Մայիսի 1-ը մի շարք երկրներում, նաև Հայաստանում նշվում է որպես աշխատանքի ու աշխատավորների օր։ Այս օրը ավանդաբար գովերգվում է աշխատավորը, գնահատվում են կատարված աշխատանքները։ Սակայն, եղել են աշխատանքներ, որոնք ոչ միայն չեն գովերգվել, այլև մարդկության հիշողության մեջ մնացել են, որպես անիմաստ ու անարդյունք, անչափ ծանր ու տանջալից։
Այս անգամ Դավիթ Գյուրջինյանը մեզ տանում է Հին Հունաստան: Այստեղ սկիզբ են առել մի շարք կայուն բառակապակցություններ՝ թևավոր խոսքեր, արտահայտություններ, դարձվածքներ, որոնք հենց այդպիսի աշխատանքներ են ներկայացնում։
Հունական առասպելներից ու ավանդազրույցներից, գրականությունից են առաջացել ու տարածվել բազմաթիվ կայուն բառակապակցություններ։ Դրանք լեզվաբանները տարբեր կերպ են կոչում՝ թևավոր խոսքեր կամ արտահայտություններ, դարձվածքներ։ Բայց անվանումը չէ կարևորը, այլ այն, որ դրանք յուրաքանչյուր կրթված մարդու պարտադիր իմանալիքի շրջանակում են։
Ծագումով անտիկ շրջանին կապվող կայուն կապակցությունները խմբավորել ենք ըստ թեմատիկ ընդհանրության։
ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆԻՄԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔ
Հին ժամանակներում հույները սիրում էին պատմել այն մասին, թե ի՛նչ է լինում, երբ մարդը բախվում է դժվար հաղթահարելի գործերի։ Այդ պատմություններից ծնվել են արտահայտություններ, որոնք առ այսօր նկարագրում են մեր ամենօրյա ջանքերը, չարչարանքն ու հոգնությունը, երբեմն էլ հուսահատությունը։
Սիզիփոսյան աշխատանք
Սիզիփոսյան քար
Ըստ Հոմերոսի «Ոդիսականի»՝ Կորնթոսի հիմնադիր և թագավոր Սիզիփոսն իր վայրագության և դաժանության պատճառով աստվածներից դատապարտված էր Հադեսի խավարչտին թագավորությունում՝ մեռյալների աշխարհում, հսկա մի քար գլորելով լեռան գագաթը բարձրացնելու։ Բայց ամեն անգամ հենց մոտենում էր նպատակին, քարը գլորվում էր ներքև։ Եվ այդպես ամեն ինչ սկսվում էր նորից։ Դա անվերջանալի ծանրագույն և անօգուտ աշխատանք էր․․․
Այստեղից առաջացել է սիզիփոսյան աշխատանք արտահայտությունը, որը նշանակում է «անընդհատ կրկնվող տաժանակիր, բայց և անիմաստ ու ապարդյուն աշխատանք»։
Սիզիփոսյան աշխատանք կապակցությունն ունի տարբերակներ՝ սիզիֆյան աշխատանք, Սիզիփոսի աշխատանք։ Մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը, օրինակ, նախընտրել է սիզիֆյան աշխատանք-ը․
Դու ձգտում էիր դաշնության, երբ անդա՜շն էր շուրջդ կյանքը․-
Ա՜յս է ահա, որ հնում - սիզիֆյան աշխատանք են կոչել («Դիստիքոսներ»):
Տարբերակներ առաջացել են թևավոր խոսքի նաև երկրորդ բաղադրիչի բառի փոփոխությամբ՝ սիզիփոսյան տառապանք/ ջանքեր։
Սիզիփոսյան աշխատանք-ը և դրա տարբերակները հանդիպում են հայերեն մամուլում։
