• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչո՞ւ կարդալ «Հայրը» պիեսը և դիտել համանուն ֆիլմը

Ինչո՞ւ կարդալ «Հայրը» պիեսը և դիտել համանուն ֆիլմը

Գնահատում

 

   Ֆրանսիացի դրամատուրգ Ֆլորիան Զելլերի «Հայրը» պիեսը 2014 թվականին արժանացել է «Մոլիերի» մրցանակին, որը թատերարվեստի ասպարեզում տրվող գլխավոր մրցանակն է Ֆրանսիայում:   Նաև ստացել մի շարք այլ կարևոր մրցանակներ, բեմադրվել ու բեմադրվում է տարբեր լեզուներով 45 երկրներում, նաև Հայաստանում: Ֆլորիան Զելլերի «Հայրը» ֆիլմն առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 4 և բրիտանական ակադեմիայի «Բաֆտա» մրցանակաբաշխության 6 անվանակարգերում՝ ստանալով երկու մրցանակ: 2021 թ. առաջադրվել է «Օսկարի» 6 անվանակարգում և ստացել 2 մրցանակ՝ «Լավագույն դերասանի»(Էնթոնի Հոփկինս), և «Լավագույն ադապտացված սցենարի»(Ֆլորիան Զելլեր, Քրիստոֆեր Հեմփթոն) համար:

 

Տրագիկոմեդիա, ֆարս, աբսուրդ

 

   «Հայրը», ինչպես և Զելլերի մյուս պիեսները՝ «Ճշմարտությունը», «Սուտը», «Մայրը», «Որդին», առաջին հայացքից ընտանեկան-կենցաղային կատակերգություններ կամ դրամաներ են թվում: Սկզբում դրանք ծիծաղ են շարժում, ապա գործողությունների զարգացմամբ, անհանգստացնում իրենց բարձրացրած հարցերի սրությամբ ու «անհարմարությամբ»: Ինչ որ մի հատվածից ամեն ինչ վերածվում է աբսուրդի: Եվ ամբողջ աբսուրդը կամ ավելի շուտ ողբերգությունը նրանում է, որ գլխավոր դերում դու ես, կամ անպայման կլինես:

 

«Հայրը»

 

    «Հայրը» պիեսն  ի սկզբանե շեքսպիրյան ողբերգականության  ու բեքեթյան աբսուրդի յուրօրինակ համադրություն է թվում: Հերոսը՝ մի ծերունի է Անդրե անունով(ֆիլմում՝ Էնթոնի), որ սկզբից նյարդայնացնում է իր մանրախնդրության հասնող կամակորությամբ, հայտնվում ծիծաղելի իրավիճակներում, մինչև այն պահը, երբ հասկանում ես տպավորության աղբյուրը՝ ծերություն և հիվանդություն: Հիշողության աստիճանական կորուստը հերոսին օտարում է իր ժամանակից ու մարդկանցից, մասնատում նրա էությունը կյանքի տարբեր ժամանակների մեջ: Հերոսը խարխափում է մանկության ու ծերության միջև և նրա հետ միասին խարխափում է դիտողն ու ընթերցողը, քանի որ գործողություններին հետևում է ոչ թե կողքից՝ անվտանգ հեռավորությունից, այլ ծերունու ներաշխարհից ու նրա աչքերով:  

 

Հերոսի գլխում

 

   Դրամատուրգ ու ռեժիսոր Ֆ. Զելլերին, թե՛ պիեսում և թե՛ ֆիլմում հաջողվել այնպես ներկայացնել պատմությունը՝ հերոսի աչքերով,  որ դիտողն ու ընթերցողը փախչելու տեղ չունենա և ամբողջ խորությամբ ընկալի ծերունու ողբերգությունը: Իր ժամանակից դուրս նետված հերոսը անընդհատ իր ժամացույցն է փնտրում, հիշողության պատառիկներով ձգտում վերադառանալ իրականություն, հասկանալ ընտանեկան կապերը, սակայն  էլ ավելի է խճճվում, օտարվում ու վերադառնում մանկութան աշխարհ, որտեղ էլ միակ ապաստարանը տունն է,  մոր գիրկը: Պիեսում հերոսի ներաշխարհի ու հիշողությունների խաթարումները ներկայացվում են նրա ցաք ու ցրիվ խոսքով, մարդկանց ու իրականությունը չճանաչելու պատկերներով: Ֆիլմում ազդեցությունն էլ ավելի է մեծանում դասական երաժշտության հայտնի կտորների օգտագործմամբ, տեսախցիկի դանդաղ աշխատանքով, միջանցքների, պատերի երկար ներկայացմամբ, հերոսի խոշոր պլաններով և, իհարկե, Էնթոնի Հոփկինսի ֆանտաստիկ խաղով:

