Մարդը երբեմն մոլորվում է՝ չիմանալով, թե որտեղի՛ց սկսի և ինչպե՛ս գտնի ճիշտ ճանապարհը։ Եվ հենց այսպիսի պահերի համար հին հույները թողել են մի շարք պատմություններ ոչ միայն զգուշացնելու, այլ նաև ճիշտ ուղղորդելու համար։
Դավիթ Գյուրջինյանը ներկայացնում է Հին Հունաստանից ծագած թևավոր խոսքերի մի խումբ ևս։
Արիադնեի թել
Արիադնեի կծիկ
Կրետեի Մինոս արքայի աղջիկը՝ Արիադնեն, Թեսևսին (գրում են նաև Թեսեոս) թելի մի կծիկ է տալիս, որպեսզի դրա օգնությամբ նա կարողանա դուրս գալ լաբիրինթոսից։ Թեսևսը կծիկի ծայրը կապում է լաբիրինթոսի մուտքին, որ վերադարձին չմոլորվի։ Մինոտավրոս մարդակեր հրեշին սպանելուց հետո Թեսևսը կծիկը կծկելով դուրս է գալիս լաբիրինթոսից։
Այս պատմությունից առաջացել է Արիադնեի թել թևավոր խոսքը, որը նշանակում է «դժվար կացությունից, խճճված իրավիճակից դուրս գալուն օգնող միջոց՝ հնար»։ Գործածվում է խոսքը պատկերավոր դարձնելու նպատակով։ Օրինակ՝ «Ոճով ու ժանրերով բազմազան ստեղծագործություններում այդ ուժերի ոգեղենացումը դառնում է մաեստրոյի դժվարին, հաճախ ողբերգական և անզիջում ուղու «Արիադնեի թելը»» («Ազգ»)։ Ի դեպ, այս պարագայում թևավոր խոսքը առանց չակերտների գրելն է ճիշտ։ Այլ խնդիր, իհարկե, երբ այն որևէ ստեղծագործության կամ նրա մի մասի վերնագիր լինի։
Կրետեի արքայադստեր անունը ռուսերենի ազդեցությամբ ավելի շատ գործածում են վերջում ա գրելով՝ Արիադնայի թել։ Եվ զարմանալի չէ, որ այդ ձևով գործածվում է ռուսերենից արված թարգմանություններում, ինչպես՝ «Ձեռքը ճակատին, մտքերի քաոսում նա սկսեց շոշափել թելը, հազիվ երևացող Արիադնայի թելը իբրև նախազգուշական միջոց» (Մարիետա Շահինյան, «Հիդրոցենտրալ»)։ Ոչ միայն ռուսերենից․ «Ես ձեզ տալիս եմ իմ անունը, որ ձեզ ծառայելու է ինչպես Արիադնայի թել՝ այդ լաբիրինթոսը մտնելու համար» (Օնորե դը Բալզակ, «Հայր Գորիո»), «Մի կերպ ելք էի գտնում հոգիների անել լաբիրինթոսում․ ամուր էի բռնել Արիադնայի թելից» (Սևդա Սևան, «Դեր Զոր»)։
Թևավոր խոսքի մի տարբերակ էլ կա՝ Արիադնեի կամ Արիադնայի կծիկ։ Օրինակ արձակից․ «Ինչքան էլ Արիադնայի կծիկից քանդվող թելի պես աշխատում էի աչքերումս ձգել-պահել քայլած տեղերս իրար կապող թելը, այնուամենայնիվ, թելը թել է մնում, կարող էր կտրվել» (Սիլվա Կապուտիկյան, «Գույներ նույն խճանկարից»):
Չափածոյից․
Արիադնայի կծիկը նետում եմ,
գլուխս առնում ու գնում եմ
առանց որևէ ուղղության (Վարդան Հակոբյան, «Թևերի հեռուն»)։
Իսկապես, ամենաբարդ իրավիճակներում երբեմն ոչ թե ուժ է պետք, այլ խնդրի լուծման ճիշտ բանալի և վստահելի ուղենիշ։
Գորդյան հանգույց
Գորդյան հանգույցը կտրել
Ըստ հունական ավանդութան՝ Փռյուգիայի Գորդիոս թագավորը բախտաբեր սայլի լուծը այնպիսի խճճված հանգույցով էր կապել, որ ոչ ոք չէր կարողանում քանդել։ Պատգամախոսի ասելով՝ հանգույցն արձակողը կտիրի ամբողջ Ասիային։ Պարսկական արշավանքից առաջ Ալեքսանդր Մակեդոնացին ապարդյուն մի երկու փորձից հետո թրով կտրում է այդ հանգույցը։ Արագ, վճռական ու անսպասելի քայլով նա լուծում է խնդիրը․ Մակեդոնացին փաստորեն ընտրում է ուրիշ՝ ոչ ստանդարտ ճանապարհ։
Այս պատմությունից է առաջացել գորդյան հանգույց թևավոր խոսքը, որը նշանակում է «շատ բարդ, դժվարլուծելի, կնճռոտ խնդրի կտրուկ լուծում»։
Գործածվում է գեղարվեստական խոսքում, հրապարակախոսության մեջ և մամուլի լեզվում։ Ահա մի քանի օրինակներ՝ «Կլեոպատրայի անդրանիկ որդու լույս աշխարհ գալուց մի քանի ամիս հետո հայոց արքունիքում սկսեց հյուսվել խարդավանքների գորդյան հանգույցը, որը, սակայն, Տիգրանը չլուծեց այնպես, ինչպես իմաստուն Մակեդոնացին» (Հայկ Խաչատրյան, «Տիգրան Մեծ»), «Ով էլ գար իշխանության գլուխ, կանգնելու էր Արցախյան հիմնախնդրի, աղետի գոտու, փախստական և անապաստան բազմության, շրջափակման, արտագաղթի, ընչաքաղցության ժանտախտի գորդյան հանգույցին դեմ հանդիման» (Արմեն Հովհաննիսյան, «Հայաստան, երկիր դրախտավայր»), «Ծրագիր շահելու մեխանիզմն էլ, ավա՜ղ, շատ հաճախ գորդյան հանգույց է հիշեցնում» («Ազգ»):
