• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Վտանգներ և թաքնված սպառնալիքներ․ Դավիթ Գյուրջինյան

Վտանգներ և թաքնված սպառնալիքներ․ Դավիթ Գյուրջինյան

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի հետ շարունակում ենք  մեր ճամփորդությունը Հին Հունաստանից ծագած թևավոր խոսքերի ու դարձվածքների ուշագրավ աշխարհում։ Այս անգամ Դ․ Գյուրջինյանը անդրադառնում  է տարբեր վտանգներ ու հնարավոր սպառնալիքներ ներկայացնող դարձվածքներին։ 

 

Դամոկլյան սուր

 

Ավանդությունը պատմում է, որ Սիրակուզայի Դիոնիսիոս թագավորը  ճոխ խնջույքի ժամանակ իր գահին է նստեցնում իրեն նախանձող պալատական Դամոկլեսին, որի գլխավերևում ձիու բարակ մազից ծանր սուր էր կախված։ Դա տեսնելով՝ Դամոկլեսը սարսափած իջնում է գահից։ Թագավորն ասում է, որ եթե ինքը հայտնվել է փառքի գագաթին և գուցե վայելում է կյանքն իբրև տիրակալ, սակայն մեծ է նաև իր գլխին մշտապես կախված վտանգը։

Դամոկլեսը միայն մի պահ վայելեց իշխանությունը, բայց հասկացավ դրա գինը՝ մշտական վտանգը։ Այն կարող է ամեն պահի կործանել իրեն, որքան էլ ամեն ինչ հանգիստ թվա։

Այս պատմությունից առաջացել է դամոկլյան սուր արտահայտությունը, որը նշանակում է «վերահաս, սպառնացող վտանգ»։ Դա վտանգ, որ կախված է մարդու կամ հաստատության՝ երկրի՝ ժողովրդի (և այլնի) գլխին, նրանց վրա։

Դամոկլյան սուր-ը հանրածանոթ խոսք է։ Գործածվում է գեղարվեստական գրականության և հրապարակախոսության մեջ։ Օրինակներ՝ «Ռուսական զորք հասել է մինչև Երզնկա. Վանի գլխին ոչ մի դամոկլյան սուր չի ճոճվում, ի՞ նչ նահանջի մասին կխոսեն...» (Գուրգեն Մահարի, «Այրվող այգեստաններ»), «Վասպուրականի վրա կանգնած էր դամոկլյան սուրը, թուրքական արյունոտ յաթաղանն էր ճոճվում հայության գլխին...» (Մկրտիչ Խերանյան, «Ձայն տուր, ով ծովակ»), «Մարդիկ չեն կարող ապրել անընդհատ գիտակցելով աշխարհի գլխին կախված դամոկլյան սուրը» (Կարպիս Սուրենյան, «Կյանքը ճիշտ է»), «Դրանով կամենում էին հեռացնել իրենցից այն դամոկլյան սուրը, որը կախված էր ամեն մեկի գլխին» (Անահիտ Սահինյան, «Ձայն բարբառո հանապատի»), «Դամոկլյան սուրը դեռ կախված էր մեր գլխավերևում» (Սուրեն Ղազարյան, «Դա չպետք է կրկնվի»)։

Սովորական է նաև մամուլում։ Օրինակներ՝ «Հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող թատրոնների գլխին կախված է փակման դամոկլյան սուրը» («Առավոտ»), «Այդ բանաձևը դամոկլյան սրի պես ճոճվելու է մեր գլխավերևում» («Ազգ»), «Քվեարկությունը դամոկլյան սրի պես կախվել է իշխանությունների գլխավերևում» («Հայկական ժամանակ»)։

Այս թևավոր խոսքի տարբերակն է դամոկյան թուր-ը (սրի փոխարեն թուր է)։ Օրինակներ՝ «Մեր գլխի վրա դամոկլյան թուր է կախված, ես այդ տեսնում և զգում եմ» (Ալեքսանդր Շիրվանզադե, «Կյանքի բովից»), «Կարմիր լույսը, որ ինքնաթիռը կրում է թևերի տակ, դամոկլյան թրի նման կախված է նրանց գլխին» (Մկրտիչ Սարգսյան, «Դարավերջի հայը»):

