• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչո՞ւ դիտել Վիմ Վենդերսի «Փարիզ, Տեխաս» ֆիլմը

Ինչո՞ւ դիտել Վիմ Վենդերսի «Փարիզ, Տեխաս» ֆիլմը

Հեռավոր թվացող 1984 թվականի Վիմ Վենդերսի նկարահանած «Փարիզ, Տեխաս» (Paris, Texas) ֆիլմը հիշողության, ճանապարհի, կորստի, մեղքի ու  օտարացման մասին էքզիստենցիալ դրամա է։ Այն կինոյի պատմության նշանակալից ֆիլմերից է, որի գեղագիտությունը, յուրահատուկ մթնոլորտը ներշնչման աղբյուր են դարձել բազմաթիվ ռեժիսորների համար։ Պատահական չէ, որ ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի Ոսկե արմավենի մրցանակին։

 

Մեծ աշխար, մեծ անապատ

 

Ֆիլմը սկսվում է անապատից դուրս եկող մոլորված մարդուն ներկայացնող տեսարանով։ Գլխավոր հերոս Թրեվիսը (Հարրի Դին Սթենթոն)՝ լուռ, հոգնած, արևից այրված, քայլում է Տեխասի անծայրածիր ու ամայի վայրերում։ Թվում է, թե նա քաղաքակրթություն է փնտրում, կամ գոնե սնունդ ու ջուր, սակայն իրականում փորձում է գտնել  կորսված հիշողությունը։ Փորձում է գտնել իր փնտրումների նպատակը, գուցե տուն վերադառնալ, սակայն հիշողության աստիճանական վերադարձի հետ վերադառնում է նաև գործված մեղքի գիտակցումը, որն էլ կրկին սպառնում է հերոսին նետել մոռացման տարածքներ։

 

Ի՞նչը մոռանալ և ի՞նչը հիշել

 

Ֆիլմի սյուժեն պարզ է։ Հերոսին գտնում եղբայրը և իր հետ Լոս Անջելես տանում։ Այստեղ էլ Թրեվիսը գտնում է որդուն ու ցանկանում վերգտնել հայրությունը, սակայն ապարդյուն։  Ֆիլմի վերջին տեսարաններում հերոսների՝ նախկին ամուսինների՝ Թրեյվիսի ու Ջենիի (Նաստասյա Կինսկի) երկարաշունչ մենախոսություններից պարզ է դառնում է, որ սիրո, խանդի, բռնության հետևանքով հերոսը կորցրել է ընտանիքը։ Նա տարիներ շարունակ ապրել է մեղքի զգացումով։ Այդ կործանարար զգացումը մոռանալու միակ ճանապարհը դարձել է ավելի վաղ, նույնիսկ մինչ ծննդյան անցյալ վերադարձն ու ճանապարհը, որը գուցե մի օր հասցնի հենց այդ՝ մինչծննդյան ապահով վայրերը, խորհրդավոր ու  խորհրդանշական Փարիզը՝ Տեխաս նահանգում։

 

Ճանապարհ դեպի Փարիզ

 

Ֆիլմը մի երկար ճանապարհ է՝ road movie, որտեղ կարևոր են ոչ թե գործողություններն ու խոսքը, այլ լռությունը, հայացքները, զգացածն ու չասվածը։  Երկար ու ամայի տարածությունները, լռությունը ընդարմացնում են ոչ միայն հերոսին այլև ֆիլմը դիտողին։ Վենդերսը պատումը վերածում է մեդիտացիայի, որի ժամանակ աստիճանաբար հասկանում ես,  թե ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ նա կորցնում է տունը, ընտանիքը և, ի վերջո, ինքնությունը։

 

Մեծ երկիր, մեծ կորուստներ

 

Միացյալ նահանգները ֆիլմում ներկայացված չէ որպես երազանքի երկիր։ Այն ամայի ու անվերջանալի մայրուղիների, նեոնային ցուցանակներով  մոթելների, բենզալցակայանների և դատարկ հորիզոնների երկիր է։ Վիմ Վենդերսը, որպես եվրոպացի ԱՄՆ-ին  նայում է  հիացմունքով, միաժամանակ ձանձրույթով ու տխրությամբ։ Նրա հայացքով  ամերիկյան բնապատկերը դառնում է մարկանց միայնությունն ընդգծող միջոց։ Միայնությունն էլ ավելի է շոշափելի է դառնում Ռայ Քուդերի կիթառային պրկվող ու ընդհատվող մելամաղձոտ մեղեդու ուղեկցությունը։

 

Դատապարտված մենության

 

Ֆիլմի վերջին տեսարաններում հայելային միջնորմով բաժանված սենյակում հերոսների չստացվող զրույցը ու այդպես էլ չստացված հանդիպումը մտածել է տալիս, որ անցյալ վերադարձ հնարավոր չէ, իսկ մարդը դատապարտված է  հավերժական փնտրումի ու մենության։ Նույնիսկ մեծ ու աղմկոտ քաղաքներում դատապարտված է հավերժական թափառումների, քանի-դեռ չի գտել գոյության իմաստն ու նպատակը և կորցրել է սերը։  

Hayk Hambardzumyan

12.05.2026

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.