Գորդյան հանգույց-ը հաճախ գործածվում է կտրել, քանդել, լուծել բայերի հետ՝ առաջ բերելով բայական կապակցություններ, որոնք նշանակում են «շատ բարդ, դժվարլուծելի խնդրին լուծում տալ»։ Այսպես․ «Գորդյան հանգույցը կտրելու Ալեքսանդր Մակեդոնացու հնարամտությունը, վճռականությունն ու խիզախությունը չուներ հայաստանյան և ոչ մի քաղաքական գործիչ» («Ազգ»), «․․․․ Հայաստանի տրանսպորտային շրջափակումն է, որում երկիրը գտնվում էր երկար տարիներ, և այդ գորդյան հանգույցը մասնակի հաջողվեց քանդել» («Ազգ»), «Միամտություն կլիներ կարծելը, թե Սահակաշվիլի-Պուտին այս հանդիպմամբ կարող էր երկու երկրների հարաբերություններում առաջացած գորդյան հանգույցը մեկ հարվածով լուծվել» («Առավոտ»)։
Պրոկրուստեսյան մահիճ
Ըստ հունական դիցաբանության՝ ավազակ Պոլիպեմոնը իր մոտ ընկնող ճանապարհորդներին պառկեցնում էր մահճի (անկողնու) վրա և հարմարեցնում նրա չափերին․ երկարների ոտքերն էր կտրում, կարճերինը՝ ձգում, երկարացնում։ Ավազակին կոչում էին Պրոկրուստես, որ հունարեն նշանակում է «տանջարար»։
Այստեղից առաջացել է պրոկրուստեսյան (կամ պրոկրուստյան) մահիճ բառակապակցությունը, որ նշանակում է «քարացած կաղապար, որին ստիպում են հարմարեցնել՝ ենթարկել գաղափարը, արվեստը և այլն»։ Օրինակներ՝ ««Անաչառության պրոկրուստեսյան մահիճները» կամ «մեջբերումային» հասարակություն» (Սմբատ Հովհաննիսյան․ հոդվածի վերնագիր է), «Ամեն ինչ չափվում էր այս սխեմայի վրա, ինչպես պրոկրուստյան մահճի, և ամեն ավել բան, որը գրականության էությունն էր, պետք է դեն նետվեր» (Ազատ Եղիազարյան, «Հայոց նորագույն գրականություն․ պատմության ուրվագիծ»), ««Նոր համաշխարհային կարգի» զոհ կդառնան ոչ միայն ցամաքային տերությունների քաղաքական-ստրատեգիական հետաքրքրությունները, այլև ավանդական այն արժեքների ողջ համակարգը, որոնք չեն տեղավորվում կոսմոպոլիտիկ էրզաց-մշակույթի պրոկրուստյան մահճի մեջ» («Առավոտ»):
Պրոկրուստյան մահիճը հիշեցնում է, որ վտանգավոր է իրականությունը բռնությամբ համապատասխանեցնել մեր սահմանած (քարացած) չափանիշներին։
Դրակոնյան օրենքներ
Մ․թ․ա․ VII դ․ վերջին Աթենքում սահմանված էին դաժան օրենքներ, որոնք պաշտպանում էին ազնվականների իրավունքները և ունեցվածքը․ հեղինակը կառավարիչ Դրակոնն էր։ Այդ օրենքներն այնքան խիստ էին, որ նույնիսկ փոքր հանցանքների (զանցանքների) համար մահապատիժ էր սահմանված։
Այստեղից առաջացել է դրակոնյան օրենքներ արտահայտությունը, որ նշանակում է «չափազանց խիստ, դաժան, անողոք օրենքներ»։ Օրինակ՝ «Առաջին քարտուղարները շտապեցին իրենց հռչակել պրեզիդենտներ և հրապարակում են կիսաֆեոդալական, դրակոնյան օրենքներ՝ ի չիք դարձնելով քաղաքացիական իրավունքների բոլոր մնացորդները» («Գործ»):
Պատահում է նաև եզակի թվով՝ դրակոնյան օրենք։ Օրինակ՝ «Պատգամավոր Հ․ Հարությունյանը գործող կանոնակարգը համարեց դրակոնյան օրենք» («Հայկական ժամանակ»):
Դրակոնյան օրենք(ներ) ենք ասում, երբ խստությունը վերածվում է դաժանության և անցնում ողջամտության սահմանը։
Այս պատմությունները մի բան են հուշում․ խնդիրները լուծելու ձևը երբեմն այնքան կարևոր է, որքան հենց լուծումը։ Մենք կարող ենք մոլորվել, կարող ենք կտրել խճճված հանգույցը, կարող ենք չափազանց խստացնել կարգուկանոնը կամ սխալ գնահատել մարդկանց և իրավիճակները։ Ամենաճիշտը թերևս Արիադնեի սեփական թելը գտնել կարողանալն է․․․
Հեղինակ՝ Դավիթ Գյուրջինյան