Շարունակելով «Հայերենը ԱՅԲԻՑ մինչև ՔԵ» շարքը՝ Դավիթ Գյուրջինյանը ներկայացնում է հայոց այբուբենի առաջին տառի անվանման հետ կապված դարձվածքներն ու արտահայտությունները։
Այբ-ը հայկական այբուբենի առաջին տառն է, ուստի բնական է նրա ձեռք բերած «սկիզբ» փոխաբերական նշանակությունը։ Այդ իմաստի արտացոլումը տեսնում ենք այբից սկսել / սկսել այբից դարձվածքի մեջ, որ նշանակում է «սկզբից՝ տարրական բաներից սկսել»։ Օրինակ՝ «Ամեն մի գործում վերջնական նպատակներին հասնելու համար հարկավոր է սկսել այբից» (Ե․ Չարենց)։
Այբ-ը փոխաբերաբար նշանակում է նաև «տարրական գիտելիք»։ Առաջին տառանունը բառ-խորհրդանիշի արժեք է ձեռք բերել՝ նշանակելով գիրը, գրագիտությունն առհասարակ: Այդ իմաստը ցայտուն երևում է այբի կտոր «գրագիտության նվազագույնը, մի փոքր գրել-կարդալ իմանալը» դարձվածքի մեջ: Օրինակ՝ «Նա դուրս եկավ մեր դպրոցից առանց այբի կտոր անգամ հետը տանելու» (Րաֆֆի):
Այս կապակցությունը ճյուղավորումներ է տվել։ Գլխում մի այբ չկա, այսինքն' «անգրագետ, տգետ է. գրել-կարդալ չգիտի», որի արևմտահայ տարբերակն է գլուխը այբ մը չկայ: Գլխում մի այբ չկա և այբի կտոր դարձվածքների բաղադրիչների խաչավորման և միախառնման հետևանքով է առաջացել գլխում այբի կտոր չկա՝ «չափազանց տգետ է, ոչինչ չի հասկանում» դարձվածքը: Գլխումը այբի կտոր չկա կապակցությունը բարբառային է․ դրա ցուցիչը գլխումը ձևն է (գրական լեզվում այս հոլովը հոդ չի ստանում):
Արհամարհական-հեգնական երանգավորում ունի այս դարձվածքի փորում այբի կտոր չկա տարբերակը, որտեղ գլխի փոխարեն փորն է հանդես գալիս: Օրինակ՝ «Քաղաքական ոչ մի հարց չկար, որ նա անձամբ չքննարկեր, թեև, ինչպես նույն Մաղաքանց Այսերն էր նկատում՝ «փորում այբի կտոր չկար»» (Խաժակ Գյուլնազարյան): Դարձվածքը ձևավորվել է խոսակցական լեզվում, այնուհետև անցել գրականին: Արևմտահայերեն տարբերակը՝ փորը այբ մի չիկայ։
Բայական բաղադրիչի փոփոխումով ստեղծվել են փորում այբի կտոր չգտնվել / չլինել / չունենալ տարբերակները: Օրինակ՝ «Շատի փորում հինգ օր ման գաս, մեկ այբի կտոր չես գտնիլ» (Խաչատուր Աբովյան): Մեկ բառի հավելումով առավել ընդգծվում է անգրագիտությունը:
Այբ բաղադրիչի փոխարեն հանդես է գալիս այբուբեն բառը՝ փորում այբուբենի կտոր չլինել / չգտնվել։ Սա միանգամայն հասկանալի է, քանի որ այբուբեն-ը փոխաբերաբար նշանակում է «գրաճանաչություն, գրագիտություն», «որևէ ասպարեզի տարրական գիտելիքներ, հիմունքներ»:
Սպանիչ հեգնանք կա փորը ճեղքես նե, այբ մը չէլլեր արտահայտության մեջ։ Կամ էլ՝ փորին զարնես, այբ մը չելլեր։
«Բացարձակ անգրագետ՝ տգետ» իմաստն է արտահայտում այբի հոտն առած չլինել դարձվածքը։
«Անգրագետ է» նշանակությունն ունեն այբ է տեսնում, մարդակ է կարծում / այբը տեսնելիս մարդակ կը կարծե (մարդակը տանիքի գերանն է) արտահայտությունները։ Սրանց համահունչ է մեկի բացարձակ անգրագիտությունը ներկայացնող այբը տեսնայ՝ պապուն սանտրը կը գիտնայ արտահայտությունը: Սրանք գրեթե մոռացվել են։
«Անգրագետ, տգետ, թերուս» իմաստն են արտահայտում նույնակառուցվածք բարբառային-ժողովրդական այբը փալասով բռնել և բարբառային այբը չանգալով բռնել տարբերակները: Վիրավորական է բողազին հուպ տաս՝ երկու այբ վեր չի ընկնիլ արտահայտությունը։ Օրինակ՝ «Մեր տերտերներին էլ, Աստված բարին տա, բողազներին հուպ տաս՝ երկու այբ չի վեր ընկնիլ» (Պ․ Պռոշյան): Սրանք էլ վերացել են ժողովրդական խոսքից, բայց մնացել են հայ գրավոր մշակույթի մեջ։
Հիշեցնենք մեծ բանաստեղծի խոսքը՝ «Ամեն մի գործում վերջնական նպատակներին հասնելու համար հարկավոր է սկսել այբից»։ Հետևենք այդ խորհրդին։
Դավիթ Գյուրջինյան