• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
«Իմ ընկերոջ մասին». ֆիլմ ոչ միայն ընկերության մասին

«Իմ ընկերոջ մասին». ֆիլմ ոչ միայն ընկերության մասին

Սիրային եռանկյունի

 

«Հայֆիլմ» կինոստուդիայում 1958 թ. նկարահանված այս ֆիլմի վերնագիրը, թեև մատնանշում է հիմնական թեման, սակայն շատ ավելի հետաքրքիր են ֆիլմի ենթաթեմաները, միջավայրը, գործողությունների ժամանակը, որոնք հնարավորություն են տալիս խոսելու ընկերոջ ու ընկերության մասին: Ֆիլմի գործողությունները ծավալվում են Լենինգրադրում, Հայրենական պատերազմի նախօրյակին ու ընթացքում: Կինոպատումի կենտրոնում Լենինգրադում սովորող հայ երիտասարդ նկարիչ Ռուբենի, նրա ընկեր՝ քանդակագործ Արամի և նրանց ընդհանուր ընկերուհու՝ Կատյայի հարաբերություններն են: Ռուբենը սիրում է Կատյային, իսկ Կատյան Արամին: Սիրային այս եռանկյունին իսկական փորձություն է դառնում երիտասարդ ու պայծառ արվեստագետների ընկերության համար:

 

Տղամարդկանց ընկերությունը սուրբ է...

 

Ժամանակի գաղափարախոսական կաղապարները, իշխող մտայնություններն ու  քարոզչականությունը, իհարկե որոշակիորեն զգացվում են ու ֆիլմի սցենարը, երկխոսությունները, հերոսների հոգեբանությունը, տեղ-տեղ կարող են շինծու, պաթետիկ կամ առնվազն տարօրինակ թվալ ժամանակակից մարդուն, սակայն ֆիլմի սցենարիստ Ա. Պապայանին ու ռեժիսոր Յու. Երզնկյանին հաջողվել է հերոսների անձնական հարաբերությունները, դրանց զարգացումը ներդաշնակորեն ներկայացնել պատմական խոշոր իրադարձությունների համապատկերում: Խաղաղ կյանքն իր բախումներով մեկեն մոռացվում է,  տեղը զիջելով պատերազմին, որն իր խորը հետքն է թողնում հերոսների հոգեկան աշխարհում: Սակայն մեծ չարիքը հերոսների մեջ բացահայտում է նախկինում չերևացող հերոսականություն, մղում նրանց անձնազոհության, դաստիարակում սեր ու ներողամտություն: Ամենագլխավորը՝ գնահատել տալիս ընկերոջն ու ընկերությունը: Ռուբենը՝ անցնելով պատերազմի բովով իրապես ճանաչում է Արամին և համոզվում, որ տղամարդկանց ընկերությունը սուրբ է:

 

Սասունցի Դավիթը, Խանդութն ու Կատյան

 

Ի թիվս վերևում ներկայացված թեմաների, ուշագրավ է, որ ֆիլմի հեղինակները տարբեր կերպ սյուժեի ամբողջ ընթացքում փորձում են ներկայացնել հայ արվեստն ու մշակույթը: Ռուբենը ռուս Կատյային պատմում է «Սասունցի Դավիթ» էպոսի մասին, աղջիկը ընթերցում է գիրքը, իրեն պատկերացնում է Դավթի կին՝ Խանդութի կերպարում: Ֆիլմի վերջում ռմբակոծությունից ավերված Լենինգրադի իրենց բնակարանից Արամը գտնում է էպոսի համահավաքը ու փոխանցում Ռուբենին: Վերջինս էլ այն որպես սրբազան մասունք տալիս է Կատյային: Բացի այս Արամը Կատյային է պատմում մեր քանդակագործության մասին: Հերոսները ներկա են գտնվում երգի ու պարի հայկական անսամբլի համերգին: Այս ամենն էլ ավելի լավ է բացահայտում հերոսների հոգեբանությունը, օտար միջավայրում նրանց վարքի առանձնահատկությունները և տիպականացնում է ժամանակը:

 

Դերասանական կազմը

 

Գլխավոր դերում՝ հայ կինոյի լեգենդ Խորեն Աբրահամյանն է՝ իր կերպարներին բնորոշ առնականությամբ, իմպուլսիվ բնավորությամբ, մոլորություններով ու ուղղումներով: Արամի դերը մարմնավորել է հետագայում հայտնի խորհրդային դերասան՝ Յուլիան Պանիչը: Կատյայի դերում՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի՝ Տատյանա Պիլեցկայան է: Ֆիլմի երիտասարդ դերակատարները 1950-ականների կինոյին բնորոշ խոշոր ու անշարժ պլաններում կարողանում են իրենց լավագույնս դրսևորել, թեև հիմնականում մնում են  ժամանակի կինոարվեստին բնորոշ դերասանական խաղի կաղապարներում:  

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝

 

 

Art 365

09.08.2022

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.