 

Ժամանակի անդառնալիությունը

 

Թերևս ոչ ոք հոր կերպարը այդպես չէր կարող մարմնավորել, ինչպես Էնթոնի Հոփկինսը: Իր ժամանակից դուրս մնացած, միաժամանակ մանուկ ու ծեր մարդու կերպարը դերասանը ներկայացնում է մեծագույն վարպետությամբ, հոգեբանական դետալների նկատմամբ մեծ ուշադրությամբ: Այս ամենի արդյունքում, նրա իրականության մեջ ապրող դիտողը, նրա հետ միասին բախվում է պատերին, ելք փնտրում, փնտրում իր տունը:  Բոլորս «Մեր տունն» ենք ուզում գտնել կամ վերադառնալ, ինչպես Անդրեն կամ Էնթոնին: Փնտրում ենք այդ տունը, սակայն վերադարձն անհնար է: Մնում է միայն ապրել` նայելով պատուհանից դուրս օրորվող ծառերի տերևներին և լսել նրանց հեքիաթը ժամանակի անդառնալիության մասին.

 

ԱՆԴՐԵ — Նա այնքան… Նա մեծ աչքեր ուներ: Նա… Աչքիս առաջ է գալիս նրա դեմքը: Հույս ունեմ, որ ժամանակ առ ժամանակ նա ինձ այցելության կգա: Մայրի՛կ: Չէ՞: Դուք ասում էիք, որ հնարավոր է՝ որոշ հանգստյան օրերի նա գա…

ԿԻՆ — Ձեր աղջի՞կը:

ԱՆԴՐԵ (Անսպասելի տառապանքից վհատված) — Ո՛չ, մա՛յրս: Ես… Ես իմ մորն եմ ուզում: Իմ մորն եմ ուզում: Ուզում եմ… Ուզում եմ գնալ այստեղից: Թող գան իմ հետևից:

ԿԻՆ — Դե՛… հանգստացե՛ք:

ԱՆԴՐԵ — Ես իմ մո՛րն եմ ուզում: Ուզում եմ, որ նա գա ինձ այստեղից տանի: Ուզում եմ տո՛ւն վերադառնալ:

 

Անդրեն սկսում է բարձրաձայն լաց լինել:Կինը զարմացած է. այս տառապանքը նրա համար անսպասելի էր:

 

ԿԻՆ — Բայց… Ձեզ ի՞նչ եղավ: Անդրե՛… Անդրե՛… Ձեզ ի՞նչ եղավ: Եկե՛ք, եկե՛ք գրկեմ Ձեզ: Ասացե՛ք, թե ի՞նչ է Ձեզ հետ կատարվում…ԱՆԴՐԵ — Ե՜ս…

ԿԻՆ — Այո՞:

ԱՆԴՐԵ — Տպավորություն ունեմ… տպավորություն ունեմ, թե բոլոր տերևներս կորցնում եմ, մեկ առ մեկ…

ԿԻՆ — Ձեր բոլոր տերևնե՞րը: Ինչի՞ մասին եք խոսում:

ԱՆԴՐԵ — Բայց ճյուղեր: Եվ քամի… Այլևս չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում: Բնակարանի բոլոր այս պատմություններով հանդերձ: Այլևս չգիտենք, թե որտեղ դնել մազերը: Ես գիտեմ՝ որտեղ է ժամացույցս: Այն իմ դաստակին է: Դա ես գիտեմ: Ճանապարհի համար: Թե չէ այլևս չգիտեմ, թե ժամը քանիսին ես պետք է…

 

Հայերեն

 

Ֆլորիան Զելլերի պիեսների ժողովածուն, որտեղ ընդգրկված է նաև «Հայրը» պիեսը, հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը 2021 թ., թարգմանիչ՝ Սաթէ Խաչատրյան:

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

 

Art 365

12.05.2021

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.