Այդ ձայնը՝ բնության, ճշմարտության, լռության, իրական աշխարհի ձայնն է, որն այսօր էլ կորչում է տեղեկատվական աղմուկի մեջ։
«La Dolce Vita»-ն կարծես զգուշացնում է սթափվել թմբիրից, վերգտնել բնականի ու մարդկայինի կորսված արահետը։


Տոնական ու շքեղ դեկորների մեջ են ծավալվում ֆիլմի գործողությունները։ Տոն, որը չի ծնվում ներքին հոգևոր բավարարվածությունից և չի պարգևում երջանկություն, այլ ընդամենը քողարկում է հերոսների հոգևոր դատարկությունն ու փախուստը իրականությունից։ Զարմանալիորեն ժամանակակից մարդն այսօր նույն փախուստն է ապրում սոցիալական ցանցերում՝ հորինված ու շինծու շքեղ կյանքի պատրանքների, ժամանցի բազմազան դրսևորումների մեջ։ Սա փախուստ է ինքնահայեցման տրամադրող լռությունից, ինքնաճանաչումից, ի վերջո ինքն իրենից։ Մարդը վախենում է մենակ մնալ, առերեսվել ինքն իր հետ, այլ նախընտրում է խմբագրված լուսանկարներով, գեղեցիկ ռիլերով ու արհեստական բանականության ստեղծած մեդիա իրականությունը։

Իրականություն ստեղծող մեդիան
«La Dolce Vita»-ի ամենաակնահյտ կանխատեսումներից մեկը կապված է մեդիայի հետ։ Ֆիլմում լրագրությունը այլևս տեղեկատվության փոխանցման միջոց չէ, այլ՝ այն ստեղծող։ Պապարացիները չեն արձանագրում իրականությունը, այլ բեմադրում՝ միջամտելով, սադրելով, աղավաղելով։ Այսօր, սոցիալական ցանցերի, «քլիքների» և ալգորիթմների դարում, այս պատկերն առավել քան ծանոթ է։ Մարդը դառնում է իր սեփական կյանքի բեմադրիչը՝ ապրելով ոչ թե ապրելու, այլ ցուցադրելու համար։ Ֆելլինին կանխատեսել է այն իրավիճակը, երբ իրականությունը կփոխարինվի մարդու ստեղծած պատրանքով, իսկ մարդկային փորձառությունը՝ դրա լուսանկարով։ Մարդն աստիճանաբար կապրի միայն ուրիշների համար՝ հարմարվելով օրվա խոսույթին, թրենդներին ու կորցնելով ինքնությունը։

Ֆիլմի հերոս Մարչելո Ռուբինին, կարծես ողբերգական կերպար է։ Նա հասկանում է իր կյանքի անիմաստությունը, սակայն շարունակում է ապրել գլամուրային թմբիրի մեջ։ Նա կարծես չունի հստակ նպատակ ու բարոյական առանցք։ Նա հարմարվում է բոլոր միջավայրերում, որտեղ հայտնվում է, փոխում դերեր ու դիմակներ։ Ժամանակակից աշխարհում նույնպես մարդը փոխում է դերերը, ինչպես իր էջի նկարները, հարմարվում սոցիալական տարբեր հարթակներին, որպեսզի մնա թրենդի մեջ ու պահպանի և ավելացնի լսարանը։ Մի կողմից սա անխուսափելի է թվում․ ոչ ոք չի ցանկանում ետ մնալ զարգացումից, փոփոխվող աշխարհի միտումներից, սակայն դառնալով բոլորինը ու բացվելով բոլորի առաջ, մարդը մատնվում է հոգևոր դատարկության։

Հոգևոր աշխարհը՝ ընդամենը դեկոր
Ֆիլմի ամենահայտնի տեսարաններից մեկը՝ Քրիստոսի արձանի տեղափոխությունը ուղղաթիռով, այսօր ավելի տպավորիչ է, քան երբևէ։ Հոգևոր արժեքները վերածվում են լուսանկարների, խորհրդանիշները՝ դեկորի, հավատը՝ միջոցառման։
Այսօր մարդն ապրում է նման իրականության մեջ․ գաղափարականությունն ու ուսմունքները ծաղրվում են, կրոնականությունը դառնում ցուցադրանք, սրբությունը վերածվում բրենդի։ Ֆելինին ցույց է տալիս ոչ թե կրոնականի կորուստը, այլ դրա ձևականացումը։ Ֆիլմի ավարտին աղջնակի ձայնը, որը չի հասնում Մարչելլոյին, ժամանակակից կինոյի ամենախորքային խորհրդանշաններից է։ Դա կոչ է՝ պարզության, մաքրության, մարդկային անմիջականության։ Բայց հերոսը չի կարող արձագանքել։ Նա շատ հեռու է ու վաղուց կապերը խզել է բնական ու իրական աշխարհի հետ։
Այդ ձայնը՝ բնության, ճշմարտության, լռության, իրական աշխարհի ձայնն է, որն այսօր էլ կորչում է տեղեկատվական աղմուկի մեջ։
«La Dolce Vita»-ն կարծես զգուշացնում է սթափվել թմբիրից, վերգտնել բնականի ու մարդկայինի կորսված արահետը։

03.02.2026
Ինչո՞ւ