• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ովքե՞ր էին բարբարոսները․ բառի պատմությունը

Ովքե՞ր էին բարբարոսները․ բառի պատմությունը

 

Այսօր «բարբարոս» բառն օգտագործվում է «վայրենի», «անկիրթ», «դաժան» կամ «անմարդկային» իմաստներով։ Բայց ի սկզբանե այդպես չի եղել։
Հին հունարենում կար βάρβαρος (բարբարոս) բառը, որի սկզբնական իմաստը եղել է «օտար», «ոչ հույն», «օտար լեզվով խոսող մարդ»։ Այսինքն՝ հին հույների համար «բարբարոսը» նախ և առաջ այն մարդն էր, ով հունարեն չէր խոսում։

 

ԻՆՉՈ՞Ւ՝ «ԲԱՐԲԱՐՈՍ»

 

Բառի ծագման ամենատարածված բացատրությամբ՝ այն առաջացել է օտար լեզվի անհասկանալի հնչողության ընկալումից։ Երբ հույները լսում էին իրենց համար անհասկանալի լեզվով խոսք՝ այն կարող էր նրանց հնչել որպես կրկնվող, անհասկանալի հնչյունների շարան, որը պայմանականորեն նկարագրվում էր «բար-բար» ձևով։

Հետաքրքիր է, որ հին հունարենում գոյություն ուներ նաև βαρβαρόφωνος (բարբարոֆոնոս) բառը, որը բառացիորեն նշանակում էր «օտար լեզվով խոսող»։ Այն հանդիպում է նաև Հոմերոսի «Իլիականում»։ Այդպես էին կոչվում, մասնավորապես, կարյացիները։

 

«ԲԱՐԲԱՐՈՍ»՝ ՈՉ ԹԵ ՊԱՐԶԱՊԵՍ ՎԱՅՐԵՆԻ

 

Հին հունական աշխարհում βάρβαροι՝ «բարբարոսներ», անվանում էին պարսիկներին, մարերին և այլ ժողովուրդների, որոնց լեզուն հունարեն չէր։ Հետագայում, հատկապես հույն-պարսկական պատերազմների շրջանում, բառը սկսեց ավելի ընդգծված հակադրվել Ἕλληνες՝ «հույներ», հասկացությանը։ Այսինքն՝ հին հույների պատկերացմամբ աշխարհը որոշակիորեն բաժանվում էր երկու խմբի՝ Ἕλληνες՝ հույներ, և βάρβαροι՝ ոչ հույներ։

 

ԲԱՌԻ ԻՄԱՍՏԸ ՓՈԽՎՈՒՄ Է

 

Ժամանակի ընթացքում բառը սկսում է ստանալ նաև բացասական իմաստ։

Հատկապես հույն-պարսկական պատերազմներից հետո «բարբարոս» բառը աստիճանաբար սկսում է կապվել ոչ միայն օտարության, այլև անկրթության, կոպտության ու վայրենության հետ։ Հին հունական աղբյուրներում արդեն հանդիպում են դրա՝ «կոպիտ», «անկիրթ», «դաժան» իմաստները։ Այս փոփոխությունը շատ հետաքրքիր է․ բառը, որը սկզբում նկարագրում էր ուրիշի լեզուն, աստիճանաբար սկսեց նկարագրել նաև ուրիշի մշակույթն ու վարքը։

Այսինքն՝

«Նա օտար լեզվով է խոսում» → «Նա օտար է» → «Նա մեզ նման չէ» → «Նա անկիրթ է, վայրենի»։

 

ՀԵՏՈ ԲԱՌԸ ԺԱՌԱՆԳԵՑԻՆ ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԸ

 

Հույներից բառը Հռոմ անցավ լատիներեն՝ barbarus ձևով, իսկ հետո տարածվեց եվրոպական բազմաթիվ լեզուներում։