Ուշագրավ է արտահայտության այն տարբերակը, որում Դամոկլեսի անունը սեռական հոլովով է և անխաթար՝ Դամոկլեսի սուր։ Օրինակներ՝ «Երկու զորեղ սպառնալիքներ, Դամոկլեսի սրի պես, կանգնած են նրա գլխին - հասարակություն և կրոն» (Ալեքսանդր Շիրվանզադե, «Արամբին»), «Անբարոյականությունը Դամոկլեսի սրի նման կախված է մարդկության գլխին և ամեն րոպե սպառնում է իջնել իր գործը կատարելու» (Նար-Դոս, «Զազունյան»), «Նա չի տեսնում ոչ մի մարդկային զորություն, որ ի վիճակի լինի Դամոկլեսի սուրը հեռացնելու գահաժառանգի՝ իր որդու գլխից» (Վահրամ Փափազյան, «Համլետը ինչպես տեսա․․․»)։

Կա սրա ածականով տարբերակը ևս՝ դամոկլեսյան սուր։ Օրինակ՝ ««Կանչի» լույսընծայման դադարեցումը հեշտությամբ թույլ տալու դեպքում «դամոկլեսյան սուրը» կկախվի նաև իշխանությունների համակրանքը չվայելող մյուս պարբերականների գլխին» («Հայկական ժամանակ»)։ Ի դեպ, թևավոր խոսքը չակերտների մեջ առնելն այստեղ տեղին չէ։

 

Տրոյական ձի
Դանայան նվեր
 

Միշտ չէ, որ վտանգը տեսանելի է․ երբեմն այն հայտնվում է որպես «նվեր»։ Տրոյա քաղաքի պաշարման ժամանակ դանայացիները հսկայական փայտե ձի կառուցեցին և այն թողեցին Տրոյայի պարիսպների մոտ, իսկ իրենք հեռացան։ Թվում էր, թե դա պարտության նշան էր կամ հաշտության մի քայլ։ Տրոյացիները բացեցին քաղաքի դարպասը և ձին ներս տարան։ «Նվերի» ներսում զինվորներ էին թաքնված։ Գիշերը նրանք դուրս եկան փայտե ձիու միջից, բացեցին քաղաքի դարպասները և գրավեցին Տրոյան։

Այստեղից առաջացել է տրոյական ձի արտահայտությունը, որ նշանակում է «գաղտնի՝ քողարկված (և նենգ) միջոց նպատակին հասնելու համար»։ Օրինակներ հայաստանյան մամուլից՝ «Մենք չէինք կարող մեզ թույլ տալ ներսում ունենալ տրոյական ձի» («Առավոտ»), «Տրոյական ձի՞ն էր սա, թե՞ գերազնիվ մի այր, որ տանել չկարողացավ իշխանության վարքագիծը» («Ազգ»), «Իշխանության տրոյական ձին կատարեց իր սև գործը և կարող է մտնել 2007-ի ընտրությունների համամասնական որևէ անցողիկ ցուցակի մեջ» («Հայկական ժամանակ»): Մի օրինակ էլ բերենք չափածո խոսքից․

 

Մի՞թե այն թշնամիներով լցված

Տրոյական ձին է,

որը մենք որպես ավար,

որպես բարեգործական նվեր,

որպես պարգև բերում ենք մեր բերդ-երկիրը (Արևշատ Ավագյան, «Հոգենյութ»):

 

Երբ ասում ենք տրոյական ձի, նկատի ենք ունենում այն, ինչ արտաքուստ անվնաս է թվում, բայց ներսում վտանգ ունի։

Տրոյայի գրավման այս պատմությունից ծագել է մի արտահայտություն ևս՝ դանայան նվեր, որը նշանակում է «խաբեական, ընդունողի համար կործանարար նվեր»։ Օրինակ՝ ««Ավանդ» օպերացիան համարում է հանրաքվեից առաջ ժողովրդին տրվող չնչին ընտրակաշառք, դանայան նվեր» («Հայկական ժամանակ»), «Դանայան նվեր՝ ընտրությունների նախօրյակին» («Ազգ»):

 

Պանդորայի արկղ
Պանդորայի արկղը բացել

 

