• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչո՞ւ կարդալ Վըրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ» վեպը

Ինչո՞ւ կարդալ Վըրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ» վեպը

Անկրկնելի Վըրջինիան

 

Անգլիացի արձակագիր, քննադատ, 20-րդ դարի առաջին կեսի մոդեռնիստական գրականության երևելի դեմքերից մեկի՝ Վըրջինիա Վուլֆի (1882-1941 թթ.) «Միսիս Դելուեյ» վեպը նրա 4-րդ և ամենահայտնի գործն է: Այն հրատարակվել է 1925 թվականին  և անմիջապես դարձել ընթերցողների սիրելի գիրքը: Ընդհանրապես Վըրջինիա Վուլֆն իր դժբախտ ճակատագրով, ողբերգական մահով, ստեղծագործություններում արծարծված թեմաներով ու խնդիրներով վաղուց արդեն վերածվել է լեգենդի ու կանանց գրականության խորհրդանիշի:

 

Վըրջինիա Վուլֆի կյանքի ու ստեղծագործության նկատմամբ հետաքրքրության նոր ալիք է բարձրանում  1970-ական թվականներին՝ նրան  դարձնելով ֆեմինիզմի  գաղափարախոս: Արձակագիրը դարձել է վեպերի ու պիեսների հերոսուհի, նրա մասին ֆիլմեր են նկարահանվել: Վուլֆի ազդեցությունը նկատելի է հայտնի գրողներ՝ Մարգրեթ Աթվուդի, Մայքլ Քանինգհեմի, Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործություններում: 

 

ՄԵկ անիրադարձային օրվա իրադարձություններով լի պատմություն

Վեպը պատմում է 1923 թ. հունիսյան մեկ օրվա մասին: Առաջին հայացքից վեպում որևէ նշանակալի իրադարձություն տեղի չի ունենում: Հերոսները՝ Քլարիսա Դելոուեյը, նրա դուստր՝ Էլիզաբեթը, դստեր ուսուցչուհին՝ Քիլմանը, պատերազմի վետերան՝ Սեփթիմուս Ուորրեն Սմիթը, նրա կինը՝ Լուկրեցիան, Փիթեր Ուոլըշը, ինչպես նաև մի քանի այլ կերպարներ, անհոգ շրջում են Լոնդոնի փողոցներում և պատրաստվում Քլարիսայի կազմակերպած երեկույթին: Արտաքին աշխարհում իրադարձությունների սակավությունը, սակայն լրացվում է հերոսների ներաշխարհում տեղի ունեցող բռնկումների նկարագրություններով ու հետահայաց անցումներով անցյալ: Երջանիկ անցյալը՝ Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող տարիները, ոչ միայն կերպարների  երիտասարդության տարիներին են, այլև նրանց ներկա իրականության, հոգեվիճակների ու հարաբերությունների ձևավորման շրջանը: Կերպարները թեև հիմա հազվադեպ են հանդիպում, սակայն կապված են սիրո, մերժման, կրքի, ցավի նուրբ թելերով, չասված խոսքերի ու անպատասխան հարցերի ցանցով: Սակայն վիպական ժամանակի մեջ, հանդիպելով Քլարիսայի երեկույթի ընթացքում, չասված խոսքերը այդպես էլ չեն ասվում բարձրաձայն, մնալով հերոսների  սրտերում ու մտքում՝ հոսելով, բախվելով ու խառնվելով միմյանց: 

 

«Գիտակցության հոսք». ո՞վ է խոսողը

Եթե դուք կարդացել եք Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»(տե՛ս ավելին այստեղ) կամ Ուիլյամ Ֆոլքների վեպերը, ապա «գիտակցության հոսք» կոչվող գրական մեթոդով ներկայացվող վուլֆյան պատումը ձեզ կգրավի ընկալման իր հեշտությամբ: Եթե ծանոթ չեք այդ մեթոդին, մի քիչ կշփոթվեք, ապա մեծ հաճույք կստանաք ընթերցանությունից: Հեղինակին հաջողվել է մեծ վարպետությամբ միահյուսել ու ընդհանուր միասնական հոսքով ներկայացնել կերպարների խոսքը, միտքը, հուշերը, փոխանցել նրանց ապրումներն ու զգացմունքները: Ընթերցանության մի պահի մեջ հասկանում ես, որ այդքան էլ կարևոր չէ՝ Քլարիսան խոսում է, թե մտածում, արդյոք Քլարիսա՞ն է մտածում, թե՞՝ նրա սպասուհին, ո՞րն է շոշափելի իրականությունը և ո՞րը նրա մասին մտածումը: Ամեն ինչ միահյուսված է կյանքի մեկ ընդհանուր ու անընդհատական հոսքի մեջ: Ժամանակը հոսում է անկախ մարդկային ընկալումների տարբերություններից, անկախ դժբախտություններից ու երջանկություններից: Նույնիսկ առանձին մարդու  մահը, չի խաթարում ժամանակի ընթացքը: Լոնդոնյան Բիգ Բենը նույնիսկ արյունալի պատերազմից հետո աշխատում է անդադար ու իր ռիթմով կազմակերպում հերոսների կյանքը:

 

Ժամանակն ու մարդը

Ժամանակը, պատերազմները, ճակատագրի վայրիվերումները և վերջապես սխալ կամ ճիշտ ընտրությունը փոխում են մարդուն: Պատերազմ տեսած Սեփթիմուսը, չի կարողանում հաղթահարել ընկերոջ մահը ու վերադառնալ կյանք, Փիթերը չի կարողանում հաղթահարել անցյալն ու ապրել բնականոն կյանքով, Քլարիսան բարեկեցիկ, բարձրաշխարհիկ կյանքի մեջ չի գտնում իր անձնական երջանկությունը: Սակայն բոլոր այս հերոսները ենթարկվում են կյանքի հոսքին ու գտնում իրենց փոքրիկ ուրախությունները: Միայն Սեփթիմուսն է, որ ընդվզում է անտարբերության ու քաղքենիության դեմ, նախընտրում այդպիսի կյանքին մահվամբ հաղթելու ճանապարհը: Վեպն առերեսում է ընթերցողին մեծ ողբերգություններից ու պատերազմներից հետո ապրելու բարդ խնդրի հետ:

Այստեղ նաև նրբորեն բացահայտվում են կանացի հոգեբանության գաղտնիքները, սիրո, ամուսնության, գեղեցկության, կյանքի ու երջանկության մասին պատկերացումները: Հերոսուհիները կարծես երջանիկ չեն, բայց միաժամանակ թվում է, որ զոհաբերությունների գնով գտել են իրենց տեղը, դիրքը, փոքրիկ ուրախությունները: Նրանք կարող են դաժան թվալ ու քաղքենի, հաշվենկատ և մանրախնդիր, սակայն բոլորն էլ կանայք են, որոնք սիրելու ու սիրվելու կարիք ունեն:

 

  Հայերեն

Վըրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ» վեպի հայերեն թարգմանությունը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը  2021 թ.: Թարգմանիչ՝ Վահե Արսեն

 

 Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Art 365

10.08.2021

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.