• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ճե-ի պոչը կարճ անել․ Դավիթ Գյուրջինյան

Ճե-ի պոչը կարճ անել․ Դավիթ Գյուրջինյան

Շարունակելով «Հայերենը ԱՅԲԻՑ մինչև ՔԵ» շարքը՝ Դավիթ Գյուրջինյանը ներկայացնում է հայոց այբուբենի այլ տառերի անվանման հետ կապված դարձվածքներ և արտահայտություններ։

 

Հայկական տառանուն պարունակող դարձվածքներից անդրադարձել ենք այբ-ին (օրինակ՝ այբից սկսել), առաջին ու վերջին տառանուններով կազմված այբից մինչև քե-ին, իրար հաջորդող  այբ և բեն-ին (օրինակ՝ այբ ասողը բենն էլ պիտի ասի): Տառանուն բաղադրիչով դարձվածքների նյութը, սակայն, այսքանով չի սպառվում. կան ուրիշ դարձվածքներ ևս: Ներկայացնենք դրանք:

 

     Երրորդ տառանունը գիմ-ն է: Հայերենի առաջին երեք տառանունները նույնպես միասին գործածվում են. կազմվել է այբբենգիմ բառը, որն «այբուբեն» է նշանակում: Գրում են նաև գծիկներով՝ այբ-բեն-գիմ: Ահավասիկ. «Ու ձեռքի քանակը թափով վեր բարձրացնելով, գոչեց.

- Բոլորդ միասին ինձ հետ երգեցեք «այբ-բեն-գիմ»: Չէ՞ որ բոլորիդ անգիր սորվեցրել եմ և միասին ձայնով ասել ենք» (Ավ. Իսահակյան): [Փակագծերում ասենք, որ քանակը քանոնն է]:

     Արևմտահայերենում ունենք այբ-բեն-գիմեն սկսիլ դարձվածքը, որը գործածում է(ր) արևմտահայ գրագետ ավագ սերունդը: Նշանակում է «այբուբենից՝ տարրական բաներից սկսել» (հմմտ․ այբուբենից սկսել): Իսկ այբ-բեն-գիմը գիտենալ նշանակում է «տառաճանաչ՝ գրագետ լինել»:

      Իրար հաջորդող տառանուններ կան եչը ձգենք, զան նայինք / նայենք (այսինքն՝ եչը թողնենք, զային նայենք) արևմտահայերեն դարձվածքի մեջ։ Գործածվել է Պոլսի բարբառում։ Նշանակում է «դա թողնենք, բուն գործին անցնենք»:

     Արդեն գիտենք, որ հայկական տառանուններից առանձնաբար հանդես է գալիս այբ-ը: Այդպիսի գործածություն ունի նաև ճե-ն, որը տեսնում ենք ճեի պոչը երկարացնել դարձվածքում: Սա  նշանակում է «երկարաբանել՝ խոսքը ձգձգել»:          Հետաքրքրական է, որ ունենք սրա հականիշը ևս՝ ճեի պոչը կարճ անել  «երկար չխոսել, խոսքը կարճ կապել»: Երկուսն էլ խոսակցական ծագում ունեն, բայց այսօր հնացած են (գուցե սկսենք գործածե՞լ):

Իսկ ինչո՞ւ է հենց այս տառանունը՝  ճե-ն, կիրառվել: Հավանաբար կապվում է տառի գրության հետ. ճ գրելն անվարժ մարդկանց համար թերևս ավելի դժվար է եղել, քան, ասենք, ժ կամ զ գրելը։ Բայց հանուն արդարության պիտի ասենք, որ ոմանց դժվար է, օրինակի համար, ծ (ծա) կամ մեծատառ Ջ (ջե) գրելը: Թե ինչու սրանցո՛վ դարձվածք չի կազմվել, այլ ճե-ով, չգիտենք:

      Քանի որ խոսեցինք ճե-ով կազմված դարձվածքներից, անդրադառնանք մի միավորի ևս։ Արդի խոսակցական հայերենում, հատկապես երիտասարդների խոսքում, գործածվում է ճը կարգի միավորը, որ նշանակում է «հետին՝ ստորին կարգի»: Ճը-ն տառի ոչ ավանդական անվանումն է։ Ասենք, որ ի տարբերություն արևմտահայ սփյուռքի՝ Հայաստանում ավանդական տառանունները քիչ են գործածվում։ Օրինակ՝ գիմ ասելու փոխարեն ասում ենք գը, լյուն ասելու փոխարեն՝ լը, հո-ի փոխարեն՝  հը, նու-ի փոխարեն՝ նը, սե-ի փոխարեն՝ սը, տյուն-ի փոխարեն՝ տը և այսպես շարունակ։

      Ճը կարգի-ն հակադրվում է աոաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի կապակցություններին, որոնք բարձր կարգեր են ցույց տալիս։ Ճը-ն գործածելու պատճառը գուցե այն է, որ այբուբենում ճե-ն թվային արժեքով հավասար է 100-ի՞, դժվար է ասել։

      Այսպիսով փակեցինք տառանուններ պարունակող հայերեն դարձվածքների հարցը։  Բաց է մնում այդ դարձվածքների գոնե մի մասը գրավոր և բանավոր խոսքում գործածելու հարցը: Ուրեմն սկսենք այբից ու հասնենք մինչև քե:

Իսկ վերջում, օգտվելով  վերևում տրված հուշումներից, կարդանք տառանուններով գրվածը, ինչպես անցյալում էին կարդում.

«Նրանք, բարձրաձայն արտասանելով տառերի անունները, գրում են ավազին.

- Հո, այբ, յի, այբ, սե, տյուն, այբ, նու» (Մ. Սարգսյան):

Կարդացի՞ք: Մեր սրտերում դաջված է այդ անունը:

Հեղինակ՝ Դավիթ Գյուրջինյան

Art 365

09.12.2025

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.