Օրինակներ՝ «Հայաստանում ապակառուցողական գործելակերպը այնքան է տարածվել, որ մեր գործունեությունը վերածվել է սիզիփոսյան աշխատանքի» («Իրավունք»), «Առաջընթա՞ց է արձանագրում մարդկությունը, թե՞ հետընթաց. սիզիփոսյան զուր ջանքե՞ր» («Ազգ»), «Չնայած ձեր անձի նկատմամբ տածած իմ խորին հարգանքին, պարտքս եմ համարում միջամտել սևեռուն գաղափար գլորելու ձեր սիզիփոսյան տառապանքին» («Առավոտ»)։
Արտահայտությունը տեսնում ենք նաև գեղարվեստական գրականության մեջ՝ արձակում․ «Ես ներքին լարվածությամբ լացս զսպեցի ու ցույց տվի՝ իբր ոչինչ չի եղել՝ փորձելով քլունգը վերցնել ու նորից շարունակել սիզիֆյան աշխատանքս» (Արմեն Շեկոյան, «Մետաքսի ճանապարհը») և չափածոյում․
Ես տեսա արդեն դժոխքն իրական,
Էլ չեմ վախենում Աստծո դժոխքից,
Կյանքիս սիզիֆյան տառապանքը մեծ
Եվ գեհենական ցավերն անողոք (Մետաքսե, «Զրույց աշխարհի հետ»)։
Սիզիփոսի այս պատմությունից առաջացել է նաև սիզիփոսյան քար արտահայտությունը, որը հոմանիշ է սիզիփոսյան աշխատանք-ին։ Սիզիփոսյան քարը տանջալից, անվերջանալի և անարդյունք աշխատանքի խորհրդանիշ է դարձել։ Օրինակներ՝ «Ուրեմն և «սիզիփոսյան քար» կրողը միայն Նաջարյանները չեն» («Առավոտ»), «ՀՀ հպարտ քաղաքացու սիզիփոսյան քարը» («Իրատես»):
Տանտալոսյան տանջանք
Տանտալոսյան տանջանք կամ չարչարանք արտահայտությունն էլ է առաջացել Հոմերոսի «Ոդիսականից»։ Զևսը Փռյուգիայի թագավոր Տանտալոսին դատապարտել էր ստորգետնյա թագավորությունում հավիտենապես տանջվելու քաղցից ու ծարավից։ Թեև Տանտալոսը մինչև կոկորդը ջրի մեջ էր, սակայն չէր կարողանում խմել․ հենց գլուխը թեքում էր և շուրթերը մոտեցնում, ջուրը հեռանում էր։ Գլխավերևում հյութալի պտուղներով ճյուղեր կային, որոնք վեր էին բարձրանում, երբ պարզում էր ձեռքը, որ պտուղներից քաղի։ Ամեն ինչ շատ մոտ էր, բայց միաժամանակ այնքա՜ն անհասանելի։
Տանտալոսյան տանջանք նշանակում է «անտանելի տանջանքներ․ երբ մոտ ես ցանկալի բանին, բայց չես կարողանում հասնել դրան»։
Արտահայտության տարբերակներ կան՝ Տանտալոսի՝ Տանտալի կամ տանտալյան տառապանք։ Օրինակներ՝ «Եթե հնարավոր լիներ տանտալյան տանջանքների ենթարկել անպատիժ մնացող որոշ մարդկանց» (Վիկտոր Բալայան, «Հավատ»), «Ժամանակ առ ժամանակ նա ճաշում էր Մորզերի տանը և դրանով որոշ չափով պահպանում էր իր ուժերը, թեև, նայելով սեղանի վրա դրված բազմաթիվ համեղ ուտելիքներին և քաղաքավարության համար հրաժարվելով ուտել այնքան, ինչքան տանում էր ախորժակը, նա տանտալոսյան տանջանք էր զգում» (Ջեկ Լոնդոն, «Մարտին Իդեն»):
Դանայան տակառ
Դանայան աշխատանք
Ըստ հունական դիցաբանության՝ Դանայոս թագավորը եգիպտացիներից պարտվելուց հետո իր 50 դուստրերին կնության է տալիս եգիպտացի երիտասարդների։ Հոր հրամանով աղջիկները (բացի մեկից) ամուսնության առաջին գիշերը սպանում են իրենց փեսաներին։ Իբրև պատիժ՝ աստվածները նրանց դատապարտում են ստորերկրյան թագավորությունում ջրով լցնելու անտակ տակառը։ Աշխատանքը չէր ավարտվում․․․
