• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Մոմիկ ճարտարապետ. ավանդությունն ու իրականությունը

Մոմիկ ճարտարապետ. ավանդությունն ու իրականությունը

Ավանդությունն ասում է.

«Վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունաց իշխանի գեղեցիկ աղջկան: Աղջիկն էլ հավանում է Մոմիկին: Սյունաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում. «Աղջկաս կտամ  քեզ, եթե երեք տարում մի նոր գեղեցիկ վանք շինես ինձ համար»: Երիտասարդ վարպետը ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում: Ապառաժներից քարեր կտրելով ու տաշելով քիչ է մնում, որ որոշված ժամկետին ավարտի վանքի շինությունը: Իմանալով այդ, իշխանն ուղարկում է ծառային, որ տիրոջ հրամանով բարձրանալով վանքի գմբեթը, այնտեղից ցած է հրում Մոմիկին: Մոմիկի տաշած վերջին քարը դառնում է նրա շիրմաքարը»:

Իսկ իրականում

 

Մանրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Մոմիկը սյունաց իշխանների պատվերով բազում հրաշալի գործեր է արել: Ծնվել է Վայոց ձորում, ամենայն հավանակությամբ` 13-րդ դարի 60-ական թվականներին: Սովորել է Գլաձորի համալսարանում: Մինչև կյանքի վերջը ապրել է Վայոց Ձորում, զավակներ ու թոռներ է ունեցել:

 

Մանրանկարիչը

 

Մոմիկի նկարազարդումների գլուխգործոցը 1302 թվականին Ստեփանոս Օրբելյանի պատվերով նկարազարդած «Պատերազմի Ավետարանն» է: 300 էջանոց, բայց փոքր չափերով այս Ավետարանը պատմիչ Ստ. Օրբելյանը միշտ իր մոտ է պահել: Մանրանկարչին հաջողվել է ձեռագրի անսովոր փոքր չափերի մեջ տեղավորել Տերունական պատկերաշարի 12 հիմնական տեսարանները, 3 պատկեր, 2 անվանաթերթ,  փոքրիկ գլխազարդեր ու մի շարք լուսանցազարդեր: Տեսարանները հագեցած են կերպարներով: Օրինակ, «Համբարձում» մանրանկարում 17 կերպար է տեղավորվել, իսկ «Մուտք Երուսաղեմում»՝ 18:

 

Տեսողության կորուստ

 

1331 թվականի  մի հիշատակարանում պահպանվել է Մոմիկի կենսագրության շրջադարձային  մի դրվագ: Մանրանկարիչը խոստովանում է, որ կորցրել է տեսողությունը և չի կարողանում ավարտել 1307 թվականին Ստեփանոս Օրբելյանի պատվիրած ձեռագրի նկարազարդումը: Հայտնի է, որ  տեսողության վերականգնումից հետո Մոմիկն այլևս մանրանկարչությամբ չի զբաղվել:

 

Նորավանքի ճարտարապետը

 

Մոմիկին վերագրվող ճարտարապետական ամենավաղ կառույցը Ստ. Օրբելյանի պատվերով 1295 թվականին կառուցված Տաթևի սբ. Գրիգոր թաղածածկ եկեղեցին է:

Հաջորդը՝ 1324թ կառուցված Արենիի  եկեղեցին է: Արփա գետի ափին, բարձր բլրի վրա վեր խոյացող եկեղեցին կերտվել է դարչնագույն տուֆից: Այստեղ ճարտարապետը հրաժարվել է 13-14-րդ դարերի հայ եկեղեցական ճարտարապետության որոշ ավանդույթներից և եկեղեցու գմբեթը հենել է երկու առանձին  մույթերի վրա:

      Մոմիկի ճարտարապետության գլուխգործոցը Նորավանքի Սբ. Աստվածածին եկեղեցին է: Բուրթել իշխանի   դամբարան-եկեղեցին երկհարկ է, սլացիկ ռոտոնդայով: Կառուցվել է  1339 թվականին: Գմբեթն ու   սյուները սահուն, ներդաշնակ հորիվածք ունեն: Յուրօրինակ են    երկրորդ հարկ ձգվող աստիճանները, որոնք  եռանկյունաձև շրջան  են կազմում` զուգակցվելով քանդակազարդ ճակատի դետալների հետ:  Գմբեթի խորհրդանշական 12 սյուներից մեկին  Բուրթել իշխանի պատկերաքանդակն է` եկեղեցու մանրակերտը ձեռքին: Մյուս սյուները զարդարում են  Աստվածամոր ու Փրկչի, Բուրթել իշխանի որդիների պատկերաքանդակները:Ուշագրավ ու բացառիկ  է Մոմիկի կերտած հայր Աստծո քանդակը՝ Ադամի գլուխը ձեռքին:

Խաչքարագործը

 

Մոմիկի խաչքարերը նուրբ են մանրահյուս:  Քանդակագործը   ընդգծել է դետալները, ելուստներն  ու խորությունները: Ավանադական խաչքարը դարձել է բազմաձև ու տարողունակ: Խորանները ներդաշնակ են, պատկերքանդակները հստակ ու ճանաչելի, ծաղկյալ խաչը գեղեցիկ զարդանախշերով է երիզված: Ասեղնագործ մակերեսը աննյութական ու անկշիռ է դարձնում քարը…խաչքարը վերածվում է   աղոթքի:

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Աղբյուրը՝ Հայ մշակույթի նշանավոր գործիչներ. V-XVIII դարեր, 1976:

Ա.Ղանալանյան, Ավանդապատում, 1969:

Art 365

10.03.2021

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.