, ինչպես նաև Պարսկաստանում՝ Ղումից Սպահան գնացող ճանապարհի վրա։
Դիլի անունով երիտասարդի պատմությունը
Ավանդության տարբերակներում Դիլի անունով երիտասարդը սիրահարվում է իր տիրոջ աղջկան։ Նրանց սիրուն դեմ են լինում, և Դիլիի հետ դժբախտություն է պատահում։ Պատմության որոշ տարբերակներում նա սպանվում է, մյուսներում՝ կորչում է անտառներում։ Նրան փնտրող մարդիկ կանչում են.
«Դիլի՛ ջան, Դիլի՛ ջան»։
Եվ հենց այդ արտահայտությունից էլ, ըստ ժողովրդական ավանդության, ձևավորվում է քաղաքի անունը։
Դիլիջանը որպես առողջարան
Առողջարանային Դիլիջանը ձևավորվել է 20-րդ դարասկզբին։ 1921 թվականին այստեղ բացվեց թոքախտի բուժման առողջարան։ 1920-1930-ական թվականներին ընդալայնվեցին ու զարգացան բուժական և առողջարանային ենթակառուցվածքները։1938 թվականին Դիլիջանը ստացավ քաղաքի կարգավիճակ։ 1958 թվականին այն դարձավ հանրապետական ենթակայության քաղաք-հանգստավայր՝ դառնալով զբոսաշրջային ու մշակութային կարևոր կենտրոն։