Այստեղից առաջացել է դանայան տակառ խոսքը, որ նշանակում է «անհատակ աման կամ մի բան, որ չի լցվում»։ Այդ իմաստն է այս օրինակներում՝ «Պաշտոնական լրատվությունը դառնում է ծանր բեռ, դանայան տակառ, որն անընդհատ լրանալու կարիք է զգում ու այդպես էլ չի լրանում» («Հայկական ժամանակ»),
Բոլորը խոսում են,
Բառերը հոսում են,
Չի լցվում դանայան տակառը (Անահիտ Թարյան, «Հավատո հանգանակ»)։
Գործածվում է նաև «անվերջ, անօգուտ աշխատանք» իմաստով։ Երկիմաստ է թևավոր խոսքի այս գործածությունը․ «Կրթության համակարգը նման է դանայան տակառի» («Առավոտ»)։
Սիզիփոսի նման ապարդյուն աշխատանք էին անում Դանայոս թագավորի աղջիկները՝ դանայիդները (դանայուհիները), և սիզիփոսյան աշխատանք թևավոր խոսքին համահունչ է դանայան աշխատանք-ը, որը կրկին նշանակում է «տաժանելի, վերջ չունեցող ապարդյուն աշխատանք»։ Օրինակ՝ «Եթե մենք այդ հարցում արդյունքի չհասնենք, մեր աշխատանքը կդառնա դանայան աշխատանք» (Աշոտ Հայրունի, «Յոհաննես Լեփսիուսի առաքելությունը»)։
Ավգյան ախոռներ
Ավգյան ախոռները մաքրել
Ըստ հունական դիցաբանության՝ Հելլադայի Էլիդա գավառի Ավգիաս (գրում են նաև Ավգիոս) թագավորի ախոռը 30 տարի չէր մաքրվել։ Մաքրել է Հերակլեսը մեկ օրվա ընթացքում։ Նա անսպասելի լուծում է գտել․ փոխել է երկու գետերի հունը և ջրի ամբողջ հոսքն ուղղել դեպի ախոռները։ Դա Հերակլեսի սխրագործություններից մեկն էր։
Այս պատումից առաջացել են միմյանց սերտորեն առնչվող երկու կապակցություններ՝ ավգյան ախոռներ, որը նշանակում է «խիստ թափթփված, աղտոտ շինություն՝ տեղ՝ բնագավառ, որը, թվում է, անհնար է մաքրել՝ կարգի բերել» և ավգյան ախոռները մաքրել, որը նշանակում է «մի տեղում՝ բնագավառում կուտակված խիստ կեղտոտ վիճակը, բարքերը մաքրել՝ վերացնել»։ Օրինակներ՝ «Բայց թե կկարողանա՞ մաքրել անդրօվկիանոսյան հարսը Օնասիսի ավգյան ախոռները, թե՞ ընդհակառակը՝ ավգյան ախոռները կկեղտոտեն նրան նույնպես» (Հրանտ Մաթևոսյան, «Խումհար»), «Մեկ օրում, մեկեն ինչպե՞ս կմաքրես ստի ու կեղծիքի այն ավգյան ախոռները, որ գոյացել են մեր ամբողջ կյանքի ընթացքում» (Անահիտ Սահինյան, «Ձայն բարբառո հանապատի»)։
Արտահայտությունը հաճախադեպ է մամուլում․ «1998 թվականին մենք փորձեցինք մաքրել ավգյան ախոռները» («Առավոտ»), «Հեշտ չի լինելու մաքրել հայրենի ավգյան ախոռները» («Հայկական ժամանակ») և այլն։
Թևավոր խոսքի ախոռ բառը սովորաբար գործածվում է հոգնակի թվով, հազվադեպ՝ նաև եզակի։ Օրինակ՝ «Կմաքրի վերնախավի ավգյան ախոռը, ու դրանից հետո սերնդափոխությամբ ամեն ինչ իր տեղը կընկնի» («Ազգ»):
Անցյալում գործածվել է նաև ավգիասյան ախոռ տարբերակը, որում թագավորի անունն ամբողջական է։ Այսպես․ «Մտադիր են հոգևոր դպրոցի «ավգիասյան ախոռը» մաքրելու» (Ռափայել Պատկանյան, «Նոր Նախիջևանի պատմվածքներ»)։
Հեղինակ՝ Դավիթ Գյուրջինայն