Պանդորայի արկղ թևավոր խոսքն առաջացել է Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմից, որտեղ պատմվում է, թե ինչպես աստվածներից կրակը գողացած Պրոմեթևսի վրա բարկանալով՝ Զևսը երկիր է ուղարկում գեղեցկուհի Պանդորային՝ նրան նվիրելով փակ մի զարդատուփ և խստորեն արգելելով չբացել այն։ Չնայած դրան՝ Պանդորան, հետաքրքրությունից դրդված,  բացում է տուփը․․․ Եվ մարդկային բոլոր դժբախտությունները, փորձանքներն ու հիվանդությունները, որոնք պահված էին տուփի մեջ, սփռվում են աշխարհով մեկ` ցավ ու դառնություն բերելով մարդկանց։ Տուփի հատակին միայն Հույսն է մնում։

Պանդորայի արկղ-ը նշանակում է «փորձանքների, դժբախտությունների աղբյուր»։ Օրինակ՝ «Այժմ, երբ Պանդորայի արկղը բացված է, Թուրքիան առավել մեծ մարտահրավերի առաջ է կանգնած» («Ազգ»):

Տարբերակն է Պանդորայի տուփ, որը հազվադեպ է։ Օրինակ՝ «Վերջ դնենք համընդհանուր ինկվիզիցիայի ուղի բացող Պանդորայի տուփի կեղծ փաստարկին» («Ազգ»):

Պանդորայի պատմությունից ծագել է բայական կապակցություն՝ Պանդորայի արկղը բացել (կամ բաց անել), որ նշանակում է «փորձանքների, դժբախտությունների սկիզբ՝ պատճառ դառնալ»։ Օրինակ՝ «Ռուսաստանը պետք է շնորհակալ լինի Սաակաշվիլուն, նա բացել է Պանդորայի արկղը», «Սասունյանը բաց է արել Պանդորայի արկղը» (երկուսն էլ «Ազգ» պարբերականից):

 

Աքիլլեսյան գարշապար

 

Աքիլլեսյան գարշապար թևավոր խոսքն առաջացել է Հոմերոսի «Իլիականի» գլխավոր հերոս Աքիլլեսի անունից։ Ըստ հունական դիցաբանության՝ Աքիլլեսի մարմնի վրա միայն մեկ խոցելի տեղ կար՝ գարշապարը (գարշապարը ոտքի այն մասն է, որն ընկած է սրունքի և թաթի միջև, մյուս իմաստով կրունկն է)։ Աքիլլեսի մայրը՝ Թետիսը, որդու գարշապարից էր բռնել և սուզել ստորերկրյա Ստիքս գետի կախարդական ջրի մեջ, որ որդին անխոցելի և անմահ լինի։ Աքիլլեսը, որն անպարտելի էր թվում, հետագայում հենց գարշապարից մահացու խոցվեց Պարիսի նետից։

Աքիլլեսյան գարշապար կապակցությունը նշանակում է «խոցելի տեղ՝ կետ» և գործածվում է ինչպես մարդու, այնպես էլ որևէ բնագավառի, ոլորտի, իրողության առնչությամբ։ Օրինակներ՝ «Լինելով տղամարդ՝ ունի իր թույլ կողմը, իր տոնական զրահի աքիլլեսյան գարշապարը, կինը, ուզում եմ ասել» (Վահրամ Փափազյան, «Հետադարձ հայացք»), «Երազանքը, այո, անհո՛ղ երազանքը միշտ էլ քո աքիլլեսյան գարշապարն է եղել» (Ռաֆայել Աթայան, «Սպարտակ») «Տեղական ֆիլմերի պակասը փառատոնի աքիլլեսյան գարշապարն է» («Ազգ»), «Ընդունելության քննությունների աքիլլեսյան գարշապարը համարվում է «Հայ ժողովրդի պատմություն» առարկան» («Իրավունք»), «Չկարգավորված հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանի համար դարձել են աքիլլեսյան գարշապար» («Առավոտ»)։

 

Ներկայացված բոլոր պատմությունները մի ընդհանուր գաղափար ունեն․ վտանգը միշտ որպես բացահայտ թշնամի չի գալիս։ Երբեմն այն լուռ է, բայցև տեսանելի, երբեմն թաքնված է նվերի մեջ, երբեմն սկսվում է անմեղ մի շարժումից, երբեմն էլ մեր մեջ է ապրում։ Գուցե հենց դրա համար էլ պետք է ոչ միայն ուժեղ, այլ նաև ուշադիր, զգուշավոր ու խոհեմ լինել։

Հեղինակ՝ Դավիթ Գյուրջինյան

Art 365

02.06.2026

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.