• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
[Ինչու]  «Հարրի Փոթերն» այսքան սիրվեց ողջ աշխարհում

[Ինչու] «Հարրի Փոթերն» այսքան սիրվեց ողջ աշխարհում

 

«Հարրի Փոթերը» բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի՝ 7 մասից բաղկացած հայտնի վիպաշարն է։ Գրքերից յուրաքանչյուրում նկարագրվում է գլխավոր հերոս, փոքրիկ հրաշագործ Հարրի Փոթերի մեկ ուսումնական տարին Հոգվարթսի մոգության և հրաշագործության դպրոցում։ 

«Հարրի Փոթերի» բոլոր գրքերն էլ դարձել են բեսթսելլերներ և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ այդ թվում նաև հայերենով: 

«Հարրի Փոթերի» հաջողության «գաղտնիքների» մասին ենք զրուցել վիպաշարի թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ:

 

[Ինչու]

Ինչո՞ւ է «Հարրի Փոթերն» այսքան սիրվել:

 

Դժվարանում եմ սեղմ և միանշանակ պատասխանել: Դատելով տարալեզու հրատարակությունների սպառվող տպաքանակից` թերևս ամենասիրված մանկապատանեկան վիպաշարն է, թեև կան ընթերցողներ, որ գիրքը չեն սիրում: Գիտեմ նաև մարդկանց, որ «մութ նպատակներով» տնեցիներից թաքուն են կարդում կամ էլ չեն կարդացել ու պնդում են, որ չեն սիրում: Շատ հաճախ գրքի հանդեպ նման վերաբերմունքն ավելի շուտ պայմանավորված է դյութապատում (ֆենթեզի) ժանրի հանդեպ անհանուրժողականությամբ:

 

Ո՞րն է Ռոուլինգի հաջողության բանաձևը, ըստ Ձեր՝ նրա հնարանքներն ու ստեղծած աշխարհը հայերենով կառուցած մարդու կարծիքով:

 

Կարծում եմ` այն, որ Ռոուլինգը բացառիկ պատմող է` պատմություններ հյուսող: Այսօր գրականության մեջ քիչ չեն ընդգծված հեղինակային ոճով առանձնացող հեղինակները, սակայն գրավիչ պատմություն կառուցելը  (story-telling) հազվագյուտ շնորհ է` համեմատելի հեքիաթասացի վաղնջական «մասնագիտության» հետ: Նիլ Գեյմանը գրում է. «I like everything to be story-shaped: Ինձ դուր է գալիս, որ ամեն ինչ պատմության տեսք ունենա»: 

 

Ինչո՞ւ կարդալ «Հարրի Փոթերը»:

 

Տարբեր պատճառներով: Օրինակ` որպեսզի վայելենք տարաշխարհիկ, զուգահեռ, «այլ» կամ, եթե ուզում եք, մտացածին (Մալխասյանցի բառարանում վերջերս հեաքրքիր մի բառ գտա` մոգոնովի) իրականության բացառիկ, հետևողականորեն կառուցված մի  նմուշ:  

 

«Հարրի Փոթերը» մեծերի համար:

 

Ընթերցողական վայելք, համարժեք ընթերցման և ընկալման պարագայում` անգամ քաղաքական հրաշապատում տեքստ, ցավոք, շատ ավելի արդիական, քան ենթադրվում է:  Պատանի ընթերցողը իմաստային այս շերտը կարող է հանգիստ անտեսել:

 

«Հարրի Փոթերը» փոքրերի համար:

 

Իրենց գիրքն է, ինչ-որ տեղ իրենց գրական մենաշնորհը: Երբեմն ինձ թվում է` մի ուրույն չգրված հեղինակային իրավունք էլ իրենք ունեն և գրաքննություն, որի առաջ ամեն հատորի հետ պատասխանատու եմ: Վառ սյուժե է, համոզիչ կերպարներ, գերբնական պատումի տարերք, «այլ» դպրոց, պարենային դրախտ... Պատանի ընթերցողի համար «Հարրի Փոթերը» կարող է ծառայել որպես չարի դեմ պայքարի և չարից մեր վախը հաղթահարելու ինքնուսույց...

 

Ինչո՞ւ եք Դուք սիրել այդ գրքաշարը:

 

Ինձ դուր է գալիս հեղինակի զարմացնելու ձիրքը, դուր է  գալիս ինչպես  է աշխատում նրա միտքը` ստեղծելով միջտեքստային բազմաթիվ առնչություններ, անդրադարձներ ու վարպետ փոխակերպումներ` բառաձևերի ու բառիմաստների հետ հմտորեն խաղալով ու ընթերցողին, մանավանդ թարգմանիչ-ընթերցողին արտակարգ լեզվախաղի մեջ քաշելով: Ռոուլինգը մանկագրության մեջ ամենակատարյալ homo narrans-ն է և homo ludens-ը (պատմող մարդ և խաղացող մարդ)` երկուսը մեկտեղ:

 

Ո՞ր գիրքն եք ամենաշատը հավանում:

 

Առաջինը,  գուցե որովհետև հայտնություն էր ինձ համար` նոր աշխարհ, կամ գուցե որովհետև մի առանձին հմայք ունեն այն գրքերը, որ երեխաներդ քեզնից առաջ են կարդացել:

Նաև, ամենաշատը հավանում եմ այն գիրքը, որն այդ պահին թարգմանում եմ:

 

 

shushan karapetyan

06.04.2021

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.