Խոսել ենք այբ բաղադրիչով կազմված այբից սկսել, այբից մինչև քե և ուրիշ կապակցությունների մասին։ Շարունակենք հայկական տառանուններ պարունակող դարձվածքների ներկայացումը։
Մի քանի դարձվածքներում հանդես են գալիս իրար հաջորդող տառերի անուններ։ Բնական է, որ դրանցում «հանդիպում են» առաջին երկու տառերի անունները, քանի որ յուրաքանչյուր ոք, ով սկսում էր գրել-կարդալ սովորել, գոնե այդ երկու տառանվանը ծանոթանում էր: Անցյալում ուսուցումը կատարվում էր տառանուններով. բադ բառը կարդալու համար, օրինակ, աշակերտն ասում էր՝ բեն, այբ, դա՝ բադ: Դա դժվար և հոգեմաշ մի ընթացք էր:
Գրագիտության ուսուցման դժվարությունն է ծնունդ տվել այբ ու բենը գլուխը մտցնել դարձվածքը, որ նշանակում է «մի կերպ, դժվարությամբ գրագիտություն սովորեցնել»: Օրինակ՝ «Ռամիկը մի կտոր ցամաք հացով գոհ է մնում, բայց երբ այբ ու բենը մտցրիր նրա գլխում, նա կհասկանա ...» (Րաֆֆի):
Գրին քիչ թե շատ ծանոթ մարդուն են վերաբերում բարբառային այբ ու բենի հոտն առնել «մի քիչ գրագետ լինել՝ դառնալ» և այբը բենից ջոկել (կամ չջոկել) «մի քիչ գրել-կարդալ իմանալ» (կամ «գրել-կարդալ չիմանալ»), նաև «մի բանից մի քիչ հասկանալ» իմաստներն արտահայտող դարձվածքները:
Օրինակներ՝
«Պարետը, որ քիչ այբը բենից կջոկեր, ջուրը ջրամանիցը կհաներ, վեր կալավ թանաքամանը (Պերճ Պռոշյան),
«Անշնորհքներին կամ դեռ այբը բենից չջոկող աշակերտներին խրախուսել այդ ձևով .... գրականությունը վարկաբեկող բան է» (Վահան Տերյան):
Այբ-ն ու բեն-ը գրագիտության հիմքն են, ուստի բնական է, որ հայերենի առաջին երկու տառանունները կան տգիտությանն առնչվող դարձվածքներում: «Անգրագետ է, կարդալ չգիտի» իմաստն ունի այբը կ’ըսե, բենը դատարան կը կանչե դարձվածքը, որն արևմտահայերեն ձևավորում ունի։ Սրան համահունչ է օտարալեզու բաղադրիչ ունեցող այբը տեսնայ նէ՝ բենը մէքկեմեն (արաբերեն է, նշանակում է «դատարան») կը փախցունէ դարձվածքը: Այս դարձվածքները բարբառային են, մոռացված:
Հայկական առաջին տառանունները կան նաև մեկն այբ է ասում, մյուսը՝ բեն դարձվածքում, որը նշանակում է «տարբեր բաների մասին են խոսում»: Ահա ցայտուն մի օրինակ Գուրգեն Մահարուց․ «Ես կասեմ այբ, դու կասես բեն, մենք իրար չենք հասկանա»:
Այսօրվա հայերենում գործածական է այբ ասողը բենն էլ պիտի ասի կապակցությունը, որը նշանակում է՝ «ասելիքը պետք է ավարտել, ինչ-որ բան հաղորդելիս լրիվ պիտի ասել, մի բան ասել ես, մյուսն էլ պիտի ասես. սկսողը պիտի շարունակի»։ Այս դարձվածքի ստեղծման հիմքում ընկել է հենց իրար հաջորդելու գաղափարը, որն արտահայտվել է իրար հաջորդող տառանունների միջոցով։
Օրինակ՝ «Ինչո՞ւ էիր այդ մասին խոսք բացում, չգիտե՞ս, որ այբ ասողը բենն էլ պիտի ասի. հիմա ստիպված ես ամեն ինչ պատմել» (Վիկտոր Բալայան): Նկատի առնենք, որ պիտի կամ պետք է ասի բայական բաղադրիչի փոխարեն կարող է գործածվել կասի ձևը՝ այբ ասողը բենն էլ կասի: Օրինակ նույն հեղինակից՝ «Ճիշտ չես ասում, եթե այդքանը գիտես, շարունակությունն էլ կիմանաս, այբ ասողը բենն էլ կասի, դե պատմի՛ր, լսում ենք»:
Պատահական չէ, որ ուրիշ լեզուներում էլ կան նման կառուցվածք ունեցող դարձվածքներ: Ռուսերեն իմացողները թերևս հիշեցին сказал а, говори и бэ կապակցությունը, գերմաներեն իմացողները՝ wer A sagt, muss auch B sagen, ֆրանսերեն իմացողները՝ qui dit A doit aussi dire B և այլն: Հայերեն էլ հաճախ գործածում են ոչ թե տառանուններով, այլ պարզապես տառերն ասելով։ Այսպես՝ ««Ա»-ն ասում եք, դե «Բ»-ի անունն էլ տվեք, է՜» (Բաղդասար Թովիկ)։ Նաև հակառակ հերթականությամբ․ «Բ»-ն ասելուց առաջ «Ա»-ն էլ ասեք» («Առավոտ»):
Այս դարձվածքի հետ աղերսներ ունի տառանունների հետևյալ ուշագրավ կիրառությունը. «Երբ պատճառը կը հարցվի տղուն, սա պատասխանը կտրվի, թե եթե այբն ըսեմ, ետևեն բենն, գիմն, դան և մինչև և, о, ֆ ըսել պիտի տաք ինձի, ուստի անոր համար այբը չեմ ըսեր, որ մյուս գիրերն ալ ըսելու չստիպվիմ» (Հակոբ Պարոնյան):
Նույն միտքը քերականական այլ ձևավորմամբ էլ է ասվում։ Այսպես՝ այբն ասել է, բենն էլ պետք է ասի կամ ով այբն ասել է, բենն էլ պետք է ասի: Օրինակ՝ Հովհ․ Թումանյանից՝ «Դե ով որ այբն ասել է, բենն էլ պետք է ասի»:
Այբն ասել էինք, բենն էլ պիտի ասեինք։ Այսպիսով այբ և բեն տառանուններ պարունակող դարձվածքների հարցն էլ լուծեցինք։
Դավիթ Գյուրջինյան