• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ուլտրամարին․ աշխարհի ամենաթանկ գույնը

Ուլտրամարին․ աշխարհի ամենաթանկ գույնը

Գեղանկարչության պատմության մեջ կան ներկանյութեր ու դրանցից ստացվող գույներ, որոնք ուղղակիորեն անդրադարձել են նկարչության զարգացման վրա։ Դրանք ավելին են քան գույները։ Այդպիսին է ուլտրամարինը՝ խոր, թավշյա կապույտը, որը դարեր շարունակ համարվել է աշխարհի ամենաթանկ գունանյութերից մեկը։

«Ուլտրամարին» բառը ծագում է լատիներեն ultramarinus բառից, որը նշանակում է «ծովից այն կողմ»։ Անվանումը պատահական չէ. գունանյութը ստացվում էր թանկարժեք լաջվարդ քարից, որը Եվրոպա էր հասնում հիմնականում ներկայիս Աֆղանստանի լեռներից՝ անցնելով երկար ու վտանգավոր առևտրական ճանապարհներով։ Միայն այդ ճանապարհն արդեն գույնին բացառիկ արժեք էր տալիս։

Միջնադարում և Վերածննդի դարաշրջանում ուլտրամարինը հաճախ ավելի թանկ էր, քան  ոսկին։ Նկարիչները չէին կարող այն ազատորեն օգտագործել. պատվիրատուները նույնիսկ պայմանագրերում նշում էին, թե որքան ուլտրամարին պետք է օգտագործվի նկարում։ Այդ պատճառով այն օգտագործվում էր ամենակարևոր և խորհրդանշական հատվածներում։

Տիցիան

 

Ավելի հաճախ ուլտրամարինով պատկերվում էր Սուրբ Տիրամոր՝ Կույս Մարիամի թիկնոցը։ Այդ  կապույտը խորհրդանշում էր երկինքը, անապակությունը, հավերժությունը և աստվածային իմաստությունը։ Այսպիսով գույնը  ստանում է  ոչ միայն տեխնիկական կամ գեղագիտական, այլև աստվածաբանական նշանակություն։

Ֆիլիպո Լիպպի

Իտալական արվեստում առաջինը Ջոտտո դի Բոնդոնեն իր որմնանկարներում ուլտրամարինի օգտագործմամբ կարողացավ ստանալ երկնքի պատկերման բացառիկ  խորություն։ Նրա կապույտ երկինակամարները ոչ միայն ֆոն էին, այլև հոգևոր տարածություն, որտեղ տեղի էին ունենում սրբազան իրադարձությունները։

Վերածննդի մեծ վարպետները՝ Տիցիանը, Ռաֆայելը և այլ նկարիչներ, ուլտրամարինը կիրառում էին ոչ միայն կրոնական, այլև աշխարհիկ թեմատիկայով ստեղծագործություններում՝ այն դարձնելով շքեղության, ազնվականության և  վեհության նշան։

17-րդ դարում Յ․ Վերմեերը դարձավ ուլտրամարինի ամենանշանավոր վարպետներից մեկը։ Նրա նկարներում նույնիսկ ստվերներն են հաճախ պարունակում այս թանկարժեք գունանյութը։ Դրա շնորհիվ կտավները ձեռք են բերում զարմանալի լուսավորվածություն։ Վերմեերի կապույտը երբեք պարզապես կապույտ չէ. այն լռության, հավասարակշռության և հոգևոր պայծառության գույնն է։

19-րդ դարի սկզբին իրավիճակը փոխվեց։ Ֆրանսիացի քիմիկոսներին հաջողվեց ստեղծել սինթետիկ ուլտրամարին, որը գրեթե նույն բնույթն ուներ, սակայն անհամեմատ մատչելի էր։ Գույնը դարձավ հասանելի բազմաթիվ նկարիչների, և կապույտի «արքայական մենաշնորհը» ավարտվեց։

Սակայն, նույնիսկ դրանից հետո ուլտրամարինը չկորցրեց իր  հեղինակությունը։ 20-րդ դարում Իվ Քլայնը ստեղծեց իր հայտնի խոր կապույտ երանգը՝ International Klein Blue-ն, և ամբողջ ստեղծագործական աշխարհը կառուցեց այդ մեկ գույնի շուրջ։ Նրա համար կապույտը անսահմանության, դատարկության և հոգևոր ազատության խորհրդանիշն էր։

Այսօր ուլտրամարինը հանդիպում է ոչ միայն գեղանկարչության, այլև դիզայնի, ճարտարապետության և նորաձևության մեջ։ Այն շարունակում է ասոցացվել խորության, վստահության, մտքի, լռության և անսահմանության հետ։

Ուլտրամարինի պատմությունը հիշեցնում է, որ երբեմն արվեստում ամենաթանկը ոչ թե սյուժեն է կամ նյութը, այլ այն գույնը, որով նկարիչը կարողանում է փոխանցել մարդու հայացքից անդին գտնվող աշխարհը։ Դարեր շարունակ այդ դերը կատարել է հենց ուլտրամարինը՝ գույն, որը միաժամանակ պատմում է երկրի ընդերքի,  հավատքի և արվեստի՝ դեպի երկինք  հավերժ ձգտման մասին։

Art 365

25.06.2026

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.