Հռոմեական աշխարհում «բարբարոս» էին անվանում Հռոմեական կայսրության, հունահռոմեական մշակութային և քաղաքական շրջանակից դուրս գտնվող ժողովուրդներին։

Այս փուլում բառը ավելի ու ավելի է կապվում «քաղաքակիրթ» և «ոչ քաղաքակիրթ» հակադրության հետ։

Հետագայում եվրոպական լեզուներում barbarian / barbarous բառերը վերջնականապես ձեռք են բերում այն բացասական իմաստը, որն այսօր էլ մեզ ծանոթ է՝ «վայրենի», «դաժան», «անկիրթ», «անմարդկային»։

«Բարբարոս» բառն իրականում ոչ միայն այն մարդկանց մասին է, ում այդպես էին անվանում, այլև նրանց մասին, ովքեր անվանում էին։

 

Հունական մշակույթում բարբարոսների ընկալման տեսանկյունից ուշագրավ է նշանավոր բանաստեղծ Կոնստանտինոս Կավաֆիսի Բարբարոսներին սպասելիս բանաստեղծությունը։

 

ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

 

-Ո՞ւմ ենք սպասում մենք հրապարակում խմբված:
-Բարբարոսներին ենք սպասում, որ գալիս են այսօր:

-Ինչո՞ւ են պալատականները մատնված անգործության,
Նստել են պարապ ու չեն հնարում օրենք ու պատվիրան:

-Որովհետև բարբարոսներն են գալիս այսօր:
Էլ ի՛նչ օրենք, ի՛նչ պատվիրան.
Բարբարոսներն իրենցը կբերեն, երբ գան:

-Ինչո՞ւ է մեր կայսրն այսքան վաղ արթնացել
ու քաղաքի դարպասների մոտ իր գահին բազմել,
թագն էլ վեհորեն գլխին դրել:

-Որովհետև բարբարոսներն են գալիս այսօր:
Եվ կայսրը մեր սպասում է՝ առաջորդին նրանց մեծարի:
Ահա’, պատրաստել է նաև մի մագաղաթ նրա համար,
Այնտեղ գրել տիտղոսներ բազում ու մեծարանքներ`հավուր պատշաճի:

-Ինչո՞ւ են մեր պատվիրակն ու բանբերը դուրս եկել այսօր`
ալ կարմիր, ասեղնագործ զգեստներ հագած,
ինչո՞ւ են նրանց թևքերն այսօր ժանյակազարդ,
իսկ մատանիները՝ զմրուխտափայլ, տոնական:
Ինչո՞ւ են ձեռքերում պահել գավազաններ թանկարժեք՝
արծաթազօծ և ոսկեզօծ պատյաններով նրանք:

-Որովհետև բարբարոսներն են գալիս այսօր,
ու այդպիսի մանրուքներ հաճելի են նրանց:

-Ինչո՞ւ շքեղաբառ հռետորները չեն եկել այսօր,
որ բազմաբառությամբն իրենց խոսքն ասեն:

-Որովհետև բարբարոսերն են գալիս այսօր,
և նրանց ձանձրալի են ճարտասանություն ու ճառ:

-Ինչո՞ւ հանկարծ անհանգստություն ու շփոթմունք իջավ
դեմքերին մարդկանց, ինչո՞ւ բոլորը լրջացան,
Ինչո՞ւ փողոց ու հրապարակ դատարկվեցին արագ,
և բոլորը ներհուն ու գլխահակ իրենց տները դարձան:

-Որովհետև մթնեց արդեն, իսկ բարբարոսերն այդպես էլ չեկան:
Փոխարենը բանբերները սահմաններից ետ դարձան՝
բոթ բերելով, որ բարբարոսներ այս աշխարհում այլևս չկան:

…Եվ հիմա ի՞նչ կլինի մեզ հետ առանց բարբարոսների:
Ախր մարդիկ էին այդ լուծումը խնդիրները մեր:

թարգմ․ հունարենից՝ Շուշան Կարապետյանի

shushan karapetyan

19.08.2026

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.